ԿարևորՔաղաքական

Արցախն ունի ինքնորոշման իրավունք, որը չի զիջվելուԱրթուր Հարությունյան

Արցախն ունի ինքնորոշման իրավունք, որը չի զիջվելու, և այն փաստաթղթերը, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության այդ իրավունքը,  անընդունելի են՝ «Ռադիոլուր»-ի հետ զրուցում նշել  է Արցախի Ազգային ժողովի  «Ազատ հայրենիք -Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։ Կարգավորման տարբերակների հարցում, ըստ պատգամավորի, Արցախը կողմ է  Ռուսաստանի  առաջարկած փաստաթղթին, որը հնարավորություն է տալիս առժամանակ սառեցնել խնդրի կարգավորումը՝ պահպանելով ներկա կարգավիճակը։

«Միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցի և ընդունի Արցախի ինքնորոշման իրավունքի անքակտելիության մասին արցախահայության պահանջը։ Այդ իրավունքի իրացման միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և հենց այս ուղերձն ու դիրքորոշումն է ներկայացվելու հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության  խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի մասնակցության կայանալիք արտահերթ նիստում և հրավիրված հանրահավաքում», — ասել է Արթուր Հարությունյանը։

2021 թվականի հունվարին Հայաստանը Ռուսաստանի հետ ձեռք է բերել սկզբունքային  պայմանավորվածություն, որի համաձայն`  ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության երաշխավորն է՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։ Նա նաև նշել է, որ սեպտեմբերին Հայաստանը համաձայնություն է տվել ռուսական պլանի իրագործմանը, և Սոչիում կայանալիք հանդիպմանը հայկական կողմը պատրաստ է պաշտոնապես ընդունել ու  ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ,  ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին մի քանի ուժային կենտրոններից ներկայացված առաջարկներին, շեշտել  է, որ ռուսաստանյան առաջարկություններն ավելի շատ են համապատասխանում այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում երկրի ապագան։

Back to top button