Վերնատուն

Ինչպե՞ս են երկրորդ կյանք ստանում ձեռագրերը․ վերականգնումը՝ լուրջ գիտություն․ «Վերնատուն»

Ի՞նչ ճանապարհ են անցնում և ինչպե՞ս են երկրորդ կյանք ստանում ձեռագրերը։ Վերականգնողի մասնագիտության հմտությունների զարգացման գործում կարևոր դերակատարում ունի Մատենադարանը։

Մատենադարանի ավագ նկարիչ-վերականգնող Արտավազդ Այվազյանն ասում է, որ Մատենադարանի վերականգնման բաժինը տարածաշրջանում մեծ փորձառություն ունեցող կառույցներից մեկն է, որը մի շարք մասնագիտական փորձի փոխանակման ծրագրեր է իրականացրել արտերկրի հետ։

«Վերականգնողի գործը լուրջ գիտություն է, այնինչ հանրության շրջանում երբ ասում ես, որ վերականգնող ես, կարծում են՝ «ռեմոնտչիկ» ես՝ վիրավորելով մասնագիտությունը, այնինչ այն լուրջ մասնագիտություն է և լուրջ ուսումնասիրություններ է պահանջում», – ասում է Արտավազդ Այվազյանը։

Ձեռագրերը վերականգնումից առաջ լուրջ ուսումնասիրության են ենթարկվում՝ թանաքը, ներկանյութը, կազմը, կաշին, փայտը և այլն, հետո ենթարկվում են ախտահանման, կասեցվում են հիվանդությունները։

«Ինչպես մարդիկ, այնպես էլ ձեռագրերը իրենց խնդիրներով և լուծումներով տարբեր են։ Պահպանման համար կարևոր է թղթի և գրքի ճիշտ ցուցադրությունը, լույսի չափավորությունը», – ասում է վերականգնողը։

Խոսելով կարևոր նպատակների մասին՝ Արտավազդ Այվազյանը կարևորում է կրթված և սոցիալապես ապահով մասնագետների գոյությունը․ «Մեր նպատակն է զարգացնել վերականգնումը Հայաստանում, որպեսզի շատերը ընդգրկվեն այս ոլորտում, վերականգնման դպրոց ստեղծել, որի ծրագիրը կա, մնում է այն իրականացնելու համար կառավարության կողմից աջակցություն ստանալ։ Նպատակ ունենք նաև շարժական վերականգնման սրահ ունենալ, որը անհրաժեշտության դեպքում կարող է նաև մարզեր այցելել»։

Back to top button