ԿարևորՔաղաքական

Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Իրանի ԱԳ նախարար

Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ ԻԻՀ-ն տալիս է հայ ժողովրդի հետ հազարամյա հարաբերություններին՝ ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կապանում գլխավոր հյուպատոսության բացման արարողության իր ելույթում:

Սյունիքի մարզկենտրոնում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու մտադրության մասին հայտարարվել էր նախորդ տարեվերջին։  Հյուպատոսությունը լիարժեք կսկսի աշխատել այս ամսվա վերջին, չնայած գլխավոր հյուպատոսն արդեն մեկ շաբաթ  Կապանում է։ Մորթեզա Աբեդին Վարամինը, Իրանի արտգործնախարարի խոսքով,  պրոֆեսիոնալ դիվանագետ է:

Կապանում իրանական հյուպատոսություն բացելու մասին մոտ  մեկ տարի  առաջ ձեռք բերված երկկողմ համաձայնությունն այլևս իրականություն է։ Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզկենտրոնում պաշտոնապես բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ Չնայած շենքի շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են, բայց հյուպատոսությունը երկուշաբթի օրվանից կսկսի գործել։ Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ  Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան լավ հնարավորություն էր նրա մասնակցությամբ  բացելու  գլխավոր հյուպատոսությունը։ 

Կարմիր ժապավենը կտրում են  Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Արարատ Միրզոյանը  օրը  նշանակալից է համարում  հայ-իրանական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ:  Միրզոյանի խոսքով՝  Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկկողմ  հարաբերություններին, կխթանեն փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը։ Նախարարը պատահական չի համարում այն, որ միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 –րդ տարում:Արարատ Միրզոյան․

«Անցած 30  տարիների ընթացքում մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով: Վստահ եմ, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր՝ ապագա  փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար»։

Հայաստանի ու Իրանի միջև  փոխգործակցությունը, ըստ նախարարի,  ներառում է ընդգրկուն քաղաքական օրակարգ։ Նաև՝  առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում ամուր կապեր, որոնք ավելի կխորանան  և որակական ու գործնական նոր շունչ կստանան գլխավոր հյուպատոսության շնորհիվ։

Արարատ Միրզոյան. «Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր»: 

Շարունակելով գործընկերոջ միտքը՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասաց, որ գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ Իրանը տալիս է հայ ժողովրդի հետ հազարամյա հարաբերություններին։

«Ես ուզում եմ Կապանի հարգարժան և հյուրընկալ քաղաքացիների ներկայությամբ հայտնել, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանները»:

Աբդոլլահիանն ընդգծեց, որ Սյունիքի մարզը՝  հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկն է։ Նրա խոսքով՝ իրանական կողմը առավելագույն ջանքեր կգործադրի, որ տարանցիկ այս ուղին կայանա, ինչպես նաև ապրանքափոխադրումներն ու  ուղևորափոխադրումներն ավելի զարգանան։

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին լրագրողերի հետ զրույցում անդռադառնալով Սյունիքի անվտանգային խնդիրներին ու ադրբեջանական կողմի ագրեսիային՝ հավաստաւցիարեց, որ կապանցիներն այլեւս անհանգստանալու առիթ չունեն ։

«Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որևէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու: Մենք ցանկանում ենք խաղաղ և կայուն Հայաստան: Այստեղ մեր պատգամը խաղաղության և բարեկամության պատգամ է: Բնականաբար, երկու երկրների շահերն ի նկատի կունենանք: Ես Կապանի բնակչության համար ևս մեկ անգամ շեշտում եմ՝ չանհանգստանաք, ես Կապանում եմ»։

Հանդիսավոր բացումից հետո տեղի ունեցավ երկու արտգործնախարարների առանձնազրույցը։

Back to top button