Սփյուռքի ձայնը

Սփյուռքում այսօրվա պայքարը անտարբերության դեմ է․ «Սփյուռքի ձայնը»

Այսօր Հայաստանը սեփական հարցերը ներկայացնեու համար հարթակներ ինքը պետք է ստեղծի, կարծում է ամերիկահայ Աննա Օհանյանը։ Նա Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է, Քարենեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող։ «Փոքր երկրները, ինչպես Հայաստանը, պետք է տարբեր աշխատանքներ տանի՝ հատկապես արտաքին քաղաքական դաշտում և որքան հնարավոր է շատ, որքան հնարավոր է արդյունավետ»,- ասում է նա։

Աննան մասնակցում էր հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացված Համաշխարհային համահայկական գագաթնաժողովին, ինչպես և Հայկ Խանամիրյանը՝ Նիդեռլանդներից Սփյուռքի երիտասարդ դեսպանը։

Հայկը մտահոգված է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով։ «Այսօր մի քանի կարևոր խնդրի լուծման անհրաժեշտություն կա սփյուռքում, սակայն ամենից կարևորը և առաջնայինը՝ Արցախի հարցի կարգավորման շուրջ մեր գործողություններն են։ Սփյուռքի երիտասարդները, որքան էլ գիտակցում են հայրենիքի դժվարությունները, սակայն վտանգը ամբողջությամբ զգալ չեն կարող։ Անհրաժեշտ է այդ գիտակցությունը հասցնել նրանց»,- ասում է Հայկը։

Որո՞նք են սփյուռքի առաջնահերթությունները։ Սփյուռքի առաքելություններից կարևորը՝ արցախահայերի ձայնը, կարգավիճակի հարցը միջազգային հանրությանը հասցնելն է` ընդգծում է Աննա Օհանյանը։

Հայկը Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի շրջանակներում փորձում է համախմբել Նիդեռլանդների հայ երիտասարդությանը։ «Եթե անտարբերությունը հանենք մեր մեջից, եթե սրտացավ մոտենանաք շատ հարցերի, մեր գործունեությունը հաջողված կհամարենք»,- վստահ է նա։

Back to top button