Էկոսֆերա

Կլիմայի փոփոխությունը ստիպում է նոր օրակարգ մտցել զբոսաշրջության ոլորտում․ «Էկոսֆերա»

Կլիմայական փոփոխությունների հետ կապված Հայաստանում տուրիզմի ոլորտում սեզոնային առաջարկները զգայուն են դարձել։ Ձմռանը տեղումների պակասը, իսկ ամռանը՝ խիստ տապն է խնդիրներ ստեղծում զբոսաշրջիկների տուրերը կազմակերպելու համար։ Արդյունքում թե՛ տուրօպերատորները, թե՛ հյուրանոցները կանգնել են մի շարք խնդիրների առջև։

Վերջին տարիներին տուրօպերատորները ստիպված են լինում իրենց ծրագրերն ու երթուղիները հաճախ փոխել՝ եղանակային անակնկալներով պայմանավորված։ Երբեմն էլ ընկերություններն առհասարակ չեղարկում են նախապես պլանավորած տուրերը՝ կրելով ֆինանսական վնասներ։

Արկածային զբոսաշրջությամբ հայտնի «Արևի» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Գևորգ Գասպարյանն ասում է, որ ամռանը բավականին ավելացել է խիստ տաք օրերի քանակը, իսկ ձմռանն էլ ձյան շերտի պակասի պատճառով, հաճախ ստիպված են լինում փոխել նախապես ծրագրված տուրերը։ Ամռան սեզոնը դժվարությամբ փակեցին, հիմա էլ մտածում են ձմռան սեզոնի մասին։

Հայաստանում կլիմայի փոփոխության միտումների ու կանխատեսումների ուսումնասիրությունը ցույց է տվել օդի տարեկան միջին ջերմաստիճանի շարունակական աճ և տեղումների նվազում, որոնք վերջին շրջանում առավել ինտենսիվացել են, ինչն էլ զգալիորեն ազդել է շրջակա միջավայրի և զբոսաշրջության ոլորտի վրա։

Ավելին, կանխատեսվում է, որ մինչ 2100 թվականը օդի տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա 4.7 աստիճան C-ով։ Այսպիսով՝ ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների նվազումը և օդի աղտոտման բարձր մակարդակը և արձանագրվող այլ անոմալ երևույթներն ակնհայտորեն խնդիրներ են ստեղծել զբոսաշրջության ոլորտում։

Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Արթուր Լալայանն այս մասով ուսումնասիրություններ կատարել է։ Նրա խոսքով զբոսաշրջային օպերատորների և հյուրանոցների ծախսերն էապես ավելացել են:

Թե քանի՞ տուրօպերատոր կամ քանի՞ հյուրանոց է դադարեցրել իր գործունեությունը կամ որքա՞ն է կազմել ընդհանուր վնասը թվարկված խնդիրների պատճառով, այդպիսի վիճակագրական տվյալներ գոյություն չունեն, նշում է Լալայանը։

Չկան նաև տեղային ուսումնասիրություններ, թե օրինակ՝ Սևանա լճի «ծաղկման» հետևանքով որքանով է նվազել զբոսաշրջիկների թիվը։ Զբոսաշրջության կոմիտեն նույնպես չունի նման տվյալներ։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանը նշում է, որ առհասարակ մեր երկրում ունենք սահմանափակ տվյալներ, ինչը տարբեր ուսումնասիրությունների համար խոչընդոտներ է առաջացնում:

Ամեն դեպքում, կլիմայի փոփոխությունը, այսպես ասած, նոր օրակարգ է մտցել զբոսաշրջության ոլորտում։ Այս առումով զբոսաշրջության պլանավորման և ծրագրերի մշակման ուղղությամբ քայլերը նոր են կատարվում, ասում է Անահիտ Ոսկանյանը:

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից է, որն էապես նպաստում է երկրի ՀՆԱ-ի աճին և ապահովում զբաղվածության բարձր մակարդակ ու ընդհանուր կայուն զարգացում։

Հետևաբար, կլիմայի փոփոխությունների նկատմամբ խոցելիության բարձր մակարդակի հետևանքով հարմարվողականության միջոցառումների՝ ժամանակին իրագործումն առաջնահերթ է մեր երկրի համար։

Նյութը պատրաստվել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթի շրջանակում։ Նյութում արտահայտված տեսակետներն ու կարծիքները հեղինակինն են և պարտադիր չէ, որ ներկայացնեն ՄԱԶԾ-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի տեսակետները:

Back to top button