Գերդաստաններ

Սրտի խորքում պեղել ասելիքը և հանձնել կտավին. ժամանակի շունչը` Սեդրակ Առաքելյանի կտավներում․ «Գերդաստաններ»

Նա իմպրեսիոնիզմի հիմնադիրներից էր Հայաստանում: Շարունակելով նախորդ  դարաշրջանի ավանդույթները` նա միաժամանակ արձագանքեց ժամանակի նորարարական  ազդակներին։ Աշխատելով բնության գրկում՝ նկարիչը լայն վրձնահարվածներով կտավին էր  հաղորդում հարափոփոխ բնության կենդանի շունչը։

Իսկ նրա որդու բնանկարները սփռվեցին աշխարհով մեկ՝ կրելով իրենց մեջ չքնաղ երկրի մի մասնիկը։

Հայտնի է, որ  արհեստը ոչ միայն հացի տեր է դարձնում, այլև ճանապարհ է հարթում տարբեր ոլորտներում հրաշալի մասնագետ դառնալու համար։

Եվ այս հանգամանքը նկատի  ունենալով՝ Նախիջևանի Ջահուկ գյուղի հողագործ Առաքելը Սեդրակ անունով որդուն ուղարկեց Թիֆլիս` դերձակ եղբոր մոտ արհեստ սովորելու։ Սեդրակը սովորեց, բայց աշխատանքի կարճ ընդմիջումներին նա նկարում էր։

Մի օր աշխատավայրում նկարելու պահին նրան նկատեց թիֆլիսցի նկարիչ Հենրիխ Գրինևսկին և վերցրեց իր խնամքի տակ, օգնեց ընդունվել Թիֆլիսի գեղանկարչության  և քանդակի դպրոց։

Այստեղ նրա ուսուցիչն էր արդեն հայտնի նկարիչ Եղիշե Թադևոսյանը, որն իր հմայիչ բնանկարներով մեծ դեր խաղաց Սեդրակի ստեղծագործական ուղու ձևավորման վրա։ Սա  այն շրջանն էր, երբ ապագա նկարիչը մեծ ցնցում ապրեց, քանի որ Նախիջևանում 1919-20-ականների  ջարդերի ժամանակ թուրքերի կողմից սպանվեցին նրա հայրը, ավագ քույրը և երկու եղբայրները, իսկ մայրը՝ երկու անչափահաս զավակների հետ, ստիպված էր փախչել հյուսիսային Կովկաս և  հանգրվանել որդու՝ Սմբատի մոտ։

Կարճ ժամանակ անց Սեդրակ Առաքելյանին ճանաչեցին Թիֆլիսում։ Նրա արվեստի  գեղարվեստական սկզբունքները և ոճը ձևավորվել են դեռևս վաղ  ստեղծագործական շրջանում՝ մեծապես պայմանավորված առաջին ուսուցչի՝ Եղիշե Թադևոսյանի գեղանկարչության ազդեցությամբ։

Տարիների ընթացքում, իհարկե, ձեռք բերելով համարձակություն ու ազատություն՝ նա աչքի ընկավ կատարյալ ինքնատիպությամբ։ Եվ շուտով ժամանակի հայտնի նկարիչները սկսեցին կապ տեսնել ֆրանսիացի գեղանկարիչների արվեստի և Սեդրակ Առաքելյանի  ստեղծագործությունների միջև։ Այդ կապի հիմքը բնության հանդեպ ունեցած աշխարհայացքային նմանությունն էր, դրա բանաստեղծական մեկնաբանումը, գունաօդային ասպեկտի նկատմամբ հետաքրքրությունը։

Նրա նկարչական արվեստում սկսեցին մեծ դեր խաղալ իմպրեսիոնիստների գեղարվեստական սկզբունքները։ Նրա կենդանի  վրձնահարվածները սկսեցին գրավել շատերին` ասում է արվեստաբան Լիլիթ  Սարգսյանը։

