Գերդաստաններ

Չոլախյաններ․ հայտնի ճարտարագետը սերունդներին հորդորում էր հենց հայրենիքում գործարաններ կառուցել․ «Գերդաստաններ»

«Ինչու մեր գիտական ձեռքբերումները Հայաստանից դուրս կյանքի կոչվեն, եկեք հենց մեր երկրում գործարաններ հիմնենք ու արտադրանքի վերածենք հայ գիտական  մտքի ձեռքբերումները…»։

Այս տողերի հեղինակը 50-60-ական թվականներին հայկական  էլեկտրատեխնիկական արդյունաբերության բնագավառում հսկայական ներդրում ունեցած, այդ տարիներին միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի հիմնադիր տնօրենն էր, որև հետո Երևանի  քաղաքապետ դարձավ։

Նրա օրոք Հայաստանում կառուցվել է մոտ 300 գործարան։ Այսօր, անշուշտ, հանրությանը կարող է հետաքրքրել՝ ինչպիսի դժվարություններով և հմուտ  ղեկավարների ջանքերով են իրականացվել մեր արտադրական ձեռնարկությունների  ստեղծումն ու կառավարումը։

Գուրգեն Չոլախյանի պապը՝ Գրիգոր Չոլախյանը, 19-րդ դարի կեսին Էրզրումից  գաղթել էր Ալեքսանդրապոլ։ Նա ամուսնացել էր Թիֆլիսում հայտնի մեծահարուստ Յուզբաշյանների դստեր՝ Աննայի հետ։ Գյումրիի «Բոշի մայլա» կոչվող թաղամասում տուն էր կառուցել և մինչև 70-ական թվականներն այդ  տան պատին դեռ երևում էին «Գ.Չ» տառերը, որոնք նրա անունն ու ազգանունն էին խորհրդանշում։

Գրիգոր Չոլախյանը չորս որդի և չորս դուստր ուներ։ Հայտնի է, որ նրա ավագ որդին դեղագործ էր, Անյան ամուսնացել էր Վեչկանով  ազգանունով  մի ֆիննի հետ։ Նրանց որդին՝  Վեչկանով-Չոլախյանը քանդակագործ էր։ Նա հեղինակն է «Եգիպտա-սովետական բարեկամություն» կոչվող բարձրաքանդակի, որը Եգիպտոսում է կանգնեցված։

Որդիներից Տիգրանը մեծ «առևտրական պալատ» ուներ Գյումրիում։     այդպես  էր  կոչվում։ Թվում էր, թե Տիգրանի կյանքում ամեն բան հարթ էր, սակայն կնոջ ծանր հիվանդությունը խախտեց ընտանեկան անդորրը։ Առաջին կնոջ մահից հետո, Տիգրանն ամուսնանում է Խզմալյան տոհմից գեղեցկուհի Տիգրանուհու հետ։ Եվ ծնվում է մեր պատմության հերոսը՝ Գուրգենը։

Գուրգենը դպրոցում սովորելու տարիներին երաժշտական դասերի էր հաճախում և շուտով սկսում է նվագել սկաուտական դպրոցի փողային նվագախմբում։ Բայց, ինչպես կյանքն է ցույց տալիս, նրա նախասիրություններն այլ էին, նա գերադասում էր մաթեմատիկան։

1926 թվականին` Լենինականի երկրաշարժից հետո, Գուրգենի ընտանիքը տեղափոխվում է Երևան։ Նա ընդունվում է էլեկտրոմեխանիկական տեխնիկում և ստանում էլեկտրոմեխանիկի մասնագիտություն։

Այնուհետև Գուրգենը շարունակում է կրթությունը Մոսկվայի Բաումանի անվան ինստիտուտում, և 1939 թվականին շատ անսպասելի նրան հրավիրում են Հայաստան՝ զբաղեցնելու ՀԽՍՀ տեղական արդյունաբերության ժողկոմխորհրդի նախագահի պաշտոնը։

Գուրգեն Չոլախյանը օրագիր էր պահում` այնտեղ արձանագրելով իր կյանքի կարևոր իրադարձությունները։ Այդ օրագիրը հնարավորություն է տալիս թե՛ նրա անձի, թե՛ նրա ապրած դարաշրջանի մասին տեղեկություններ ստանալ։ Օրինակ՝ գրում է, որ 1946 թվականին իրեն ուղարկում են պարտված Գերմանիա, որտեղից ինքը բերում է Հայաստանի   տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներ, և այս ամենի շնորհիվ ստեղծվում են գուլպայագործական, էլեկտրոլամպերի, հաստոցաշինական գործարաններ։ Այսօր այս գործարաններից շատերի «կմախքներն» են մնացել Հայաստանում։

