ԿարևորՀասարակություն

Սիսիանի ավագանու անդամները վայր են դնում մանդատները

Սիսիանում  հետընտրական քաղաքական ճգնաժամ է․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու անդամի մանդատ ստացած 5 ուժերից 3-ը հայտարարել են մանդատներից հրաժարվելու մասին։ Միայն այսօր թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 63 թեկնածուից ինքնաբացարկի դիմում է ստացել։ Արդեն երկրորդ անգամ  ավագանու նիստը քվորում չլինելու պատճառով կայանում։

Չնայած նախօրեին՝ ուշ երեկոյան Սիսիանի համայնքի ավագանու«Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող ավագանու անդամները իրենց գործընկերներին կոչ էին արել մասնակցելու հոկտեմբերի 18-ին կայանալիք ավագանու արտահերթ նիստին, սակայն այս անգամ ևս, ինչպես նախորդ անգամ, քվորում չկար։ Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ հոկտեմբերի 12-ին ավագանու 21 անդամներից 9-ի քվեարկությամբ  համայնքի ղեկավար ընտրված Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը։  Նիստին մասնակցում էին կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  8 անդամները և «Հանուն Հանրապետության» երկու անդամներից մեկը՝ Նազիկ Յազուլյանը։

Հենց վերջինի քվեարկության արդյունքում 9 կողմ ձայնով համայնքի ղեկավար ընտրվել Արմեն Հակոբջանյանը՝ հաղթելով ընդդիմադիր «Աշխատանք և Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Առաքելյանին։ Վերջինը ստացել էր 8 քվե։ «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունները և «Աշխատանք և Արդարություն» դաշինքը հայտարարել են, որ վայր են դնում մանդատները, ուստի չեն մասնակցելու հրավիրվող նիստերի աշխատանքներին։ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակում գրանցված 42 թեկնածու կա , «Աշխատանք և Արդարություն» դաշինքում՝ 62, «Մեկ Հայաստանում»՝ 39։ 

«Աշխատանք և Արդարություն» դաշինքի  ընտրացուցակը գլխավորող  Հայկ Առաքելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ մանդատներից հրաժարվելու գործընթացը սկսված է․ թեկնածուները նոտարով հաստատում են դիմումները և ներկայացնում ընտրատարածքային հանձնաժողով։

«Ինքը մի քիչ երկար պրոցես է,  նոտարով անում ենք, ուղարկում ընտրատարածքային հանձնաժողով։ Ուրբաթ օրվանից ենք սկսել, այսօր ժամը 1-2-ի ողմերը 20 հոգու դիմում ուղարկել ենք, որպեսզի սահմանված  72 ժամը չանցնին։ Մնացածը հերթով գրում են, հաստատում է նոտարը ու հերթով ուղարկելու ենք»։  

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն հոկտեմբերի 18-ին  արտահերթ նիստ է հրավիրել․ օրակարգում՝ Սիսիան համայնքի ավագանու 2022թ․ սեպտեմբերի 25-ին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած մանդատից հրաժարված ավագանու անդամի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցն է։ Լսենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանին․

«Ընդհանուր 63 դիմում ենք ստացել, 29 –ը ՝«Ապրելու երկրից», 7 –ը՝ «Մեկ Հայաստան» կուսակցությունից, 23–ը «Աշխատանք և արդարություն» դաշինքից։

-Փաստորեն շարունակական կլինի գործընթա՞ցը։

-Ըստ էության այո, նոտարը հաստատի,օրվա մեջ պիտի հաստատի,  դիմումները բերեն, ընդունենք, նիստ կհրավիրենք։ Մենք նիստ անելու խնդիր չունենք»։

Արտահերթ ընտրությունների մասին երեք օր առաջ հայտարարել է Սիսիանի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը՝ դժգոհելով, որ նիստին չգալով, համայնքն ու սիսիանցին կտուժեն։ Արմեն Հակոբջանյան․

Ուզում եք արտահերթ ընտրություններ, խնդրեմ, քանի որ ինքս եմ դա առաջարկել բոլորին։ Ես վստահ եմ, որ այս անգամ ավելի բարձր ցուցանիշներ ենք ունենալու։ Թող լինի արտահերթ ընտրություն, բայց այս անգամ գիտակցեք, որ ընտրություն ենք կատարելու կոռումպացված անցյալի և լուսավոր ապագայի միջև»։

Մանդատները վայր դնելով՝ արտահերթ ընտրությունների փորձում են հասնել նաև ընդդիմադիր ուժեր։ «Ապրելու երկիր» խմբակցությունը հենց այդ նպատակով էլ հիմնավորել էր մանդատները վայր դնելու որոշումը և նշել, որ նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում:

3 խմբակցությունների բոյկոտի պայմաններում  Սիսիանի համայնքի ավագանին իրավազոր չէ որոշումներ ընդունելու։ Օրենսդրությունն այս իրավիճակում  կառավարության որոշմամբ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցում և արտահերթ ընտրությունների նշանակում է նախատեսում։

Back to top button