Վերնատուն

Հետազոտողի հայացք՝ խորհրդային ժառանգությանը. ով է Ռուբեն Ֆիլյանը․ «Վերնատուն»

Արձակագիր Արամ Պաչյանը խոսում է երևանյան 70-ականների բոհեմի վառ դեմքերից մեկի՝ արձակագիր Ռուբեն Ֆիլյանի ստեղծագործության առանձնահատկությունների ու արդիականության, խորհրդային ժառանգության վերանայման կարևորության մասին։

Արամ Պաչյանը կարևորում է հետադարձ հայացքը անցյալին՝ հասկանալու համար, թե ի՞նչ տեղի ունեցավ մեզ հետ, ի՞նչ ենք ժառանգել անցյալից և ի՞նչն ենք ուրացել։ «Լրջագույնը ճանաչողության խնդիրն է, ե՞րբ ենք համարձակվելու ինքներս մեզ ճանաչել, և միակ ճանապարհը, կարծում եմ դեպի հիշողությունը շրջվելն է։ Խորհրդային արվեստից մինչև կեցություն, ոչ թե պետք է բացասական ոսպնյակով նայել, այլ՝ հետազոտողի հայացքով՝ առանց հույզերի», – ասում է Արամ Պաչյանը։

«Ռուբեն Ֆիլյանի գրականությունը ինձ համար չի սպառվում, այն բազմաշերտ է և՛ ժամանակի մեջ է, և՛ ժամանակից դուրս։ Նա իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկն էր՝ խորը, լեզուների իմացությամբ, իր գրականությունն էլ՝ կտրուկ փոփոխություններով», – ասում է Արամ Պաչյանը՝ խոսելով սիրելի հեղինակի ստեղծագործության մասին։

Ռուբեն Ֆիլյանը ծնվել է Երևանում, ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 80-ականներին հեռանալով Խորհրդային Հայաստանից՝ հաստատվել է Փարիզում, շրջել Եվրոպայում, ապա ուղևորվել Հնդկաստան՝ հաստատվել Գոա նահանգում, որտեղ էլ 30 տարեկան հասակում ընդհատվում է կյանքը։ Խորհրդային տարիներին նրա որոշ գործեր տպագրվեցին «Գարուն» ամսագրում։ Հեղինակի ստեղծագործություների գիրքն առաջին անգամ ամբողջական տպագրվեց հետմահու՝ 1992 թվականին։

«Հայոց պատմության վերարժևորման, ոճի սահմանը անցած, մոդեռնիստական հնարքներով և բառախաղերով վեպ է, և միայն ոճի համար չէին տպի նրան։ Շատ բան ունի բացահայտելու ընթերցողը, եթե այսսօրվա ծույլ ընթերցողը քաջություն ունենա ընթերցելու այս գրքերից գոնե մեկը», – ասում է Պաչյանը։

Իրականության մասին ողջախոհ պատկերացում ունենալու համար, պիտի կարդանք ու ճանաճենք մեր հեղինակներին՝ վստահ է Արամ Պաչյանը։ Ռուբեն Ֆիլյանի գրական ողջ ժառանգությունն ամփոփվել է 3 գրքում՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» պատմվածքների ժողովածուն, «Քո երկրի դեսպանը» վեպը և հնդիկ փիլիսոփա՝ Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանին» գործը, որը լույս է տեսնում առաջին անգամ։

Back to top button