Դպրություն

Ի՞նչ պահանջների պետք է համապատասխանեն մարզեր գործուղվող ուսուցիչները․ «Դպրություն»

Հայաստանում ուսուցիչների պակասի հետ կապված խնդիրն արդեն մի քանի տարի է՝ արդիական է: Պատճառները տարբեր են:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ կարգը, որի համաձայն սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող ուսուցիչներին պետությունը սոցիալական երաշխիքներ է առաջարկում` պայմանների բարելավմամբ:

Նմանօրինակ ծրագիր է իրականացնում նաև «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը:

Ովքե՞ր, ու՞ր և ի՞նչ պայմաններով կարող են գործուղվել, ի՞նչ պահանջների պետք է համապատասխանի ուսուցիչը։

«Իրականում Հայաստանի և Արցախի հանրապետությունները կրթական ճգնաժամի առաջ են կանգնած։ Գրեթե ամեն տարի մենք ականատես ենք լինում 600 – 700 ուսուցչի պակասի՝ հիմնականում գյուղական համայնքներում և հատկապես բնագիտական և ՏՏ ոլորտի մասնագետների։ Սա լուրջ խնդիր է։

Անձանց մոտիվացիաները տարբեր են։ Սակայն, միանշանակ, գաղափարը կարևոր է։ Եթե դու գիտես, որ քո պետության զարգացման համար կարևոր է առաջնահերթ զարգացնել կրթության ոլորտը՝ դու պետք է լինես մեկնակետ՝ այդ փոփոխությունը մտցնելու», – ասում է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի հավաքագրման մասնագետ Մայիս Սիմոնյանը։

«Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին ես տեսնում էի, թե կրթության մակարդակը տարբեր մարզերից եկած սովորողների մոտ որքան տարբեր է։ Տարբեր էր նաև կրթության հանդեպ վերաբերմունքը։

Զինվորական ծառայությունս ավարտելուց հետո մտածեցի, որ պարտքս հայրենիքի հանդեպ պետք է հանձնեմ նաև կրթության բնագավառում։ Ես տեսնում էի, թե որքան անհամաչափ է զարգանում կրթությունը Հայաստանում՝ հատկապես մարզերում։ Եվ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով գործուղվեցի ու աշխատեցի Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում։ 2 տարի դասավանդեցի պատմություն առարկան։ Թե՛ ռուսական, թե՛ հայկական ուղղվածություններով սովորող աշակերտների մոտ տեսնում էի մեծ ցանկություն և հետաքրքրություն կրթության հանդեպ, որը չի բավարարվում ոչ մի կերպ։ Ու մտածում եմ, որ գիտելիք ունեցող յուրաքանչյուր ոք, եթե ուզում է դասավանդման փորձ ձեռք բերել, լավագույն տեղը դա դպրոցն է ու աշակերտները՝ թեկուզ երկու տարով»,– ասում է «Դասավանդիր Հայաստան» – ի շրջանավարտ դեսպան Պողոս Մամիկոնյանը։

Back to top button