ԿարևորՀասարակություն

300 հազար եվրոյի աջակցություն՝  Ֆրանսիայից Սյունիքին

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներն այցելել են Սյունիքի մարզ և եղել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած բնակավայրերում։ Ֆրանսիացի հյուրերը հանդիպումներ են ունեցել տեղական իշխանությունների ներկայացուցիչների և վնասներ կրած համայնքների բնակիչների հետ։ Նրանք հիշեցրել են, որ նոյեմբերի վերջին Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկելու է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան և պահանջում պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ։

«էս ճաքերը, որ կան, վտանգավոր չե՞ն, դուք նայե՞լ եք ամրությունը։

Սեյսմակայունությունը ստուգելու համար դիմում ենք գրել, պիտի գան ստուգեն»

Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակիչ Տարոն Զադոյանն է Սյունիք ժամանած Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամներին ներկայացնում սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կրած վնասները։ Արկն ընկել է տան վրա․հիմա տունը նորոգում են, իսկ արկի բեկորները դեռ պահում են։ Ֆրանսիացի պատգամավորները լուսանկարում են, փորձում հասկանալ, թե ինչ զենքով է հրետակոծվել բնակավայրը։  

Ֆրանսիացի խորհրդարանականների այցի նպատակը Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները տեղում տեսնելն ու իրավիճակին ծանոթանալն է։ Նրանց դիմավորեցին Գորիսում, իսկ Վերիշեն ու  Վաղատուր բնակավայրեր ուղեկցեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը։  Մարզային իշխանության ներկայացուցիչները և Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆրանսիացի պատգամավորների ներկայացրին ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Սյունիքում առկա իրավիճակն ու դրա հետևանքով առաջ եկած խնդիրները՝ անվտանգային, տնտեսական և այլն։ Պատվիրակության ղեկավար Անն-Լորանս Պետել.

«Մեր կարևոր գործունեությունը տագնապ հնչեցնելն է և հանրությանը ներկայացնելը, թե ինչ է կատարվել այստեղ, որպեսզի Ֆրանսիայից բացի, Եվրամիության այլ պետություններ ևս  միավորվեն ի պաշտպանություն Հայաստանի»։

Հակառակորդի հրետակոծության հետևանքով սեպտեմբերի 13-ից 14-ը Սյունիքի մարզում վնասվել է 21 բնակավայր՝ բազմաթիվ բնակելի տներ,  էլեկտրասնուցման գծեր, Նորավան գյուղի գերեզմանոցը, Քարաշեն գյուղի մշակույթի տունը, Սիսիան համայնքի Նորավան և Աղիտու բնակավայրերը կապող ճանապարհը։ Վաղատուրում վնասվել էր նաև գյուղը սնուցող գազատարը։ Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչները եղան այս գյուղում ու զրուցեցին վաղատուրցիների հետ։  Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Սառա Թանզիլի

«Պիտի ասեմ, որ մենք տպավորված ենք այն ամենով, ինչ տեսանք։ Հատկապես տպավորված ենք ժողովրդի վճռականությամբ՝ շարունակելու ապրել այս վայրերում, թշնամուն այսքան մոտ։ Կարծում եմ՝ մենք պետք է կապող օղակ դառնանք, որ վիճակը ներկայացնենք ոչ միայն ֆրանսիացի մեր գործընկերներին, այլ նաև եվրոպացի խորհրդականներին, թե ինչ է տեղի ունենում այստեղ»։

Մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը  շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Սյունիքի հանդեպ հետաքրքրվածության ու խնդիրներին արձագանքելու համար։ Նարե Ղազարյան․

«Ընդհանուր առմամբ , այս օրերին Սյունիքի մարզ են այցելում միջազգային տարբեր պատվիրակություններ։ Մի քանի օր առաջ մեզ մոտ էին ԵՄ, ԵԱՀԿ պատվիրակները, բոլորին ծանոթացնում ենք ստեղծված իրավիճակին, այցելում են բնակավայրեր՝ անձամբ  համոզվելով, որ թշնամին գտնվում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում»։

Ֆրանսիացի պատգամավորները  նշեցին, որ նոյեմբերի վերջին Ֆրանսիայի Ազգային ժողովը նախատեսում է ընդունել  բանաձև, որով կդատապարտվի Ադրբեջանի ագրեսիան՝ պահանջելով տևական խաղաղություն Հարավային Կովկասում։ Բանաձևը, ըստ ֆրանսիացի պատվիրակների, կարևոր ուղերձներ ունի։ Անն-Լորանս Պետել․

«Մոտ ապագայում երկու կարևոր խնդիր ունենք լուծելու։ Առաջինը, եթե չասեմ խաղաղապահ ուժերի  տեղակայում, գոնե տևական ժամանակով, երկարաժամկետ դիտորդական առաքելություն։ Իսկ երկրորդը՝ տնտեսական հարցեր, որովհետև կարծում եմ, որ Հայաստանի տնտեսական զարգացումը նաև խաղաղության երաշխիք է»։

Վերջերս աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի  Օվերն-Ռոն-Ալպ նահանգի նախագահ Լորա Վոքիեն ստորագրել են  երկկողմ համագործակցության համաձայնագիր, որով Սյունիքի մարզին կտրամադրվի 300 հազար եվրոյի աջակցություն։  Այն կուղղվի մարզի զարգացմանն ու, մասնավորապես, Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով առաջացած հիմնախնդիրների լուծմանը։

 

Back to top button