Վերնատուն

Հեքիաթների միջոցով երեխան պիտի ծանոթանա իրականությանը․ «Վերնատուն»

Հեքիաթների միջոցով երեխան պիտի ծանոթանա իրականությանը «Ագուլիս» տիկնիկային թատրոն–ստուդիայի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր, երգահան, սցենարիստ Քրիստ Մանարյանը խոսում է թատրոնի հին ու նոր խնդիրների մասին։

Քրիստ Մանարյանի ստեղծագործական կյանքում առաջնային և առանցքային են մանկական նախագծերը՝ հեռուստա–ռադիո հաղորդումներից մինչև ներկայացումներ, գրքեր։ Մանուկների աշխարհը գրավիչ է, քանի որ մեծերից հիասթափվել է։

Ասում է՝ վեպեր է գրել, կինոսցենարներ, բայց դրանք ոչինչ չեն փոխում։ Որոշել է՝ այն, ինչ գրում էր մեծերի համար, ուղղակի մի կողմ դնել․ մանուկներից սպասելիքներ դեռ կան, քանի որ նրանք մեծահոգի են, հավատում են, և նրանց հնարավոր չէ խաբել։

Երեխաների հանդեպ սերը նաև ժառանգական է։ Ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հիմնած «Ագուլիս» թատրոն –ստուդիան հերթական թատրոնը չէր, այն, նախևառաջ երեխաների հետ շփման ու հաղորդակցման նոր մշակույթ ու հարթակ էր, որը հաջողությամբ շարունակում է որդին՝ Քրիստ Մանարյանը։

«Երբ երեխան գալիս է մեր թատրոն, ինքը գիտի, որ գալիս է իր տուն, ինքն այնտեղ ազատ է, անկաշկանդ։ Եղել է, որ ծնողներին դիտողություն եմ արել՝ երեխաներին բռնանալու համար, ասել եմ, որ երեխան այս տարածքում ազատ է՝ անելու այն, ինչ ինքն է ուզում։ Հայ երեխաները պիտի սովորեն ազատ լինել», – ասում է Քրիստ Մանարյանը։

Խոսելով երեխաների համար նախատեսված ժամանակակից հեքիաթներից, ներկայացումներից, Քրիստ Մանարյանը կարևորում է հեքիաթների միջոցով երեխաներին ներկայացնել իրականությունը։ «Երեխային մեծացնում ենք հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, հետո բաց ենք թողնում կյանք, և երեխան հիասթափություններ է ապրում։

Վարդագույն հեքիաթները, որոնցով նա սնվել է, մեր իրականության հետ հաստատ կապ չունեն։ Ես փորձում եմ երեխաներին, չափի մեջ, բայց հրամցնել նաև իրականությունը։ Գայլն ու ոչխարը բնության մեջ չեն կարող իրար հետ բարեկամանալ։ Երեխան պիտի իմանա, որ գայլն ու ոչխարը երբեք ընկերներ չեն լինելու», – ասում է Քրիստ Մանարյանը։ Անդրադառնալով այսօրվա մանկական թատրոններին՝ ասում է , որ չի հաճախում թատրոններ, քանի որ «էսօրվա օրը» այնտեղ պակասում է։

«Ես փորձում եմ դա անել երգերի, ինտերակտիվ ներկայացումների միջոցով, երեխաների հետ խոսելով։ Իսկ հրաշապատումների մեխանիկան երեխաներին բացատրում եմ։ Հրաշքի տեխնիկան երեխաները պիտի իմանան»։

Թատրոնն այսօր գոյատևման ճանապարհներ է փնտրում։ Քրիստ Մանարյանն ասում է, որ տեսլականներ չունի, անում է և՛ հնարավորը, և՛ անհնարինը, շարունակում է ծեծել պետական դռները։ Ասում է՝ «ես անհույս ռոմանտիկ եմ ու շարունակում եմ հավատալ, որ ինչ–որ մեկը, այնուամենայնիվ, մեզ կօգնի»։

Back to top button