Վերնատուն

Նկարիչների միությունը ակտիվ պահել՝ թարմ և նոր գաղափարներով․ «Վերնատուն»

Մենք համակարգում ենք 1200–ից ավելի նկարիչների, և պիտի աշխատենք հնարավորինս ակտիվ լինել, թարմ և նոր գաղափարներով հանդես գալ, որպեսզի Աբովյան 16 հասցեով անցնելիս յուրաքանչյուր մարդ ցանկություն ունենա մտնել Նկարիչների միություն` ասում է Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) 20–րդ համագումարին ընդառաջ՝ Սուրեն Սաֆարյանը խոսում է նախորդ տարիներին իրականացված և չիրականացված ծրագրերի, առաջիկա անելիքների մասին։ Նկարիչների միությանն անդամագրվելու դիմումներն այս տարիների ընթացքում ակտիվացել են։

Տարեկան 50 և ավելի հայտեր են ներկայացվում, սակայն ըստ նախագահի՝ ընտրությունը խստացել է, և նրանցից քչերն են կարողանում ընդունվել միության շարքեր։ Սուրեն Սաֆարյանը, խոսելով այս տարիների ընթացքում իրենց իրականացրած ծրագրերի մասին, նշում է, որ ցուցահանդեսներից բացի միությունը կազմակերպում է վարպետության դասեր, արվեստաբանական դասախոսություններ, հանդիպումներ մշակութային գործիչների և արտերկրից ժամանած հյուրերի հետ։

Խոսելով չիրականացված ծրագրերի մասին՝ նշում է, որ համավարակի ու պատերազմի ընթացքում միությունը դադար ունեցավ․ չհաջողվեց լիովին և միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնել ցուցասրահները։ Լուսավորության, ջեռուցման և հատակի հետ կապված խնդիրները մանրուք չեն․ դրանք կարևոր են որակյալ ցուցահանդեսներ կազմակերպելու համար։

Ժամանակին համահունչ լինելու համար ստեղծագործողները պետք է իրազեկված լինեն, թե ինչ է կատարվում աշխարհում, կարևորեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի դերն ու «Արվեստանոց» պարբերականի գործունեությունը։

Ինչ վերաբերվում է արվեստագետների սոցիալական կարգավիճակի, արվեստանոցների ձեռքբերման խնդիրներին՝ Սուրեն Սաֆարյանը նշում է, որ օրենքի մեջ չկան արվեստագետի մասին համապատասխան կետեր։ Երբ օրենքում փոփոխություններ արվեն, շատ խնդիրներ լուծում կստանան։

Սուրեն Սաֆարյանը, որը նկարիչների միության նախագահի միակ թեկնածուն է, կետ առ կետ նշել է իր առաջնահերթ անելիքները, որոնք ընտրվելուց հետո նպատակ ունի իրագործել․ ՀՆՄ–ն միջազգային մշակութային ասպարեզում տեսանելի դարձնելն է, մարզային մասնաճյուղերն ակտիվացմանն ուղղված նախագծերի, հայաստանյան միջազգային կառույցների հետ համատեղ մշակութային նախագծերի իրականացումը, ՀՆՄ անդամների ցուցահանդեսների կազմակերպչական և տպագրական աշխատանքների աջակցումը և այլն։

Back to top button