Ծովահայեր

Քիմիական պարզ բանաձևի բարդ անհայտները. «Ծովահայեր»

Թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմից կազմված, քիմիկան պարզագույն՝ H2O բանաձևը պարզվել է 1800 թվականին, սակայն մինչ օրս «կենսատու ջուր» երևույթը գիտնականների շարունակական հետազոտության և նոր բացահայտումների անսպառ աղբյուր է։ «Ծովահայեր»-ում ջուրն է՝ գիտելիքների խաչմերուկում․ լաբորատոր փորձարկումներից մինչև ժողովրդական բանահյուսություն և ինտեգրված ուսուցման նոր մոտեցումներ, ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու, Շիրակի պետական համալսարանի դոցենտ Նելլի Ադամյանն, ում հեղինակությամբ 2018 թվականին լույս տեսավ «Ջուրը գիտելիքների խաչմերուկում» աշխատությունը։

Էվոլյուցիոն տեսության համաձայն, կյանքն առաջացել է ծովում, պատկերավոր ասած, կյանքը կենդանացած ջուրն է։ Ջուրը կենդանի օրգանիզմի ներքին միջավայրի հիմնական բաղադրամասն է։ Մարդու օրգանիզմում ջրի 2% -ի պակասն առաջացնում է ծարավի զգացում, 6-8%-ի պակասը՝ ուշաթափություն, 10%-ի պակասն առաջացնում է զգայապատրանք (հալյուցինացիա) և կուլ տալու խնդիրներ։ Մարդու օրգանիզմում ջրի 12%-ի կորուստը չի կարող վերականգնվել առանց բժշկական միջամտության, իսկ 20%-ի կորուստն հանգեցնում է մահվան։

Նելլի Ադամյանին տպավորել է հատկապես ռազմական ինստիտուտներից մեկի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը. «1956 թվականին հարավարևելյան Ասիայի ռազմական ինստիտուտներից մեկի լաբորատորիայում քննարկվում էր զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու հարցը։ Մի քանի տարի շարունակ լաբորատորիան աշխատել էր բակտերիալոգիական զենք ստեղծելու վրա։ Խորհրդակցություններից մեկի ժամանակ լաբորատորիայում քննարկել են այն հատկությունները, որը պետք է ունենար այդ զենքը։ Քննարկման ընթացքն անսպասելիորեն ընդհատվում է, բոլոր մասնակիցները հոսպիտալացվում են սուր սննդային վարակի հատկանիշներով։

Պարզվում է, որ գիտնականները քննարկումից առաջ ու քննարկման ժամանակ բացի ջրից, որը դրված էր քննարկման սենյակում, ոչինչ չէին օգտագործել։ Փորձաքննությունը ոչ մի վնասակար խառնուրդ չի հայտնաբերել ջրում։ Հետաքննությունը մտել է փակուղի և հաշվետվության մեջ այդպես էլ գրվել է «թունավորման պատճառը սովորական ջուրն է»։

20 տարի անց առաջարկվել է մի վարկած, որը կարող էր այդ առեղծվածը բացատրել, այն է՝ ջուրը ունի հիշողություն, սակայն այս տեսակետի շուրջ գիտական աշխարհում վերաբերմունքը միանշանակ չէ։ Ավելի պարզ ասելու համար բացատրեմ․ թունավորման զենքի մասին ամբողջ զրույցը լաբորատորիայի մթնոլորտը հագեցրել է այդպիսի էներգիայով, իսկ ջուրն այդ էներգիան կլանելով՝ դարձել է վնասակար։

«Ջուրը գիտելիքների խաչներուկում» գրքում նաև օգտակար խորհուրդների բաժին կա, ուզում եմ առանձնացնել հետևյալը․ սեղան նստեք շատ լավ տրամադրությամբ, նա, ով բացասական մտքեր է արտահայտում, աղտոտում է սեփական ջուրը, ինչից բաղկացած է մեր մարմնի 70-90 %-ը»։  

Back to top button