Երաժշտական եռանկյունի

Տիգրան Քազազյան՝ ուդը երաժշտական խաչմերուկում․ «Երաժշտական եռանկյունի»

Հայկական ջազը և ֆյուժն երաժշտությունը իր պատմությունն ունի։ Տասնամյակներ առաջ հայկական, արևելյան նվագարանները ներմուծվեցին ակադեմիական երաժշտություն, վառ օրինակը Ավետ Տերտերյանի սիմֆոնիաներն են, տարիներ անց՝ նաև փոփ երաժշտություն ու ջազ։

«Արմինիան նեվի բենդ»-ը առաջիններից էր , որը ստեղծեց ուրույն երաժշտական հայեցակարգ և նվագացանկ՝ ջազ և ֆյուժն երաժշտության դաշտ հակարձակորեն ներմուծելով հայկական ավանդական նվագարանները։ Արտո Թունջ-Բոյաջյանի օրինակը հրապուրեց բազմաթիվ երաժիշտների, որոնք սկսեցին ստեղծագործել և օրիգինալ նախագծերով հանդես գալ հայրենական և համաշխարհային բեմերում և փառատոներում։

«Հայկականությունը» ընդգծվում էր ոչ միայն հատուկ կոմպոզիցիոն լեզվամտածողությամբ, այլ նաև հայկական փողային և արևելյան հարվածային նվագարանների օգտագործմամբ։

Ազգային լարայինների ներմուծումը այդ ժանրային տարածք պայմանավորված էր Միքայել Ոսկանյանի և թառի առկայությամբ։
Եւ ահա, ծնունդով Եգիպտոսից, երիտասարդ երաժիշտ- ստեղծագործող Տիգրան Քազազյանը, շարունակելով իր հայրիկի՝ Եգիպտոսում հանրահատ ուդահարի գործը, լուրջ ստեղծագործական հայտ է ներկայացնում՝ օգտագործելով ուդը իր ֆյուժն և ջազային նախագծերում։

«Հայրս շատ մեծ համբավ ունի արևելքում, որպես արևելյան ֆոլկլորիկ երաժիշտ, բայց ես սկսեցի հետաքրքրվել ուդով այն ժամանակ, երբ մայրիկիս հետ տեղափոխվեցի ապրելու Ֆրանսիա, բավական հասուն տարիքում։ Ինքնուրույն եմ սովորել նվագել, և այն պահին, երբ զգացի մասնագիտական կրթության պահանջը, տեղափախվեցի Հայաստան՝ սովորելու կոնսերվատորիայում և արդեն տասը տարի է այստեղ եմ, ընտանիք եմ կազմել, ունեմ իմ խումբը և ազատ ստեղծագործում եմ հայրենիքում»-ասում է երաժիշտը։

Տիգրանի երաժշտությանը հատուկ է արևելյան մեդիտատիվ «երաժշտական մտորումների» հատուկ ոճը։ Այլ նվագարանների հետ համադրությունը ստեղծում է որոշակի տրամադրություն և միստիկ մթնոլորտ, անվերջանալի երաժշտական հոսքի էֆեկտ։

Երաժիշտը հանդես է եկել հայ-ֆրանսիական, հայ-շվեյցարական երաժշտական փառատոների և նախագծերի շրջանակում, մասնակցում է այլ արվեստի տեսակների հետ համատեղ համերգ ցուցադրություններում, նախապատրաստում է իր առաջին ալբոմի ձայնագրությունները։

Հաղորդման ընթացքում հնչում են Տիգրան Քազազյանի համերգային կատարումները՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած իր համերգից։

Back to top button