ԿարևորՔաղաքական

Մեղադրանքներ, որոնց տողատակում նաև համատեղ խաղալու ակնարկներ են․ քաղաքագետները՝ Մակրոնի հայտարարությունների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  հոկտեմբերի 12-ին France 2-ի եթերում պատասխանել է լրագրող Կարոլին Ռուի հարցերին։  Խոսելով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ Ֆրանսիայի նախագահն ասել է․ մենք չենք լքի Հայաստանը, մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով։

Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միտումնավոր կոնֆլիկտ հրահրելու մեջ: Նա ընդգծել է, որ Մոսկվան դա անում է՝ որպես Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու ջանքերի մի մաս: Փորձագետները ֆրանսիայի նախագահի հայտարարությունները դիտարկում են տարբեր տեսանկյուններից, ընդհուպ՝ չբացառելով, որ Ռուսաստանի հասցեին կոշտ հայտարարությունները Կովկասի անվտանգության հարցում միասին աշխատելու ակնարկ են։

Ֆրանսիայի որևէ նախագահ երբևէ  Ռուսաստանին նման ուղիղ մեղադրանք չի ներկայացրել։ Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը մեզ հետ հեռախոսազրույցում նկատեց, որ  Էմանուել Մակրոնն առաջինն է, որ ուղղակի մեղադրում է Ռուսաստանին, ըստ էության, դատապարտելով հայերի հանդեպ Մոսկվայի վարած քաղաքականությունը Կովկասում։ Իսկ ինչու՞ է Մակրոնն այդպիսի հայտարարություն անում, այն էլ ներկա աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում․

«Ըստ իս՝ կապված է այսօրվա Հայաստանի իշխանությունների կեցվածքի հետ։ Քանի որ Հայաստանի իշխանությունները կամաց-կամաց մոտենում են Արևմուտքին, դա ինքնաբերաբար ուղղակի հետևանք կունենա, և դա նշանակում է, որ ֆրանսիացիները, եվրոպացիները ու, գլխավորապես, ամերիկացիներն ավելի կարևորություն պիտի տան Հայաստանին ու, մի տեսակ, այսպես ասենք, «խփեն» Ռուսաստանին և Ադրբեջանին։ Սա առաջին պատճառն է։ Երկրորդը՝ Էմանուել Մակրոնն այդպես խոսեց, քանի որ հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին պետք է օգնել և ուժ է տալիս Փաշինյանի քաղաքականությանը, որովհետև, գիտենք, որ Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում  մի տեսակ խանգարում է Հայաստանի կայունությանը, տարածքային ամբողջականությանը և այլն»։

Ֆրանսիայի նախագահը France 2  հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանը միտումնավոր է բախումներ հրահրում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա կարծիք էր հայտնել, որ  Մոսկվայի այդ քայլերը Կովկասում և դրանից դուրս իրավիճակը ապակայունացնելու ջանքերի են նման: Մակրոնը շեշտել էր, որ Ռուսաստանը վերջին ամիսներին կողմերի միջև լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի: 

«Ի՞նչ է կատարվում այդ սահմանին վերջին երկու տարիներին. 5000 ռուս զինվորական այնտեղ են, որ իբր երաշխավորեն սահմանի անվտանգությունը, բայց ռուսներն օգտագործեցին դարավոր այս հակամարտությունը և խաղացին Ադրբեջանի՝ թուրքական հանցակցությամբ ընթացող խաղը և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որը ժամանակին իրենց դաշնակից, մերձավոր երկիր էր:

Տեսնո՞ւմ եք՝  ինչ է կատարվում։ Դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է։ ՌԴ-ն ցանկանում է անկայունություն ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու և ներքաշելու համար»։

Մակրոնը նաև ասել էր, որ Հայաստանը մի երկիր է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ կապ ունի։ Նա շեշտել էր, որ Հայաստանը միշտ պայքարել է  տարածաշրջանում հանդուրժողականության և խաղաղության համար։ Ֆրանսիայի նախագահը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը մի քանի գրոհ է ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի երկայնքով ու իրենք դա միանշանակ դատապարտել են։

Ի պատասխան հարցին, թե ի՞նչ է անում Ֆրանսիան՝ բախումները կանխելու, լարվածությունը նվազեցնելու համար, Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ Պրահայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Հիշեցնենք, որ այդ քառակողմ հանդիպման ընթացքում որոշվել էր ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայել 2 երկրների սահմանին՝ իրավիճակը գնահատելու համար: Այդ առումով Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան հանդես է գալիս որպես միջնորդ ուժ, և իր երկիրը չի լքի հայերին։

Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ նախագահ Մակրոնը Ղարաբաղի մասին խոսում է որպես Ադրբեջանի մաս, ինչը նշանակում է, որ ինչ-որ առումով ֆրանսիացիներն արձանագրում են տարածաշրջանի այսօրվա նոր իրավիճակը։

«Երկու հարց կա. մեկը Ղարաբաղի հարցն է, իսկ երկրորդը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը և պետք է տարբերություն դնել։ Այսինքն՝ ֆրանսիացիները և Արևմուտքը, կարծես  թե, տարբերություն են դնում Ղարաբաղի և Հայաստանի տարածքային ամբողջականության միջև։ Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիան, և ընդհանրապես Արևմուտքը, շեշտադրում են թե հայ ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։ Դա բնական է, որովհետև օրերից մի օր սեղանին պետք է դրվի, թե ինչ պետք է անել Արցախի հայերի հետ»։

«Ի՞նչ պետք է անել» հարցը ոչ միայն ֆրանսիացիների խնդիրն է, այլև՝ միջազգային համայնքինը՝ հավելեց ֆրանսահայ քաղաքագետը։ Կայծ Մինասյանի դիտարկմամբ՝ կա նաև հարցի երկրորդ կողմը. որպեսզի Ֆրանսիան կամ Արևմուտքը մենակ չմնան, բոլոր եվրոպացիները կամ միջազգային համայնքը պետք է լավ հասկանան, որ կա Հայաստանի տարածքային ամբողջության պաշտպանության հարցը։ Հետևաբար, կա տարբերություն այդ երկու հարցերի միջև։ Արցախի պարագայում խոսվում է ժողովրդի իրավունքների մասին, ինչը նույնպես կարևոր է՝ քաղաքագետի խոսքով։

Իր հարցազրույցում Մակրոնն, անդրադառնալով դիտարկում-հարցին, որ Եվրոպան և Ֆրանսիան Ադրբեջանից գազային կախվածություն ունեն, ասել է, որ Ֆրանսիան նման կախում չունի, Ադրբեջանից գազ չի գնում և նման պայմանավորվածություն էլ չկա.

«Ֆրանսիան ադրբեջանական գազ չի գնում, պայմանավորվածություն չկա։ Իհարկե, եվրոպական մի քանի երկրներ գազային պայմանագրեր ունեն։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային և Եվրոպայի ձայնին, ուղիղ նայելով ձեր աչքերի մեջ և մեր բոլոր հայրենակիցների առջև, ես պետք է ասեմ, որ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, Ֆրանսիայի նախագահի հայտարարություններն ամբողջության մեջ, այդ թվում նաև Կովկասը ապակայունացնելու Ռուսաստանին ուղղված մեղադրանքը, գործնականում Կովկասի կայունության հարցում համատեղ խաղալու ակնարկ է Ռուսաստանին: Մեզ հետ զրույցում Հակոբ Բադալյանը կարծիք հայտնեց, որ Մակրոնն անշուշտ լավ գիտե, որ Կովկասում ապակայունացումը Ռուսաստանի համար լրջագույն մարտահրավեր է, ինչպես նաև լրջագույն մարտահրավեր է Իրանի համար։

«Մակրոնի խոսքը հատկանշական է նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Կոատրին Կոլոոննայի եւ Իրանի արտգործնախարար Աբբդոլահիանի հեռախոոսազրույցի ֆոնին: Իսկ դրանից էլ առաջ հնչել էր Կատրին Կոլոննայի հայտարարությունը, որ Ֆրանսիան սխալ է համարում ՌԴ մեկուսացումը եւ անհրաժեշտ է համարում Պուտինի հետ հաղորդակցության ուղիներ պահելը»:

Քաղաքագետ Կայծ Մինասյանը նույնպես նկատում է, որ ֆրանսիացիները չեն ցանկանում Ռուսաստանի հետ կամուրջներն այրել և կա Ռուսաստանի հետ այսպես  ասած՝ «լեզու գտնելու»  ցանկություն։ Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ այդ առումով հաստատ եզրահանգում անելը դեռ շատ վաղ է ու սպասել է պետք։ Նա նկատեց, որ ավելի վաղ նման շեշտադրում արել է նաև նախագահ Մակրոնն անձամբ.  

«Նախագահ Մակրոնը շեշտադրել է, որ պետք է խոսել, բանակցել Ռուսաստանի հետ։ Պետք է սպասել, թե ինչ է նշանակում դա։ Արդյո՞ք Ուկրաինայի մասին է խոսքը, թե՞ ընդհանրապես»։

Եթե ընդհանրապես Ռուսաստանի հետ բանակցելու մասին է   խոսքը, այդ դեպքում, ըստ Կայծ Մինասյանի, վստահաբար կարելի է ասել, որ կա ակնարկ Արցախում կամ Կովկասում համատեղ գործելու մասին։ 

Back to top button