Վերնատուն

Գեղարվեստական հայացք՝ լուսանկարչությանը․ «Վերնատուն»

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊՄՀ պրոֆեսոր Սամվել Սևադան խոսում է գեղարվեստական լուսանկարչության իր փորձառությունից, արդի պահանջներից և առաջիկա ցուցահանդեսից։

Առաջին մասնագիտությամբ գեղանկարիչ Սամվել Սևադան լուսանկարչության մեջ կարևորում է գեղանկարչական գիտելիքները, նույնիսկ՝ գեղարվեստական գրականության ընթերցանությունը։

Շուրջ 7 տարի գեղարվեստական լուսանկարչություն է դասավանդում Մանկավարժական համալսարանում։ Լուսանկարիչ ուսանողները հաճախ են լինում վարպետի արվեստանոցում․ յուրաքանչյուր ուսանող գեղանկարչության տարրական գիտելիքներ պիտի ունենա։

«Տեսողությունը զարգացնելու համար նաև գեղանկարչական գիտելիքներ են պետք։ Հավասարակշռության արվեստը ամենակարևորն է, դրան տիրապետում էին հին հունական ժամանակաշրջանում, Վերածննդի վարպետները և այլն, դրանց տիրապետելը կարևոր է, որպեսզի լուսանկարիչները կարողանան լավ կադրեր ստանալ», – ասում է Սամվել Սևադան։

Նրա համար կարևոր է, որ ապագա լուսանկարիչը նաև ընթերցասեր լինի, ուսանողներին նույնիսկ պարտադիր ընթերցանության ծրագիր է առաջարկում։ Ասում է՝ տեխնոլոգիաներն ու ինտերնետը փոխեցին կյանքը, երիտասարդները հեռացան գրքերից, և գիրքն այսօր զրոյական արժեք ունի։

«Անմակարդակ արվեստագետը արժեքավոր չի կարող լինել, նրա ստեղծածն ի՞նչ պիտի լինի», – ասում է լուսանկարիչը։

Նոյեմբերի 1-ին, ժամը 15։00–ին Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների և դասախոսների լուսանկարների «Իմ աշխարհը այսօր և վաղը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված համալսարանի 100- ամյա հոբելյանին։

Back to top button