Ժամանակի վկան

Քրիստոնյա համայնքների «մաշեցման» քաղաքականությունը Մերձավոր կամ Միջին Արևելքում․ Հրաչ Չիլինկիրեան․ «Ժամանակի վկան»

Սեպտեմբերի 15-24-ին գտնվելով Հայաստանում՝ Օքսֆորդի համալսարանի դասախոս, Հայկական սփյուռքի հարցախույզ ծրագրի ղեկավար, սոցիոլոգիայի դոկտոր Հրաչ Չիլինկիրեանը դասախոսություններով հանդես եկավ տարբեր գիտակրթական հաստատություններում, հարցազրույցներ տվեց լրատվամիջոցներին, հյուրընկալվեց նաև «Ժամանակի վկան» հաղորդաշարին։

Հրաչ Չիլինկիրեանի հետ այս հաղորդման ընթացքում վեր ենք հանելու Միջին կամ Մերձավոր Արևելքի հայ համայնքների արդի մարտահրավերները։ Որո՞նք են դրանք, ինչո՞ւ է հայ համայնքը դիտարկվում որպես «փոքրամասնությունների մեջ փոքրամասնություն», Թուրքիայի ռազմավարության վերաձևումները կայսրության հիմնական քաղաքականության համատեքստում․ այս և այլ հարցերի ու թեմաների պարզաբանումը կլրացնի և ավելի կհստակեցնի խնդիրը։

Նախ ներկայացնենք իրավիճակն անցյալ դարի սկզբից մինչև օրս, ապա այն մարտահրավերները, որոնց առերեսվում են Միջին Արևելքի քրիստոնյա համայնքները կամ փոքրամասնությունները, ի մասնավորի՝ հայ համայնքը հատկապես վերջին տասնամյակում։

Խնդիրներից մեկն էլ որպես մարդկային գործոն, կարելի է հանդիպել ամենուր․ այն է, որ պարզապես մարդը դադարում է հավատալ, որ կարող է տվյալ երկրում ապագա ունենալ ու փնտրում է ելքեր։ Այս ամենին հավելենք նաև տնտեսական անվտանգության մարտահրավերները, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում համայնքներում։

Ֆիզիկական, տնտեսական անվտանգային խնդիրներից հետո երևան է գալիս մշակութային անվտանգության մարտահրավերը, որը նույնպես չպետք է անտեսել։ Միայն հայկական համայնքները չեն, որ տուժում են այս խնդիրների պատճառով, նույնիսկ, երբեմն, եթե քանակական համեմատությամբ դիտարկենք, ապա այլ կրոնական պատկանելության համայնքներն ավելի են նոսրացել, քան հայկական համայնքները։

Հայկական համայնքներն այլ քրիստոնյա փոքր համայնքների հետ համեմատության պարագայում ի հայտ է գալիս հայրենիք ունենալու տարբերակիչ գործոնը։ Առանձնապես այս հարցում համամիտ եմ հյուրիս տեսակետի հետ․ նրա, որպես սոցիոլոգի և հայկական սփյուռքի գիտակի, վերլուծություններն արտածելով մեր իրականության վրա։ Միայն խոսքերով չես կարող կերակրել մարդկանց և «ապագա կա» ասելով չէ, որ կարող ես համոզել և հավատ ներշնչել․ մարդիկ կողմնորոշվում են փաստերով և իրական վիճակով։

Ակնհայտ է, որ դոկտոր Հրաչ Չիլինկիրեանի նշած ֆիզիկական, տնտեսական, մշակութային մարտահրավերների առջև այսօր կանգնած ենք նաև մենք՝ հայերս, Արցախում և Հայաստանում՝ մեր իսկ հայրենիքում, հետզհետե փոքրամասնություն դառնալու վտանգներով շրջափակված։ Որովհետև, եթե այսօր թշնամին տարածքներ է անարգել նվաճվում, ապագայում այդ տարածքները նաև կբնակեցնի անարգել, եթե դրա դեմ գործնական քայլեր չձեռնարկվեն։

Թուրքիան նույն «մաշեցման» քաղաքականությունն է վարում նաև հարևան երկրներում քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ՝ վերջին տասնամյակում ավելի բացահայտ ի ցույց դնելով իրական նպատակներն ու նկրտումները։ Նշածս նորություն չէ նաև Թուրքիայում տարվող ներքին ազգային քաղաքականության պարագայում։

Հրաչ Չիլինկիրեանը հատուկ շեշտեց քրիստոնյա արտագաղթողների պատկանելությունը որոշակի հասարակական շերտին՝ միջին խավին։ Թուրքիայում հասարակության վերաիսլամացման ներքին քաղաքականությունը գաղափարախոսության է վերածվել և պարտադրվում է նաև արտաքին աշխարհում, այդ թվում՝ արաբական երկրներում, որի նպատակն է Թուրքիայի ազդեցության մեծացումը տարածաշրջանում։

Back to top button