Դպրություն

Բուհերը միավորվում են, սակայն կոնսենսուս չկա․ «Դպրություն»

Բուհերի խոշորացման հարցը անհանգստացնում է կրթական համայնքին։ Ակնկալվում էր, որ հարցը կդրվի ավելի լայն քննարկման։ Ինչո՞ւ է հարցը այսօր հակասական քննարկումների տիրույթում, ինչո՞ւ են առկա տարաձայնություններ, որտեղից են գալիս խնդիրները և ընդհանրապես գործընթացի հնարավոր ստվերային կողմերը։

Դավիթ Խիթարյան

«Որոշումների կայացման մեջ շտապողականություն է նկատվում։ Օրինակ՝ միասնական քննությունների հետ կապված․ երբ հարց բարձրացվեց, որ մեր կինեզոլոգիայի ֆակուլտետում քննություններից կենսաբանությունը դառնա միասնական, ես միանշանակ հանաձայնվեցի, ասելով, որ դա անշուշտ դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա։ Եթե երեխան ուզում է գալ մեր ինստիտուտ, սովորել կինեզոլոգիա, ապա դպրոցում նա կենսաբանությանը մեծ ուշադրություն կդարձնի։ Բայց ես չպատկերացրեցի, որ հունվարին կարող են այդ որոշումը կայացնել, հունիսին՝ դնել քննությունները։ Չէր կարելի այսպես վարվել դիմորդի հետ։ Եվ մեզ մոտ 64 դիմորդից 20–ը ընդունվեց։ Բայց, եթե ժամանակ տրվեր այդ երեխաներին, միանշանակ պատկերը այլ կլիներ»,– մտահոգվում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը։

Դավիթ Ամիրյան

«Բուհերում թափուր տեղերի պատճառը դպրոցական կրթությունն է։ Եվ այս փաստը չի կարող հիմք հանդիսանալ խոսելու անարդյունավետ կամ ոչ թափանցիկ կառավարման մասին։ Հիմա, այս որոշումները կայացվում են ինչ որ հայտարարության տեքստի հիման վրա։ Ինձ չի կարելի մեղադրել։ Ես ունեմ չփարատված կասկածներ, ինչպես կասեին իրավաբանները, որ սա հետապնդում է միգուցե քաղաքական, միգուցե կուսակցական շահեր, հետագայում վերահսկողություն ունենալու համար։ Միտումներ են նկատվում։ Որովհետև, որևիցէ հիմնավորում, որ սա լուծելու է ֆիզկուլտուրայի, հայոց լեզվի դասատուների, մաթեմատիկների, որակը բարձրացնելու, ներառական կրթության մասնագետների որակը, որը մեր այս ամբողջ ռազմավարության առանցքն է, որևէ կերպով չի համոզվում։ Ես կարող եմ միայն ենթադրել, որ սրա հիմքում կա ինչ որ ուրիշ մի շահ, որը որևէիցե կապ չունի կրթության հետ»,– ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»–ի փոխտնօրեն, ԵՊՀ դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Դավիթ Ամիրյանը։

Back to top button