Ծովահայեր

Վանա լճի հատակը՝ պատմության գանձարան. «Ծովահայեր»

Աշխարհում եզակի էկոհամակարգ ունեցող Վանա լճի հատակը պատմական ինքնատիպ թանգարան է. հայտնաբերվել են ռուսական երեք նավաբեկություն, ամրոցի ավերակներ, քայլելու ուղիներ, տների ավերակներ, ձկների արձաններ և հետազոտության անսպառ նյութեր։ Սա այն է, ինչ ասում են թուրք հետազոտողները։

Իսկ թե հայոց պատմության ի՞նչ հուշարձաններ է թաքցնում լիճը, և ի՞նչ են վավերագրել հայ հետազոտողները՝ պատմում են հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի մասնագետները։

Լինելով մշտապես լցվող ավազան՝ Վանա լճի մակարդակը դարերի ընթացքում բարձացել է, ջրի տակ առնելով, և միգուցե հենց այդ կերպ պահպանելով, միջնադարի հայոց պատմության հոյակերտ վկայությունները։ Եվ այդ կառույցների ու հուշարձանների մասին իմանում ենք հայ պատմիչների՝ մեզ ժառանգած մատենագրության շնորհիվ։

1054 թվականին Արիստակես Լաստիվերցին հիշատակում է Ածկեի ծովային բերդի մասին, որի պատերը, աշխատարակը և գուցե մեզ դեռ անհայտ հուշարձաններ, այժմ տեսանելի են միայն սուզորդներին։

Վասպուրականի V գահերեց իշխանի, Գագիկ Արծրունու Ոստանավանում կառուցած հոյակերտ շինությունների, Աղթամար կղզում կառուցած արհեստական նավահանգստի նկարագիրն է տալիս հայ մատենագիրներից Թովմա Արծրունին, ինչը Х դարում հազվադեպ երևույթ էր։

Վանա լճի ջրազույզ բնակավայրերին է անդրադարձել հուշարձանագետ երջանկահիշատակ Սամվել Կարապետյանն իր «Հայաստանի պատմություն» 36 հատորյա մատենաշարի «Հայոց  Ձոր» Ա և «Արծկե» Գ  հատորներում։

Վանա լճի ավազանում ուսումնասիրած հայկական ժառանգության ու Թուրքիայում հետազոտական աշխատանքներ կատարելու դժվարությունների մասին  «Ծովահայերի» տաղավարում ուշագրավ տեղեկություններ են հայտնում հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեններ Րաֆֆի Քորթոշյանն ու Աշոտ Հակոբյանը։

Back to top button