Երաժշտական եռանկյունի

Երևանի պետական կամերային երգչախումբը՝ միջազգային մրցույթի հաղթող. «Երաժշտական եռանկյունի»

Վերջերս Լեհասատանի «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին մասնակցած Երևանի պետական կամերային երգչախումբը հաղթանակով վերադարձավ Հայաստան՝ իր հետ բերելով առաջին մրցանակ:

«Հայնովկա-2022» միջազգային ուղղափառ օրթոդոքս եկեղեցական երաժշտության փառատոնը համարվում է Եվրոպական հնագույն փառատոներից մեկը, -ասում է երգչախմբի տնօրեն Եվա Խաչատրյանը:

«Մեր մասնակցությունն այդ միջոցառմանը շատ պատվաբեր էր և պատասխանատու: Փառատոնին սովորաբար մասնակցում են ուղղափառ եկեղեցիների երգչախմբերն ամբողջ աշխարհից՝ Աֆրիկայից Եվրոպա, Միջին արևելքից հյուսիսային երկրներ»:

Երևանի պետական կամերային երգչախումբը հայտնի է նրանով, որ դեռևս Հարություն Թոփիկյանի ղեկավարած շրջանում այն ընդգրկել էր երգացանկում կոմիտասյան հոգևոր երգչախմբային երաժշտության ամբողջ ժառանգությունը, և Լեհաստանում փառատոնը լավ հնարավորություն էր հնչեցնելու այն եվրոպական բեմերից:

Ինչպես վկայում են երգչախմբի ղեկավար Քրիստինա Ոսկանյանը և երգչախմբի արտիստ, երգչուհի Ժաննա Դավթյանը, փառատոնը հնարավորություն տվեց ոչ միայն ներկայացնելու երգչախմբի արվեստը, այլ նաև ծանոթանալու երգչախմբերի և իրենց ղեկավարների հետ Պաղեստինից, Եգիպտոսից և բազմաթիվ եվրոպական երկրներից:

Սովորաբար այդ միջոցառումը անցկացվում է որպես փառատոն, բայց այս տարի նաև կազմակերպվել էր մրցույթ, ինչին մեր արվեստագետները պատրաստ չէին և հասնելով Լեհաստան՝  անակնկալի էին եկել: Մրցույթն անցկացվում էր Վարշավայի Սուրբ երրորդության եկեղեցում՝ խստապահանջ հանդիսատեսի ներկայությամբ, և Երևանի Պետական Կամերային  երգչախումբը պարզապես գերել է ժյուրիին և ներկաներին ոչ միայն հոգևոր երգացանկով, այլ նաև բարձր կատարողական արվեստով:

Նման միջոցառումներին մասնակցությունը շատ կարևոր է հատկապես մեր հետպատերազմյան շրջանում, քանի որ առիթ է տալիս եվրոպացիներին ծանոթանալու ոչ միայն մեր հոգևոր արժեքներին, երաժշտությանը, այլ նաև վերհաստատում է հոգևոր, համամարդկային արժեքների վեհությունն ու նշանակությունը, ստեղծում է մշակութային կամուրջներ՝ օտարերկրյա մշակութային գործիչների հետ:

Նման շփումների կարևորությունն ընդգծում է կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարը՝ նշելով, որ մի շարք երգչախմբերի դիրիժորներ շնորհավորելով հաղթանակը՝ նաև խնդրեցին նոտաներ: Սա ստեղծում է ապագայում համագործակցության լայն հնարավորություններ և  համատեղ հեռանկարային մշակութային նախագծեր:

Հաղորդման ընթացքում հնչում են Երևանի պետական կամերային երգչախմբի փառատոնային կատարումները, ինչպես նաև Կահիրեի ղպտիական երգչախմբի, Պաղեստինի «Սիրաջ» երգչախմբի, ռումինական «Սաղմոսսների» երգչախմբի, Մոլդովայի «Գլորիա» երգչախմբի և ուկրանինական «Զնամենիա» երգչախմբի կատարումները:

Back to top button