Սփյուռքի ձայնը

Ժամանակն է հասկանալ, թե հաջորդ քայլն անելիս Հայաստանում և Սփյուռքում ով ինչ դեր ունի խաղալու․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստան-Սփյուռք գործակցություն, Սփյուռքը և հայկական շահերի պաշտպանությունը, անվտանգության հզորացման գործում Սփյուռքի դերը. այս և այլ հարցերի շուրջ էին  հոկտեմբերի 28-31-ը քննարկումներ անցկացնում Սփյուռքից Հայաստան ժամանած տարբեր մասնագիտություններ և հայացքներ ունեցող մոտ 600 անհատները, որոնք մասնակցում էին համաշխարհային հայկական գագաթնաժողովին:

Մինչեւ մեկնարկն այն արդեն ուղեկցվեց մի շարք աղմկահարույց իրադարձություններով` մասնավորապես դրան հրաժարվեցին մասնակցել Սփյուռքի մի շարք կառույցներ։ Արդյո՞ք Հայաստանի և Սփյուռքի միջև կա անջրպետ. Այս հարցն էր, որ չէր կարող շրջանցել գագաթնաժողովի կազմակերպիչ, Սփյուռքի գործերի գլխավոր հաձնակատարի գրասենյակի պատասխանատու  Զարեհ Սինանյանը։

«Անջրպետ միշտ էլ եղել է, սակայն այսօր իրական հիմքերի վրա է: Եթե տարիներ առաջ սփյուռքահայերից շատերը միայն բարեգործություն անելով և գումարներ տալով էին կապը պահպանում Հայաստանի հետ, հետո վերադառնում իրենց համայնքներ և վատաբանում օրվա իշխանություններին, ապա այսօր ստեղծված  դժվար իրավիճակով պայմանավորված  կա շատ հարցերի մասին տարաձայնություններ»,- ասում է հանձնակատարը:

Նա վստահ է., որ խնդիրները խորն են եւ հրատապ ու դրանց վերջանական լուծման սպասել հնարավոր չէր։ «Սպասել, որ հենց վաղը հարցերը , որոնք քննարկվել են, լուծում են ունենալու, ճիշտ չի լինի: Գագաթնաժողովի նպատակը հավաքվելն էր, հանդիպելը, իրար լսելը: Հետո, իհարկե, գործնականում կունենանք աշխատանքներ»,- ավելացնում է:

Ավանդույթի համաձայն` Հայաստան- Սփյուռք նման համաժողովներին մասնակցել է Հայոց եկեղեցին եւ նրա նվիրապետական աթոռների գահաակալները։ Կիլիկիո  Արամ Առաջին վեհափառն իր բացակայությունը, ըստ Զարեհ Սինանյանի,  պատճառաբանել է սխալ ընտրված ժամանակաշրջանով: Գլխավոր հանձնակատարը ավելացնում է նաև, որ իրենք հրավերներ են ուղարկել ոչ թե կազմակերպություններին, այլ անհատներին:

«Ես հանդիպել եմ երկու վեհափառներին, գնացել եմ անգամ Լիբանան: Արամ Առաջինը հավաստում է, որ պատմական այս ժամանակաշրջանում հանդիպումը սխալ է, ինչին համամիտ չենք։ Մենք ուղարկել ենք հրավերներ շատ անհատների, սակայն կազմակերպությունների ղեկավարներ բողոքում են, որ իրենց կառույցին հրավեր չի եղել: Մասնակցել, թե` ոչ` իրենք են որոշել: Այստեղ անհատների հարցը չէ, պետության անվտանգության հարցն է,- ավելացնում է Զարեհ Սինանյանը:

Հայաստանի անվտանգության հզորացման գործում սփյուռքի աջակցությունը կարևոր է, նշում է քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը: Խնդիրների լուծումը պայմանավորված է նաև միասնական, ամբողջական գաղափարի գիտակցությամբ:

Արցախի հարցի կարգավորման և ստեղծված իրավիճակում անվտանգության կարևորության մասին խոսելով` Հրաչյա Արզումանյանը նկատում է. «1988 թվականին մեր միասնականությունը օգնեց մեզ, հետո, սակայն, մենք չկարողացանք համախմբվել ու ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Անվտանգության համար պետք է մտածեն ոչ միայն հայաստանցիները, արցախցիների, այլև բոլոր հայերը, որտեղ էլ ապրեն: Ուրեմն` սփյուռքի դերը այսօր անվտանգային հարցերում կարևոր է»,- ասում է Հրաչյա Արզումանյանը:

Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Աննա Օհանյանը համոզված է, որ գագաթնաժողովը դրական արդյունք կտա: Նշում է, որ թեև Հայաստան-Սփյուռք կապերը ձևավորվել են սառը պատերազմի ընթացքում, այսօր սակայն ձևափոխման փուլում են: «Ես կարծում եմ, որ մենք պետք է ճիշտ օգտագործենք սփյուռքի ներուժը: Այն շատ արդյունավետ կարող է գործել թե Հայաստանում, թե այլ երկրներում»:

Եվրասիական փոխվող ինտեգրման համատեքստում. այս թեզը   առաջ  քաշած Աննա Օհանյանը, բերելով մի շարք օրինակներ,  համոզված է, որ փոքր երկրները, այդ թվում և Հայաստանը, կարող է դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ հաշվի առնելով նաև որոշ խոշոր երկրների այսօրվա դիրքորոշումը: «Իմ կարծիքով, այս մոտեցումը կարող է արդյունավետ լինել: Ես ուսումնասիրել եմ շատ այլ փոքր երկրների նման իրավիճակները: Համոզված եմ, որ դժվար իրավիճակը, որը ստեղծվել է մեր երկրի շուրջը, հնարավոր է հանգուցալուծել՝ հաշվի առնեով նաև Արևմուտքի և այլ երկրների այսօրվա դիրքորոշումները»,- համոզված է Աննա Օհանյանը:

Համաշխարհային հայկական գագաթնաժողովում քննարկվեցին, առաջարկներ ու դիրքորոշումներ եղան տարբեր հարցերի շուրջ` անվտանգությունից մինչև տնտեսություն, Սփյուռքի ներուժի օգտագործման մեխանիզմներից մինչև հայրենադարձություն և այլն:

Back to top button