ԿարևորՀասարակություն

Եվրոպացի պատգամավորները սյունեցիներին ասել են, որ դառնալու են նրանց ձայնը Եվրախորհրդարանում

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներից հետո Սյունիք են այցելել Եվրախորհրդարանի պատվիրակները։ Նրանք տեղում  ծանոթացել են Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքներին  և «Ռադիոլուր»-ի Սյունիքի մեր թղթակցի հետ զրույցում նշել, որ փորձելու են դառնալ սյունեցիների ու հայերի ձայնը Եվրախորհրդարանում, որպեսզի պարզվի, թե ով է իրական ագրեսորը։                                                                                  

Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենի  գլխավորած պատվիրակությունը՝  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ Սյունիքում էր։ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները։ Խնդիրները շատ են․ վնասվել են  բնակավայրեր, ենթակառուցվածնքեր, տուժել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչները։ Առուշանյանը եվրապատվիրակներին հորդորեց չհավատալ Ադրբեջանի անհիմն հայտարարություններին, թե իբր առաջինը հայկական կողմն է կրակում։


«Տրամաբանությունը շատ պարզ է․ եթե մեր կողմից փամփուշտ է կրակվում, ապա դա պատասխան է հակառակորդի կողմից մեր խաղաղ բնակիչներին կրակող փամփուշտին, քանի որ այսօր հայ–ադրբեջանական սահմանը այդ իրավիճակում է։ Այսինքն՝ ոչ միայն մեր սուվերեն տարածք են ներխուժել, այլև թիրախավորում են մեր խաղաղ բնակիչներին։ Հետևաբար, նրանց գործողությունների հետևանքով թիրախավորվում է ոչ միայ ն սահմանին կանգնած զինվորը, այլ նաև՝ խաղաղ բնակչությունը»։

Եվրախորհրդարանի պատգամավորները եղան Ակներ բնակավայրում։ Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ավերվել է Էդգար Սալբունցի առաձնատունը։ Պայթյունի ձայներ լսելով՝ ընտանիքի անդամները թաքնվել են հարևանի նկուղում։ Արկը վնասել է տանիքը․ այն ամբողջովին այրվել է։

Էդգար Սալբունց․ «Այստեղ ննջասենյակն է եղել․ մահճակալը, բանը չկան։ Սաղ հալվել,  թափվել ա։ Կրիշս պաժար ա ընկել։ Հիմնական հետևի պատին ա խփել։ Տունս լրիվ ասկոլկեք են։ Եթե հավաքեմ, մի 10 կիլո կլինի, մի էդքան էլ հավաքել, տարել են»

Արկի մի քանի բեկոր էլ Եվրախորդարանի իտալացի պատգամավոր  Ֆաբիո Մասիմո  Կաստալդոն վերցրեց։ Ասաց, որ գործընկերներին ցույց տա՝ պատմելով  տեսածն ու զգացածը։

«Մենք փաստորեն մեր աչքերով կարողացանք տեսնել, թե ինչ է այստեղ կատարվում, իրավիճակը արձանագրեցինք, տեսանք տներ, որոնք գնդակոծվել են Ադրբեջանի կողմից, տեսանք, թե ինչպես է այդ ամենն  ազդել մարդկանց առօրյայի վրա։ Նաև տեսանք, թե ինչքան մոտ է դարձել սահմանը, որովհետև ադրբեջանցիները օկուպացրել են Հայաստանի սուվերեն տարածքը, և մարդիկ,  փաստորեն, վտանգի առաջ են կանգնած»։

Իտալացի պատգամավորը վստահ է, որ կկարողանան միջազգային հանրությանը  բացատրել, թե ով է իրական ագրեսորը։ Լսենք Ֆաբիո Մասիմո Կաստալդոյին․

«Մեր նպատակն է դառնալ այս մարդկանց ձայնը,  ներկայացնել նրանց խնդիրները՝ Եվրամիությանը կոչ անելով պատշաճ արձագանքել իրավիճակին։ Օրինակ՝ Ուկրաինայի պարագայում Եվրոպական միությունը ճիշտ դիրքորոշում որդեգրեց։ Ադրբեջանի դեպքում էլ Եվրոպական միությունը պետք է սանկցիաներ կիրառի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, այն մարդկանց, որոնք հրաման են տվել այսպիսի գործողություններ կատարել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ»։

 «Խաղաղություն բոլորս ենք ուզում։ Հենց դրա համար էլ Եվրախորհրդարանի պատգամավորներին հրավիրեցինք այստեղ», – ասում է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը․

«Խաղաղություն բոլորս ալ կուզինք, բայց խաղաղություն կնշանակի, որ նորեն չսկսվեն  կռիվներն  ու պատերազմը։ Եվ այսօր այն ճնշումների տակ, որ կգտնվի Հայաստանը , խաղաղության հասնելը ու ինչ ձևով հասնելը  խնդրո առարկա է»։

Հրաժեշտից առաջ Եվրախորհրդարանի պատգամավորները հարցնում են գորիսիցներին՝ այս պայմաններում ապահո՞վ են զգում իրենց։ Էդգար Սալբունց

«Ապահովը ո՞րն ա։ Դե թողնելու ենք մեր գյուղը, մեր հայրենիքը թողնելու ենք գնա՞նք։ Բա ուր մնանք, մինչև երբ մնանք, մեր տունը թողնենք, շտեղ մնա՞նք»։

Համաքաղաքացուն լրացնում է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

«Մենք այստեղ ամուր կանգնած ենք, յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը։ Ինչքան աշխարհը լռում է, առևտուր է անում՝ աչք փակելով Հայաստանի խնդիրների վրա, մեզ մնում է մի բան՝ զենքով  պաշտպանել մեր հայրենիքը, և դրան մենք պատրաստ ենք»։

Եվրախորհրդարանի պատգամավորների հետ Սյունիք էին այցելել նաև Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Ասպրամ Կրպեյանը։

Back to top button