Գերդաստաններ

Պողոսյաններ ․«Ձորի Միրոյի» հայտնի օպերատորն ու մոդեռն ճարտարապետական կոթողների հեղինակը․ «Գերդաստաններ»

Տարիներ առաջ Երևանում ՝ Ղուկասյան և Գնունի փողոցների հատման անկյունում, գտնվում էր Ջափարիձե փողոցը՝ իր երկարավուն թաղերով, որոնցից յուրաքանչյուրն ասես մի ընտանիք լիներ։

Երեկոներն այստեղ նստում էին, զրուցում դեսից-դենից, մեծերը խոսում էին իրենց  ջահելությունից և հետևում թոռնիկներին, որոնք հոլ, չլիկ դաստա, լախտի, պախկվոցի էին խաղում։

Այսօր այս փողոցը չկա, քանդել են, նոր շենքեր կառուցել, իսկ ես որպես քաղաքացի կուզեի տեսնել այս կոլորիտային փողոցից գոնե մի անկյուն, արվեստի ցուցանմուշի վերածված մի պատառիկ, որպեսզի օպերատոր Լաերտ Պողոսյանն ու ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը, շրջելով իրենց հարազատ փողոցով, մի պահ կանգ առնեին ու իրենց կարոտը փոքր-ինչ փարատեին։

Կոշկակար Գարուշ պապին դպրոց գնալու բախտը չունեցավ։ Այս գերդաստանի պատմությունը սկսենք հենց նրանից, ու կարևոր չէ, որ նա հանրահայտ գործիչ չէր։ Նա կոշկակար էր, ուներ երկու բիզ, երկու կեռ ասեղ, շաքարաթել ու մեղրամոմ, և խփած ամեն մեխի հետ իր ծանր տարիներն էր հիշում, հիշում էր ֆայտոն քշելը, պատ շարելը։

Ասում են, երբ մի բան էին հարցնում իրեն, եթե գիտեր այդ հարցը լուծելու ճանապարհը, բայց  չուներ հնարավորություն, ասում էր. «Երգ շատ գիտեմ, բայց ձայն չունեմ»։

Թիթեղյա վառարանի ու եռացող թեյնիկի մոտ նստած պապին են միշտ հիշում եղբայրները, ասում է Լաերտ Պողոսյանը։

Եղբայրների հայրը Գրիշա Պողոսյանն էր, ու բացի նրանից, որ լավ թամադա էր, սիրում էր զրուցել, սիրում էր երեխաներին, սիրում էր քնքուշ ու մեղմ։ Նա ամեն անգամ պատգամում էր. «Հույսդ ոչ մեկի վրա մի դիր, ձեռքդ դիր ծնկիդ ու վեր կաց, կանգնիր»։

Գրիշա Պողոսյանը լավ դերասան էր, Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում խաղում էր Սահակ Սևադա։ Նաև լավ լուսանկարիչ էր։ Իսկ այս տան լույսը Գրիշա Պողոսյանի կինն էր՝ գեղեցիկ, ժպտադեմ, հյուրասեր Մարգոն։

Բազմաշնորհ արվեստագետ էր Գրիշայի եղբայրը՝ Հարություն Պողոսյանը։ Դեռ 1950-ական թվականներին, երբ տեխնոլոգիաներն այսքան չէին զարգացել, նա բրնձի հատիկի վրա պատկերեց Ավետիք Իսահակյանի դիմանկարը։

Այս գերդաստանից էր նաև ժամանակին հայտնի դուդուկահար ուստա Կարոն, իսկ  նրա թոռը արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Սարգսյանն է։

Եղբայրներից Լաերտ Պողոսյանը ավարտում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, ընդունվում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ։ Բայց հետո նորից սկսվում են դժվար փնտրտուքները, Լաերտը նորից ընկնում է մասնագիտական որոնումների մեջ։ Եվ հաղթում է այն, ինչը մանկության տարիներին սովորեցրել էր հայրը՝ լուսանկարչությունը։

Եվ ահա մեկը մյուսի հետևից ծնվում են փայլուն ֆիլմեր՝ «Մեր դարը», «Չարենց», «Արամ Խաչատուրյան», «Ձորի Միրո» և այլն։ Սրանց բոլորի օպերատորը  Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Լաերտ Վաղարշյանն էր։

Հրաչյա Պողոսյանը  ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ է, ակադեմիկոս, ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի թղթակից  անդամ, նա հեղինակն է Աբովյան և Սևան քաղաքների գլխավոր հատակագծերի, նրա համահեղինակությանբ են կառուցվել «Ռոսիա» կինոթատրոնը, Երիտասարդության  պալատը, որն արդեն չկա, Մարզահամերգային  համալիրը և  այլ հայտնի շենքեր։ 

Լաերտ Պողոսյանն արդեն բավականին ժամանակ է՝ ապրում է ԱՄՆ-ի Կոլորադո  նահանգի Դենվեր քաղաքում, որտեղ կա հայկական համայնք՝ կազմված Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից եկած հայերից։

Նրանք հաճախ են հավաքվում, զրուցում, պատմում լավ ու վատ օրերից։ ԱՄն-ում է ապրում Լաերտ դուստրերից Մարգարիտան, իսկ մյուս երկուսը՝ Զառան և Նունեն, Երևանում են։

Հետաքրքիր ֆիլմերի օպերատորն ու հետաքրքիր, մոդեռն ճարտարապետական կառույցների  հեղինակները՝ Պողոսյան եղբայրները, պատկառելի տարիք ունեն, սակայն երիտասարդի ավյուն ու եռանդ։

Ճիշտ է, այսօր չեն ստեղծագործում, սակայն ապրում են յուրաքանչյուրն իր ստեղծագործության հետ, վշտանում, եթե հանկարծ դիպչում են ու ավերում իրենց ստեղծածը, քանի որ հոգի են դրել, ստեղծագործական մեծ եռանդ, ազգային շունչ ու մտածելակերպ։  

Back to top button