Օրագրում կա գրառում նաև այն մասին, որ Գերմանիայում Չոլախյանը պարզում է, որ Հայաստանին հատկացված գործարաններից մեկը՝ «Ունիոնը», ԽՍՀՄ կառավարության որոշմամբ մնալու է Գերմանիայում։ Դրանից հետո Չոլախյանի  ջանքերով «Ունիոնի» փոխարեն Հայաստանին են տալիս «Մաքս Շիլինգ» հաստոցաշինական գործարանը։ Նա կարողանում է կազմակերպել  արտադրահոսքերի ապամոնտաժումը և տեղափոխումը Հայաստան։

Անսահման էր Գուրգենի  կարոտը դուստրերի նկատմամբ, ու երբ  կինը՝ Աստղիկն ու դուստրը՝ Էմման, Կարակլիսում էին, Չոլախյանն իր օրագրում գրում էր. «Ես  միայնակ եմ, շատ եմ վախենում»։

Չոլախյանի դուստրը՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Իզա Չոլախյանը, հանրապետությունում բազմաթիվ բնակելի տների, մոտ 50-ից ավելի անվանի գործիչների, այդ թվում, Մարտիրոս Սարյանի, Պարույր Սևակի,  Ջոն Կիրակոսյանի հուշատախտակների հեղինակն  է։

Գուրգեն Չոլախյանի մյուս դուստրը՝ Էմմա Չոլախյանը, «Հայաստանի ժողտնտխորհի վերջին նախագահը» գրքի հեղինակն է։ Հետաքրքիր այս գիրքը հարուստ է վարպետի կյանքը ու Խորհրդային  Հայաստանի արդյունաբերության ոլորտի զարգացումը ներկայացնող  պատմություններով։

Էմման արդեն չկա, ու քույրը կարոտով հիշում է նրա աշխատասիրության և մասնագիտական բարձր պատրաստվածության մասին։ Ասում է՝ թոշակի գնալուց  հետո, նա սկսեց զբաղվել կավագործությամբ, նրա կավե գործերից է նաև իր  հայրական ընտանիքի տոհմածառը։

Գուրգենի եղբայրը՝ Աղասին, դառնում է հիանալի երաժիշտ և աշխատում Մոսկվայի կինոթատրոնի էստրադային նվագախմբում։

Ռուդոլֆ Բադալյանը Գուրգեն Չոլախյանի քրոջ որդին է, նա աշխատել է ավիացիոն ոլորտում՝ օդանավերի համար անհրաժեշտ բարդ  սարքավորումների ստեղծման ուղղությամբ։  Այդ  սարքավորումներրի  առանձին  մասեր նա  հայթայթում  էր  նաև  եվրոպական  երկրներից,  ինչ  այնքան  դժվար  էր  այդ  տարիներին։

Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը  մտերիմ է Չոլախյանների հետ։ Նա պատմում է նրանց մարդկային բարձր կերպարի  մասին, շեշտում, որ  չնայած  իր  մեծ  ջանքերին  ու  ներդրումներին,  քիչ  է  հանրայնացվել  այս  լավագույն  գործիչը   և  ուրախալի  է,  որ  այսօր  հիշում  ենք։  Պատմում  է, որ  սկսելով  իր  աշխատանքը  Արարատի  ցեմենտի  գործարանից՝ նա  անցավ  հասուն  մասնագիտական  խնդիրների  և  հետաքրքիրն  այն  էր, որ  սկսեց  նավաշինական  խնդիրներով  զբաղվել։  

Գուրգեն Չոլախյանի թոռը՝ Տիգրան Պողոսյանը, խոստումնալից ճարտարապետ է,   նա հեղինակն է Կապան քաղաքի կենտրոնում գտնվող վարչական, բազմաֆունկցիոնալ շենքի, իսկ ծոռը՝ Գրիգոր Պողոսյանը ASD ճարտարապետական  արհեստանոցի ղեկավարն է,  իսկ  Իզայի  դուստրը՝ Ռուզանը, երաժիշտ է։

Back to top button