Մոռացված ֆիլմերի ստվերները

«Ախթամար» ֆիլմը ժառանգեց լեգենդի ճակատագիրը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանն իր ֆիլմերով կարողանում էր կոտրել կարծրատիպեր։ Սակայն հենց դա էլ կանխորոշեց կինոյում նրա ճակատագրի դրամատիկ ընթացքը։

Էռնեստ Մարտիրոսյան

Կինոօպերատոր Լևոն Աթոյանցն ու Էռնեստ Մարտիրոսյանը միասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանել։ Այսօր կինոյի այս երկու վարպետներն էլ, ցավոք, ողջ չեն։ Տարիներ առաջ Լևոն Աթոյանցի հետ հարցազրույցի ընթացքում վարպետը կարոտով ու ափսոսանքով էր հիշում իր մտերիմ ընկերոջը։ Առաջին անգամ նրանք նկարահանման հրապարակում համագործակցել են «Սովի տարիներից» կարճամետրաժ ֆիլմի նկարահանման ժամանակ։

Էռնեստ Մարտիրոսյանը կրթությունը ստացել էր մոսկովյան ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում՝ 60-ականների սկզբին, ու ըստ Աթոյանցի՝ այդ փիլիսոփայությամբ էր նկարում ու ապրում։

Լևոն Աթոյանց

«Էռնեստը ռոմանտիկ, անսահման երևակայություն ունեցող արվեստագետ էր։ Անցյալ դարի 60-ականների սկզբին երիտասարդ կինոգործիչներս միմյանց հանդիպում էինք Տերյան 2 կինոստուդիայի սրճարանում: Այդտեղ է տեղի ունեցել մեր առաջին հանդիպումը, որը հետագայում վերածվեց ստեղծագործական և ընկերական ամուր միության»,- պատմում էր Լևոն Աթոյանցը:

Էռնեստ Մարտիրոսյանի կինը՝ Լիդա Գևորգյանը, «Հայֆիլմ» կինոստուդիայի ավագ սերնդի աշխատակիցներից է, շատ քիչ թվով կին բեմադրող նկարիչներից։ Նրա առաջին աշխատանքը կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցի «Ավդոյի մեքենան» ֆիլմում էր։ Հաջորդ ֆիլմը ամուսնու հետ նկարահանած «Ախթամար» կարճամետրաժն է։ Նա պատմում է, որ այդ ֆիլմն ինքնատիպ մի աշխատանք է, որ նկարահանված է խորհրդանիշների լեզվով։

Լիդա Գևորգյան

«Սև ու սպիտակ ժապավենի վրա նկարահանված ֆիլմ է, բայց երբ դիտում եք գունագեղ ֆիլմի տպավորություն է թողնում, որտեղ բացակայում է խոսքը՝ շեշտը դնելով երաժշտության վրա»,- ասում է Լիդա Գևորգյանը։

1969 թվականին Հայաստանում պատրաստվում էին մեծ շուքով նշել Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը։ «Հայֆիլմ» կինոստուդիայի ղեկավարությունը որոշում է նկարահանել մի կինոալմանախ, որտեղ ընդգրկվելու էին գրողի երեք ստեղծագործությունները։ «Չախ-չախ թագավորը» հեքիաթի նկարահանումը վստահվում է կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցին, «Աղքատի պատիվը» պատմվածքը էկրանավորում է Բագրատ Հովհաննիսյանը, իսկ Էռնեստ Մարտիորոսյանի ընտրությունը կանգ է առնում «Ախթամար» բալլադի վրա։ Կարճ ժամանակում նա բալլադը վերածում է սցենարի։ Հաջորդ քայլը դերասանների ընտրությունն էր։ Այս ֆիլմի երկու դերակատարներն էլ՝ Վլադիմիր Եպիսկոպոսյանն ու Իրինա Բաղրամյանը պրոֆեսիոնալներ չէին։

«Վլադիմիր Եպիսկոպոսյանը ոչ միայն Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, այլև բասկետբոլի ակումբի անդամ։ Մենք անմիջապես կանգ առանք նրա թեկնածության վրա: Իրինա Բաղրամյանին մենք պատահաբար հանդիպեցինք Թումանյան փողոցում։ Նա այնպիսի գեղեցիկ քայլվածքով էր քայլում, որ իր կողքով անտարբեր անցնել հնարավոր չէր։ Էռնեստը բավականին երկար բանակցությունների մեջ էր կինոյի պատասխանատուների հետ, որովհետև այն ժամանակ ֆիլմում նկարահանվելու համար դերասանական կրթությունը պարտադիր էր»,- այսպես է հիշում տարիներ անց «Ախթամար» ֆիլմի գլխավոր հերոսների հաստատման պատմությունը Լիդա Գևորգյանը։


«Չախ-չախ թագավոր» խորագրով ալմանախը հանդիսատեսին հանձնելուց հետո, այն Երևանի և մարզային կինոթատրոնների դահլիճներում ցուցադրվում էր թումանյանական ողջ տարվա ընթացքում։ Լիդա Գևորգյանը նշում է, որ «Ախթամար» կարճամետրաժը ցուցադրվեց նաև մոսկովյան հանդիսատեսի համար, որից հետո ալմանախն ու հատկապես «Ախթամար» կարճամետրաժն աննկատ մի կողմ դրվեցին։

«Մոսկվայում կար «Վարդագույն սենյակ» անվանումով մի վայր, որտեղ խորհրդային կինո աշխարհի հայտնի մարդիկ երեկոյան հավաքվում և ֆիլմ էին դիտում, որից հետո քննարկում էր ծավալվում։ Ֆիլմի դիտումից հետո ես ու Էռնեստը բավականին ոգևորիչ արձագանքներ ստացանք։ Նույնը չեմ կարող ասել հայաստանյան ցուցադրության մասին։ Կարծեմ հեռուստատեսությամբ էլ չցուցադրվեց։ Տարիների ընթացքում անգամ ես այդ ֆիլմի գոյության մասին սկսեցի մոռանալ»,- մի քիչ հումորով, մի քիչ էլ դառնությամբ փաստում է Լիդա Գևորգյանը։

Ամենայն հայոց բանաստեղծի «Ախթամար» պոեմի՝ Էռնեստ Մարտիրոսյանի ռեժիսորական ինքնատիպ մեկնությունը, Թումանյանի հոբելյանական տարվա ավարտից հետո, սակայն, այլևս չցուցադրվեց։ Երկար տարիներ արխիվներում փոշոտվելուց հետո, կինոկենտրոնի ջանքերով 17 րոպե տևողությամբ այդ ֆիլմը վերջապես թվայնացվել է և հասանելի է համացանցում։

Հուսանք, որ ժամանակը կվերանայի անարդարությունները, և «Ախթամար» կարճամետրաժը համացանցից բացի հասանելի կլինի նաև կապույտ էկրանին։  

Back to top button