Վերնատուն

Լեզվային խնդիրները` ոգու տարածքում․ «Վերնատուն»

Գյումրեցի բանասեր, բանաստեղծ, հայագիտական մի շարք հետազոտությունների հեղինակ, ՀԳՄ Շիրակի մասնաճյուղի «Եղեգան փող» պարբերականի գլխավոր խմբագիր, բանաստեղծությունների 5 ժողովածուի հեղինակ Ռոզա Հովհաննիսյանը խոսում է ստեղծագործական ու գիտական իր փորձառությունից, լեզվի մաքրության մերօրյա խնդիրներից ու մարտահրավերներց, զարգացման հեռանկարներից։

Խոսելով Շիրակի մշակութային ու լեզվական առանձնահատկությունների մասին՝ ասում է՝ շիրակցու խոսքը բանահյուսահեն է, իսկ լեզվամթերքում «մի յուրօրինակ «էշխ» կա՝ ստեղծագործական եռանդ կա, էներգիա կա, նույնիսկ եթե նա ստեղծագործող չէ»։

Ռոզա Հովհաննիսյանը ԳԱԱ–ի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում գիտաշխատող է։ Ասում է՝ գիտությունից անցումը դեպի գեղարվեստական խոսք ուրույն հաճույք է ու ծես, իսկ բառը քիմքով է զգում․ «Հաճույք է, թե ինչպես է բառն ինձ ուղղորդում՝ բառը որպես պատկեր, բառը որպես ոգի, որպես ապրում, գույն, գիծ, մեղեդի։ Ամեն ինչ ես տեսնում եմ բառի մեջ, և հայերենի բառերը ոչ մի սահմանափակում չունեն, որ ինձ փակ տարածքի մեջ պահեն», – ասում է բանաստեղծը։

Ռոզա Հովհաննիսյանը կարևորում է յուրաքանչյուր անդրադարձը լեզվին, ասում է՝ այն մեզ մոտեցնում է մեր ինքնությանը։ «Այսօր, եթե մենք ոգելքված ենք, ուրեմն՝ հեռացել ենք մեր արմատներից, դրանք պետք է կենսունակ դարձնել մեր կյանքում։ Լեզվային խնդիրները պետք է դիտել ոչ միայն տեքստային վերլուծությամբ, այլ՝ ոգու տարածքում։

Այսօր մեզ պետք է վարքի գրականություն, վարքի արվեստ, վարքի գիտություն, հարաբերությունների գիտություն, և լեզվական մշակույթը պետք է տանել մեր կյանքի ամենախոցելի տեղերը», – ասում է բանաստեղծը։

Back to top button