Ծովահայեր

«Мрія»՝ հայոց սարերի ուկրաինական «երազանքը». «Ծովահայեր»

Գյումրիից դեպի Բավրա՝ Վրաստանի սահման, ավտոճանապարհից ոչ հեռու, գետնի տակից մի քանի մետր բարձրությամբ ջուր է ժայթքում։ Այդ ջուրը գազավորված է։

Այդ ջրի քիմիական կազմը որոշել են դեռ 1978-ին, Խորհրդային Հայաստանի առողջապահության մինիստրության Կուրորդաբանության և ֆիզիկական մեթոդներով բուժման գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիկոքիմիական լաբորատորիայում։

Ջրում՝ լիթիումի, կալիումի, նատրիումի, կալցիումի, մագնիումի, սիլիկաթթվի, ածխաթթու գազի պարունակությունը հիմք է հանդիսացել ջուրը շշալցելու և շահութաբերություն ակնկալելու։ 

Գործարանը կառուցվելու էր նախկին Ղուկասյանի շրջանի, այսօր՝ Աշոցքի Վարդաղբյուր գյուղի տարածքում, շինարարության համար նախատեսված էր մոտ 2 մլն ռուբլի, իսկ հանքային ջրի տարեկան արտադրական ծավալը կազմելու էր 20 մլն շիշ։

Նախագծային աշխատանքները կատարվել էին 1989-ին, 1990-ին մեկնարկելու էր գործարանի շինարարությունը 1991-ին՝ ավարտվելու։

Գազավորված ջրի գործարանը պետք է կառուցվեր ուկրաինական ներդրումներով, Աշոցքի բնակիչների համար աշխատատեղեր և գործարարների համար էլ շահույթ ապահովեր։ Շշալցված ջուրը կրելու էր «Мрія» պիտակը, ինչն ուկրաիներեն նշանակում է  երազանք։

1988-ի աղետից հետո վերքերը բուժող Շիրակում կոմկուսի առաջին քարտուղարն էր Արարատ Գոմցյանը, ում նախաձեռնությամբ և ուկրաինացի գործընկերների ներդրումներով դաշտերում ճահճացող ջուրը բիզնես գաղափարի էր վերածվել։

Պատասխանատվության մի կարևոր բաժին կիսում էր այդ տարիներին Ախուրյանի շրջանի ագրոքիմիական լաբորատորիայի տնօրեն Անտոն Ասոյանը։

Երազանքի իրականացման ճանապարհի դժվարությունները Անտոն Ասոյանի հետ կրել է կինը՝ Սուսաննա Մնոյանը։

Աշոցքի հանքային ջրերի գործարան ապրանքանիշը շրջանառվեց միայն փորձնական չափաբաժնով ու դուս չեկավ միջազգային շուկա` ինչպես նախատեսված էր ի սկզբանե։ 

Այսօր էլ Աշոցքի Զույգաղբյուրի տարածքում ցայտող ու հանդերում նարանջագույն ավազան ստեղծող ճահճացող ջրի հանդեպ գործարարների հետաքրքրվածություն կա, սակայն գործնական արդյունքը դեռ շոշափելի չէ։

Անկատար երազանքի ճանապարհի ուշագրավ դրվագները «Ծովահայերի» տաղավարում Անտոն Ասոյանն ու Սուսաննա Մնոյանն են պատմում։

Back to top button