Նկարչի հայտնի գործերը՝ օրինակ «Բամբակահավաքը», «Հաց են թխում», «Ցորեն են ծեծում», «Գիշերը գետափին», «Գետակի վրա կռացած  ծառեր», Զանգու գետը» և շատ ու շատ այլ ստեղծագործություններ, որոնք պարբերաբար ցուցադրվում են, իրենց կոլորիտային հիանալի արտահայտչականությամբ  հիացնում են, մոխրամանուշակագույնն ու վարդագույնը ձուլվում են միմյանց և ստեղծում մի յուրահատուկ տոնային շղարշ։

Տաղանդավոր նկարիչը կյանքից շուտ հեռացավ, և դրա պատճառը ընտանիքի  անդամները համարում էին շատ ծխելը։

Սեդրակ Առաքելյանին անսահման ուրախություն պատճառեց որդու ծնունդը։  Չգիտես ինչու նրան թվում էր, որ գերդաստանում ծնվել է ևս մի նկարիչ։ Եվ, իրոք, ճակատագիրը բարեհաճ գտնվեց  նրա նկատմամբ։  Արիկը, ինչպես անվանեցին  նրան, մեծացավ  տուն-արվեստանոցում ու ներկերը, լուծիչի հոտն ու հոր կտավները դարձան այն շաղախը, որը հետագայում հնարավորություն տվեց կառուցել սեփական գեղանկարչական համակարգը։

Պատանի Առաքելը ոսկե ձեռքեր ուներ։ Նա հաճախում էր էլեկտրատեխնիկական և ավիամոդելային խմբակների, բայց  նրա առջև բացվում է ընտանեկան  արահետը, նա սկսում է հաճախել Փանոս Թերլեմեզյանի  անվան ուսումնարան։ Սեդրակը  միանգամից  ընտրում է բնապատկերն ու մինչև վերջ հավատարիմ մնում իր ընտրությանը։

Որդին՝ Սեդրակ Առաքելյան կրտսերը, պատմում է, որ հայրը լավ երգում էր և  նվագում, հմայիչ էր և արտիստիկ կեցվածք ուներ։

Վիսոցկու հետ ունեցած հոր հանդիպումը մնացել է իր հիշողության մեջ։ Երբ մի անգամ Վիսոցկին եկել է հայրիկի՝ Առաքել Առաքելյանի արվեստանոց, այնպես է  ստացվել, որ երգի կեսից  չի կարողացել շարունակել երգել։ Կիթառը վերցրել է նկարիչը և շարունակել, իսկ Վիսոցկին շատ հավանել է կատարումը և գնահատանքի խոսքեր ասել։ 

Առաքել  Առաքելյանին միշտ ձգում էր ծննդավայրը՝ Եղեգնաձորը, իր  բնաշխարհով, առատ ձկներով ու գետերով։ Նա ձկնորսության սիրահար էր, բայց ձկնորսության պահին ոչինչ չէր նկարում, ասում էր, որ հանգստանում է։

Նկարիչը ուներ տեղանքի հիշողություն, որը փոխանցվել էր գեներով։ Նա սրտին ու հոգուն հարազատ թեմաներ էր ընտրում՝ տարբեր տրամադրությամբ ու մտքերով։ Լուսային էֆեկտների և գույների յուրօրինակ ընկալում ուներ։

Նա ավելացրեց  մի  լուսավոր շող հայկական  նկարչական  արվեստում՝ ոչ շլացուցիչ, բայց  մեղմ ու հմայիչ։

Առաքել Առաքելյանի դուստրը՝ Անուշ Առաքելյանը, ճանաչված նկարչուհի է։ Նա այս գերդաստանի  նկարիչների երրորդ սերունդն է ներկայացնում։ Նկարչուհին   մտքերն ու հույզերը կտավին է հանձնում նոր գույներով ու նոր ձևերով։ Նա իր հետաքրքիր և ուրույն քայլերն է անում ժամանակակից  արվեստում։

 Սեդրակ Առաքելյան ավագն ասում էր. «Նկարիչն իր սրտի խորքում պետք է պեղի ասելիքը և հանձնի կտավին»։

Back to top button