Ծովահայեր

Սևանի կանաչ խնդիրը բիովառելիքի վերածելու բանաձևը. «Ծովահայեր»

Վերջին տարիներին Սևանի կանաչ խնդիրը, չնայած ձեռնարկվող միջոցառումներին, չի պատրաստվում «նահանջել»։ Հայ գիտնականներն էլ ցիանոբակտերիաներն այլընտրանքային էներգիայի վերածելու ուղիներ են գտել։ Սևանի կանաչ խնդիրը կենսավառելիքի վերածելու և ցիանոբակտերիաների վերամշակումը բուժական նպատակներով օգտագործելու բանաձը մշակում են ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողները։  

Սևանա լճի քաղցրահամ ջրի նմուշների ընդհանուր մանրէաբանական վերլուծության արդյունքում հայտնաբերել են ալգոլոգիապես մաքուր ցիանոբակտերիալ կուլտուրաների գերիշխող տեսակներ՝ Microcystis sp. Pc-001 և Pc-002, Anabaena sp. Pc-004 և Pc-007, Synechococcus sp. Pc-003, Phormidium sp. Pc-005 և Oscillatoria sp. Pc-006։ Գազահեղուկային քրոմատոգրաֆիկ մեթոդներով բացահայտվել է սինթեզվող լիպիդների ճարպաթթվային բաղադրությունը։

Ուսումնասիրությունների վերոնշյալ հատվածը նեղ մասնագետների համար է։ Իսկ եթե ավելի պարզ ներկայացնենք՝ Սևանա լճի ցիանոբակտերիաները, ինչպես նաև միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների և էներգիայի ստացման այլընտրանքային հարուստ աղբյուր։ 

Ջրիմուռներից կենսադիզել ստանալու առաջին փորձերը «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողներն արել են Խորվաթիայում, Զագրեբի համալսարանի գործընկերների հետ «Հորիզոն 2020»-ի շրջանակներում։ Փորձարկումները կատարվել են միայն լաբորատոր պայմաններում, դեռ չեն հաշվարկել, թե գիտափորձերի արդյունքները կիրառության մեջ կմտնե՞ն և տնտեսապես շահավետ կլինի՞ արդյոք այս եղանակով կենսավառելիքի արտադրություն կազմակերպելը։

Ցիանոբակտերիաներն ունակ են արտադրել այլ արժեքավոր կենսաբանական ակտիվ միացություններ, որոնք կիրառելի կլինեն նաև բժշության մեջ։

Բաղիշ Հարությունյան

Հետազոտությունները բավականին ծախսատար են ու կատարվում են և’ տեղական, և’ արտասահմանյան դրամաշնորներով։

Սևանի ահագնացող խնդրի՝ արդյունավետ կիրառության գիտափորձերի մասին «Ծովահայերի» տաղավարում պատմում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Բաղիշ Հարությունյանը։

Back to top button