Երկրորդ շնչառություն

Ուշացած մուսա․ Գրետա տատը 75 տարեկանում սկսել է նկարել․ «Երկրորդ շնչառություն»

Տիկին Գրետան 82 տարեկան է, սկսել է նկարել 75 տարեկանից շատ պատահական, հինգ տարվա ընթացքում այնքան է կատարելագործվել, որ արդեն ունեցել է անհատական ցուցահանդես։ Դպրոցն ավարտելուց հետո դերձակուհի է դարձել, կարել է 30 տարուց ավելի, ապա ընտանիքին օգնելու նպատակով մոտ 20 տարի ընտանեկան բիզնեսում՝ փոքր խանութում է աշխատել։

Հպարտանում է իր չորս զավակներով և թոռներով, իսկ ծոռների համար նախատեսված «Ներկիր ինքդ» ալբոմը ճակատագրական է դարձել։ «Սեղանին դրված էր մանկական բլոկնոտ, թերթեցի մի կապիկ տեսա, այնքան սիրտս կպավ այդ կենդանուն, գրիչով սկսեցի նկարել, ինքս չզգացի, թե այդ նկարը ոնց ստացվեց։ Տղաս եկավ տեսավ ու հարցրեց, թե սա ով է նկարել։ Ասացի՝ ես տղաս, և այսպես սկսվեց իմ նկարչական շրջանը»,-պատմում է տիկին Գրետան։

Նա սկսել է նկարել հայ մեծերի դիմանկարները, իրականացրել է երազանքն ու ստեղծել նաև Կարեն Դեմիրճյանի դիմանկարը։ Հետագայում հարևան-բարեկամներից ինքնուս նկարիչն արդեն պատվերներ է վերցրել։ Նրա նոր նախասիրությունն ընտանիքի անդամներն ու հատկապես ավագ թոռնուհին Անահիտը շատ են ողջունել, հնարավոր ամեն բան արել են աջակցելու և խրախուսելու համար։ Բակում տատիկին նկարչական խմբակի այցեքարտ են տվել թոռներին բերելու համար, իսկ նա որոշել է՝ գուցե ինքս էլ փորձեմ։

«Տղաս էլ չէր թողնում աշխատեմ, ասում էր մեծ ես, արդեն ամոթ է, տվեցի այցեքարտը նրան ու ասացի՝ ես իմ գործը գտել եմ։ Նայեց ու ասաց՝ մա՛մ գնա»,-հիշում է տիկին Գրետան՝ խոստովանելով, որ միայնակ չէր գնա նկարչական դպրոց, եթե ավագ թոռնուհին՝ Անահիտը չաջակցեր։

«Ինձ արվեստի հետ հաղորդակից անողն իմ տատն է եղել, հիմա հասկանում եմ, որ նրանից էլ ստացել եմ ստեղծագործելու շնորհը։ Դա նվազագույնն էր, որ կարող է անել տատիս համար։ Շատ հուզված էինք, ասես սեպտեմբերի մեկը լիներ, տատիս ձեռքը բռնեցի ու գնացինք նկարչական ստուդիա»,-հիշում է Անահիտը։

Տիկին Գրետան սկսել է մատիտից, ապա անցել է ջրաներկի, վերջին փուլում նկարում է յուղաներկով, կտավի վրա։ Առաջին ցուցահանդեսը խմբակային է եղել, 11 նկար է ներկայացրել տիկին Գրետան, հունիսին Նարեկացի արվեստի միությունում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը։ «Շատ ուրախ եմ, երջանիկ ու ոգեշնչված։ Ոչ մի բանից էլ չեմ վախենում, եթե հնարավոր լիներ ժամանակը 20-30 տարով ետ վերադարձնել, ապա ես ավելի վաղ կսկսեի զբաղվել նկարչությամբ»,- եզրափակում է տիկին Գրետան՝ բոլորին խորհուրդ տալով չվախենալ և զբաղվել սիրած գործով։

Back to top button