Երաժշտական եռանկյունի

Հասմիկ Հացագործյան, Տաթև Բարոյան՝ օպերային երգարվեստի երկու սերունդ․ «Երաժշտական եռանկյունի»

Ակադեմիական երգեցողության մասին խոսելիս, հատկապես նկատի ունենալով օպերային ժանրը, մենք հատուկ նշանակություն ենք տալիս սերնդափոխությանը և այդ առումով հաղորդման հյուրերը ներկայացնում են կատարողների երկու սերունդ:

Հասմիկ Հացագործյանը ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, սոպրանո, օպերային երգչուհի է, ով հարուստ բեմական կենսագրություն ունի և տասնամյակների մանկավարժական փորձ, և Տաթև Բարոյանը՝ երիտասարդ երգչուհի, ով առաջին քայլերն է անում օպերային արվեստի բնագավառում՝ քաջալերվելով իր ուսուցչի կողմից:

Իմ հարցին, թե տեսնո՞ւմ եք սերունդների մեջ տարբերություն, Հասմիկ Հացագործյանը պատասխանում է. «Տարբերությունը պայմանավորված է առաջին հերթին այն լայն հնարավորություններով, որոնք ունի երիտասարդ սերունդը՝ նկատի ունենալով մրցույթները, փառատոները և համացանցային կապերի հնարավորությունը: Այդ ամենը դժվար էր պատկերացնել մեր ավագ սերնդի երգիչների պարագայում, որովհետև մեզ բաժին ընկան պատմական ծանր տարիները, երբ երկիրը պատերազմի մեջ էր և ո՛չ կապերի, ո՛չ շրջագայությունների, ո՛չ էլ մրցույթների մասին խոսք լինել չէր կարող:

Չնայած ես Պորտուգալիայում 1991-ին մասնակցել եմ Լուիզա Տոդիի անվան մրցույթին՝ արժանանալով առաջին մրցանակին: Մինչ այդ 1990-ին Իտալիայում արժանացա երկրորդ մրցանակի, ինչպես նաև Բելինիի անվան հատուկ մրցանակի: Իսկ իմ ամենաառաջին մրցույթը 1989թ.-ին էր, Բրազիլիայում, ուր ես նվաճեցի «Մեծ մրցանակը»:

Հասմիկ Հացագործյանը մեր ազգային օպերային թատրոնի առաջատար մեներգչուհիներից է, կերտել է բազմաթիվ դերերգեր՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»՝ Փառանձեմ, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում Անուշ, Նորմայի դերերգը Բելինիի «Նորմա» օպերայում, Պուչինիի «Բոհեմում» և «Տոսկայում», Պաոլինայի դերերգը Դոնիցետիի «Պողիկտոսում», Ջուզեպե Վերդիի Վիոլետը «Տրավիատայում» և Դեզդեմոնայի դերերգը «Օթելլոյում»:

Տաթև Բարոյանը հանդիսանում է Հասմիկ Հացագործյանի սանը և նշում է, որ պարապմունքներն իր ղեկավարի հետ անցկացվում են և հեռավար եղանակով և այն ժամանակ, երբ նա գալիս է Հայաստան: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա հասցրել է մասնակցել մի շարք մրցույթների և արժանանալ մրցանակների, հատկապես «Պրեմիեր-օպերա» հիմնադրամի նյույորքյան մրցույթին և Մետրոպոլիտեն օպերայի ազգային մրցույթին:

«Մրցույթներին մասնակցությունը հնարավորություն է տալիս ներկայանալ տարբեր հարթակներում, ինչի հետևում են աշխատանքի և համագործակցության առաջարկները: Հենց մրցույթների շնորհիվ ես ստացել եմ առաջարկներ Սարասոտա օպերայի կողմից՝ 2018-ին և 2019-ին, «Տիատրո նուովո» նյույորքյան թատրոնի կողմից՝ 2019 և 2021 թվականներին և վերջին ամենակարևոր առաջարկությունը եղավ Նյու Յորքի «Սիթի օպերայի» կողմից 2022-ին:

Հաղորդման ընթացքում հնչում են Հասմիկ Հացագործյանի և Տաթև Բարոյանի մի շարք դերերգերն ու կատարումները:

Back to top button