Մոռացված ֆիլմերի ստվերները

Կինոօրագիր-սիրո խոստովանություն՝ Գրիգոր Մելիք-Ավագյանից. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր, սցենարիստ Գրիգոր Մելիք-Ավագյանն անցյալ դարի 80-ականների առաջին կեսին նկարահանեց «Երևանյան երազողներ» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմ, որն ինչպես նշում է կինոգետ Սիրանույշ Գալստյանը, տաղանդաշատ ռեժիսորի սիրո խոստովանությունն էր իր հարազատ քաղաքին։

Սիրանույշ Գալստյան

«Բանաստեղծական-վավերագրական ֆիլմ. այսպես ես կանվանեի այս կինոնկարը։ Հեղինակային ֆիլմ, որն իրենից ներկայացնում է մի կինոօրագիր։ Այն դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ տարիների փորձառություն ունեցող Գրիգոր Մելիք-Ավագյանը կարծես թերթում է և դիտողին է ներկայացնում իր հուշերի ալբոմը»,-ասում է Սիրանույշ Գալստյանը։

Գրիգոր Մելիք-Ավագյան

Բազմաթիվ գեղարվեստական ու վավերագրական կինոնկարների հեղինակ Գրիգոր Մելիք-Ավագյանը տարիներ շարունակ ցանկանում էր իր սիրելի քաղաքի մասին պատմող մի ֆիլմ նկարահանել։ Երևանի ամեն մի ձեռքբերումով ոգևորվող ռեժիսորը երազանքն իրականացրեց 1982 թվականին։ Նա «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի ղեկավարությանը ներկայացրեց սցենար, որի հաստատումից հետո շատ կարճ ժամանակում հավաքեց նաև ստեղծագործական խմբի անդամներին։

Կինոռեժիսոր Գրիգոր Հարությունյանն այս ֆիլմում հանդես եկավ որպես ռեժիսորի ասիստենտ։ Նա այն եզակի մարդկանցից է, որին բախտ է վիճակվել ոչ միայն ուսանել Գրիգոր Մելիք-Ավագյանի արվեստանոցում, այլև աշխատել նրա հետ։ Վերհիշելով ավելի քան չորս տասնամյակ առաջ արված նկարահանումները՝ պատմում է, որ Գրիգոր Մելիք-Ավագյանին հաջողվել էր հավաքել մի ստեղծագործական խումբ, որն աչքի էր ընկնում ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, այլև հումորի բացառիկ զգացողությամբ:

Գրիգոր Հարությունյան

«Շատ հետաքրքիր, տաղանդավոր մարդկանցով լեցուն մի խումբ էր հավաքվել։ Ֆիլմի նկարիչն էր Վալենտին Պոդպոմոգովը, օպերատորը Ստեփան Մարտիրոսյանը, ես՝ ձեր խոնարհ ծառան և էլի շատ ու շատ տաղանդավոր մարդիկ, որոնց հումորային աֆորիզմները ես վայելում էի ողջ օրվա ընթացքում»,- ասում է Գրիգոր Հարությունյանը։

Յուրաքանչյուր քաղաք ունի իր դեմքը, ճարտարապետական ոճը, բարքերը, ավանդույթները, ունի իր զարգացման հեռանկարները։ Շատ մասնագետների այսօր առավելապես անհանգստացնում է մեր մայրաքաղաքի դիմագծի՝ օր օրի անհետացումը։ Կինոգետ Անետա Երզնկյանը կարծում է, որ Երևանի դիմագիծը փրկելու և պատմական կառույցները պահպանելու գործին կարող է նպաստել նաև այս ֆիլմի հաճախակի ցուցադրումը:

Անետա Երզնկյան

«Ես կարծում եմ, որ ֆիլմը պետք է ցուցադրվի հաճախակի, որովհետև նա մեզ վերադարձնում է անցյալ դարի 60-70-ական թվականներ, երբ մեր մայրաքաղաքը այլ դիմագիծ և առօրյա ուներ»,- նշում է Անետա Երզնկյանը:

«Երևանյան երազողներ» ֆիլմն այժմ պահպանվում է Հանրային հեռուստաընկերության և Երևանի պատմության թանգարանի արխիվներում։ 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում պատմության թանգարանում կազմակերպվեց «Երևանյան երազողներ» ֆիլմի ցուցադրությունը։ Այդ երեկոյին ներկա գտնվողներից շատերն առաջին անգամ դիտեցին և տեղեկացան ֆիլմի գոյության մասին։

Այս ֆիլմը պատմում է կատարված երազանքների մասին, սակայն անկատար է մնում ֆիլմը ստեղծողների երազանքը։

Back to top button