Մոռացված ֆիլմերի ստվերները

Ժամանակավրեպ չհամարվող զգացմունքների էկրանավորումը. «Մոռացված ֆիմերի ստվերները»

Բազմաթիվ ֆիլմերի հեղինակ կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանը «Լքված հեքիաթների կիրճը» դրաման նկարահանեց «Ռուսական կայսրության թագը» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, երբ խորհրդային մամուլում իր դեմ սկսվեց, այսպես ասած, լավ արշավ։

«Անորսալիների» հասցրած վերջին հարվածից Քեոսայանը, որը բավական կոտրված էր, եռանդով գործի անցավ «Հայֆիլմում»։


Էդմոնդ Քեոսայանը՝ խորհրդային և հայկական կինոյի հսկան, որ անցյալ դարի 50-ականների սկզբին Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանող էր, իր ներսում լսեց «ուրիշ աշխարհի» կանչեր։ Ընդունվեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին և ավարտեց այն հաստատ որոշմամբ՝ ուսումը շարունակել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆի համառուսական պետական ինստիտուտում։

Եֆիմ Ձիգանի արվեստանոցն ավարտելուց հետո կինոյում Էդմոնդ Քեոսայանի մեծ ճանապարհը սկսվեց «Աստիճան» կարճամետրաժ ֆիլմով, որը Մոնտե Կառլոյի միջազգային կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակի։ Այնուհետև նրա առաջին լիամետրաժը՝ «Խոհարարուհին» կինոկատակերգությունը, դառնում է խորհրդային վարձույթի առաջատարներից մեկը։ Քեոսայանի ֆիլմերը նոր էջ բացեցին խորհրդային կինոյում՝ ապացուցելով, որ սովետական կինոն ևս կարող է ապահովել դրամարկղային աննախադեպ խոշոր հասույթներ։ Դրա վառ ապացույցը՝ 1966 թվականին «Մոսֆիլմ»-ում նկարահանված «Անորսալի վրիժառուները» ֆիլմն էր: Ինչպես իրավացիորեն նշում է կինոգետ Սիրանույշ Գալստյանը, արկածային կինոնակարը դարձավ 60-ականների կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և ունեցավ երկու շարունակություն։

Սիրանույշ Գալստյան

«Էդմոնդ Քեոսայանի տաղանդը բազմակողմանի էր: Նա ամեն ժանրի ֆիլմ կարող էր նկարահանել, և դրա վառ ապացույցը նրա կինոժառանգությունն է»,- ասում է Սիրանույշ Գալստյանը։

Էդմոնդ Քեոսայանը 1973 թվականին նկարահանեց «Տղամարդիկ» կատակերգությունը, իսկ մեկ տարի անց արդեն նա աշխատում էր հաջորդ՝ «Լքված հեքիաթների կիրճը» դրամայի էկրանավորման վրա։ Այս ֆիլմում իր առաջին գլխավոր դերն է մարմնավորել դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։ Կինոյում մեծ ճանաչում ու սեր վայելող Արմեն Ջիգարխանյանի և Լաուրա Գևորգյանի խաղընկեր լինելն անհավատալի էր թվում երիտասարդ դերասանին։ Հիշելով տարիներ առաջ կատարված իրադարձությունները՝ Ալեքսանդր Խաչատրյանը պատմում է, որ ֆիլմի հերոսներից մեկի դերը ստանձնելու առաջարկը եղավ Էդմոնդ Քեոսայանի հետ մի պատահական հանդիպման ժամանակ։

Ալեքսանդր Խաչատրյան

«Ընկերներիցս մեկի բնակարանում էինք, որտեղ հյուրընկալվել էր նաև Էդմոնդ Քեոսայանը։ Անկեղծ ասած ես չէի ճանաչում իրեն։ Այդ երեկոյից մի քանի օր անց զանգահարեցին և հրավիրեցին կինոլսման։ Ինձ համար անսպասելի հենց նույն օրը ասացին, որ ես եմ հաստատվել։ Ավելի ուշ իմացա, որ երբ ես իմ ընկերների հետ զրուցում էի, նա իր նստած տեղից անընդհատ ինձ էր նայում և որոշում է, որ ես եմ իր ապագա ֆիլմի դերակատարը»,- պատմում է Ալեքսանդր Խաչատրյանը:

Նկարահանման և մոնտաժային աշխատանքներից հետո պրեմիերան կայացավ Մոսկվայում։ Ռեժիսորական նուրբ վրձնահարվածներով և դերասանական տպավորիչ խաղով բեմադրված բացառիկ սիրո պատմությունը հանդիսատեսից և ոչ մեկին անտարբեր չի թողնում։

«Ես հիշում եմ, որ պրեմիերայի օրը ներկա էին բազմաթիվ դիվանագետներ։ Ֆիլմի ցուցադրությունից հետո նրանք միմյանց հետ կարծիքներ փոխանակելիս նշում էին, թե ինչքան անկեղծ սեր, հարգանք, նվիրվածություն կա գլխավոր հերոսների միջև։ Մի բան, որ կարծես պակասում էր և’ այն ժամանակվա, և’ այսօրվա զույգերի փոխհարաբերություններում»,- ասում է Ալեքսանդր Խաչատրյանը։

Փոխվում են մարդիկ, հասարակարգերն ու պետությունները, բայց ոչ մարդկային հույզերն ու ապրումները։ Այդ է պատճառը, որ սիրո, հավատարմության, դավաճանության և անձնազոհության մասին պատմող «Լքված հեքիաթների կիրճը» ֆիլմում ներկայացվող հուզիչ պատմությունը ժամանակներ չի ճանաչում և երբեք անհետաքրքիր ու ժամանակավրեպ չի կարող համարվել։  

Back to top button