Սփյուռքի ձայնը

Հայաստանը ճանաչելի դարձնել օտարներին․ «Սփյուռքի ձայնը»

2020 թվականի պատերազմից հետո մեր հայրենիքին օգտակար պետք է լինենք, միաբերան ասում են սփյուռքահայ կամավորներ դեղագետ Մարի Վուրին Ֆրանսիայից և անգլերենի մասնագետ ու նաև փրկարար Հակոբ Բաղումյանը ԱՄՆ-ից։

Երիտասարդները տարբեր ժամանակ են եկել Հայաստան։ Մարին աշխատում է ֆրանսիական մի կազմակերպությունում, նաև բժշկական կենտրոններից մեկում, իսկ Հակոբը` «Հետք» ինտերնետային թերթում և «Դեպի Հայք» կազմակերպությունում։

«Բազմաթիվ անգամ ենք մտածել Հայաստանում աշխատելու մասին։ Հաճախ ենք եկել, սակայն 44-օրյա պատերազմից հետո մի բան փոխվեց մեր ներաշխարհում․ պետք է ներկայություն ունենանք մեր հայրենիքի խնդիրների լուծման մեջ, պետք է օգտակար լինենք մեր հմտություններով և տարբերվող փորձով»,- ասում են նրանք։

Մարի Վուրիի հայրը ֆրանսիացի է, բայց վարժ խոսում է հայերեն։ «Երբ հայրս ամուսնացավ մորս հետ, սիրեց նրան, սիրեց նաև Հայաստանը։ Ասում էր` կնոջս և աղջկաս զրույցները չեմ հասկանում, պետք է սովորեմ հայերեն։ Այսօր լավ խոսում, գրում, կարդում է հայերեն»,- պատմում է Մարին։

Նա Ֆրանսիայում հաճախել է հայկական դպրոց։ Ասում է, որ թեև հայ ընկերները քանակով զիջում են օտարներին, սակայն նրանց հետ ընկերությունն ավելի խորն է ու կարևոր։ «Օտար ընկերներիցս շատերը, որոնց պատմել եմ իմ հայրենիքի մասին, ուզում են գալ Հայաստան։ Կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է օտար հասարակություններին, հատկապես երիտասարդներին մեր մասին խոսելու և մեզ ճանաչելի դարձնելու համար»,- ասում է Մարին։

Հակոբը, որի շրջապատում նույնպես գերակշռում են օտարները և նրան ճանաչում են Ջակ անվամբ, նշում է, որ ամեն բան սկսվում է կրթությունից։ «Ինչ գիտենք մենք մեր մեծերի մասին, մեր երկրի մասին։ Այդ խնդիրը կա ոչ միայն սփյուռքում, այլ նաև Հայաստանում»,- ասում է։

Հակոբը վստահ է, որ այսօր սփյուռքահայ շատ երիտասարդներ, նաև ինքը, կարող են Հայաստանը ճանաչելի դարձնել օտարներին։ Համոզված է, որ այդ ամենին կարող է նպաստել նաև մեր՝ տվյալ երկրներում լավ քաղաքացի լինելու հանգամանքը։

Երիտասարդները Հայաստանում են կամավորական ծրագրերով։ Նրանք ունեն հետաքրքիր մտքեր և մեծ ցանկություն՝ իրենց գիտելիքները, հմտություններն ու ներուժը Հայաստանում ներդնելու համար։ Ինչպե՞ս ներկայացնել մեր երկիրը օտարներին, ինչպե՞ս խթանել Հայաստան այցելությունները․ հարցերի պատասխանները հարցազրույցում։

Back to top button