ԿարևորՎերլուծական

ՀԱՊԿ-ը Հայաստանի տարածքում չի տեղակայի որևէ պաշտպանական հավաքական զորախումբ․ փորձագետ

Հայկական կողմը տարածաշրջանի ռազմաքաղաքական հարցերի կարգավորումը փորձում է Մոսկվայից Բրյուսել տեղափոխել, սա Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին է վկայում։ Այս կարծիքին է ԵՊՀ դոցենտ, միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը։
«Ռադիոլուրի» հետ զրույցում փորձագետը զուգահեռներ է անցկացրել ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկի և ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին տրամադրվելիք հնարավոր օգնության միջև։ 

Փորձագետը նշել է, որ որևէ տեղեկություն չկա ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին տրամադրվելիք հնարավոր օգնության ձևաչափի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության տեղակայման մասին խոսակցություններ չեն եղել։  Ուստի, փորձագետի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությանը հակակշիռ ստեղծելու համար, գուցե, ռազմաքաղաքական այդ կառույցը ևս հանդես գա մոնիտորինգային նախաձեռնությամբ։

Սողոմոնյանը վստահ է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի տարածքում չի տեղակայի որևէ պաշտպանական հավաքական զորախումբ, որը ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում կկանխեր հակառակորդի նախահարձակ լինելը։ Դրա համար կան մի քանի պատճառներ։ Դրանցից մեկը, ըստ փորձագետի, ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն են, այդ թվում գազային և էներգետիկ շահերը, և, իհարկե, ՀԱՊԿ-ի անդամ Ղազախստանի և Ղրղզստանի բարեկամական սերտ կապերը Ադրբեջանի հետ։

ԵՊՀ դոցենտը կարծում է, որ խոսքը դաշինքի անդամ երկրների կողմից քաղաքական միջոցների կիրառման մասին է․ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին առնչվող արձանագրումները տվյալ դեպքում կփոխանցվեն Մոսկվային, որից հետո Կրեմլը գործի կդնի դիվանագիտական որոշ լծակներ։

Մենուա Սողոմոնյանը հիշեցրել է, որ չնայած դաշինքի կանոնադրությունում ամրագրված` անդամ երկրներից մեկի դեմ ռազմական ագրեսիան զսպելու մասին դրույթներին, ՀԱՊԿ-ի անդամակցության «դե ֆակտո»  առավելությունն այն է, որ կառույցի անդամ պետությունները հնարավորություն ունեն միջազգային շուկայական գներից անհամեմատ էժան զենք գնել։

Հոկտեմբերի 20-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդը քննելու է Հայաստանին աջակցություն տրամադրելու առաջարկները: 

Ըստ այդմ` ենթադրվում է, որ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն տրամադրելու համատեղ քայլերի մասին:

Back to top button