ԿարևորՄշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ կյանքից հեռացել է կինոգետ, թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը։

1952թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1957թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը:

1961թ. Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան` կինոգիտության գծով: 1970թ. պաշտպանել է թեզ և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան (1996թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն: 1960-ականների սկզբից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես խմբագիր: 1971-82թթ եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը: 1989թ-ից եղել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության կինոքննադատների համքարության (կոլեգիա) նախագահը: 1968-78թթ հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար: 1991թ. նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ» ֆիլմում:

1957թ-ից հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք: Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը: 1972թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, 1983թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006թթ եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2015թ.՝ ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների ոսկե մեդալների, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար: Մահացել է Երևանում»:

Back to top button