Երաժշտական եռանկյունի

Ժիրայր Շահրիմանյան՝ երկու պրեմիերա․ «Երաժշտական եռանկյունի»

Հայասստանի կոմպոզիտորների միությունը նշում է իր հոբելյանը՝ 90-ամյակը: Միության տասնամյակների ստեղծագործական կուտակումները և նվաճումները այսօր ներկայացված են տարբեր սերունդների, դպրոցների և ուղղությունների ստեղծագործություններում:

Կոմպոզիտորների մի քանի սերունդները կազմել են այնպիսի ստեղծագործական համայնք, որն այսօր ներկայացնում է հայկական ակադեմիական երաժշտությունը՝ դասականից մինչև ամենաժամանակակից, համարձակ ձևերն ու տեսակները:

«Երաժշտական եռանկյունու» ուշադրության կենտրոնում հատկապես երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործական ընթացքն է, ինչի առիթով էլ հյուրընկալեցինք երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանին: Միության հոբելյանական համերգների միջոցառումների շարքում կոմպոզիտորն ունեցել է երկու պրեմիերա՝ երկուսն էլ կամերային երաժշտության ոլորտում. Երկրորդ սիմֆոնիան և Պարտիտան:

Բայց զրույցը կոմպոզիտորի հետ դուրս եկավ տոնական և հոբելյանական թեմաների շրջանակից, և մեր անդրադարձը նաև եղավ այն խնդիրներին, որոնք առկա են հասարակության ընկալումներում, ժամանակակից ակադեմիական երաժշտության հանրահռչակման, երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու և տարածելու խնդիրներին:

Իմ հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ հատկապես ժամանակակից ակադեմիական երաժշտությունը չունի այն տարածումն ու համբավը, որ ցանկալի կլիներ, քանի որ տասնյակ երիտասարդ կոմպոզիտորներ հաճախ հնարավորություն չունեն իրենց ստեղծագործությունները լսելու բեմական հարթակներից և հետևաբար հանրությունն էլ չի ճանաչում ո՜չ կոմպոզիտորին, ո՜չ էլ պատրաստ է ընկալելու նրա ստեղծագործությունը:

Ժիրայր Շահրիմանյանը խնդիրը տեսնում է ոչ միայն հասարակության իրազեկման և կրթվածության մեջ, այլ նաև կոմպոզիտորական համայնքում հաճախ տիրող տրամադրությունների:

«Օրինակ, միությունում ցավոք չկա ավանդույթ՝ պատվել կոլեգաների պրեմիերաները միասնական ներկայությամբ, հետևաբար ինչ սպասենք հասարակությունից կամ երաժշտական հանրույթից: Անշուշտ, ինձ համար որպես կոմպոզիտորի շատ հաճելի է և կարևոր, որ կամերային ժանրերում կատարվեցին իմ ստեղծագործությունները, հատկապես միության 90-ամյակի հոբելյանական համերգների շարքում:

Հաղորդման ընթացքում հնչում են Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործություններից հատվածներ:

Back to top button