Դպրություն

Լեզուն՝ անվտանգային երաշխիք. դպրոցներում ադրբեջաներեն և թուրքերեն կդասավանդեն․ «Դպրություն»

Հանրապետության կրթական համակարգում տեղի են ունենում բովանդակային փոփոխություններ: Պիլոտային ծրագրով մեր դպրոցներում շուտով կուսումնասիրեն չորս հարևանների լեզուները: Եթե պարսկերենի ու վրացերենի իմացությունը տնտեսական ու մշակութային կապերն ամրապնդելու լավ միջոց է, ադրբեջաներենն ու թուրքերենը անհրաժեշտ են նաև անվտանգության համար:

Արտաշես Թորոսյան

«Մինչև հիմա, որպես օտար լեզու ուսումնասիրում ենք ռուսերենը, անգլերենը, ավելի քիչ ֆրանսերենը, գերմաներենը, հիմա գնալով շատանում է չինարենի ուսումնասիրությունը դպրոցներում և երբեք չի քննարկվել այն հարցը, թե ինչու ենք ուսումնասիրում այս լեզուները։ Երրորդ օտար լեզու մենք ունենք դպրոցներում իտալերեն, ֆրանսերեն։ Այս դեպքում ևս ունենք դասավանդող ուսուցիչների խնդիր։ Մեծ հաշվով, երբեք հարց չի առաջացել, թե ինչո՞ւ ենք այդ օտար լեզուները ուսումնասիրում։ Հասկանալի է, որ սա մասնագիտական կողմնորոշում է, հաղորդակցության միջոց, ապագայում՝ սովորելու հնարավորություն, անհրաժեշտ է աշխատանքի, տուրիզմի, բիզնեսի համար և այլն։ Բայց մենք ունենք հարևաններ, որոնց հետ շատ ավելի շատ ենք շփվում, քան այդ հեռավոր երկրների հետ, որոնց լեզուները ուսումնասիրվում են։

Հիմա պետությունը սովորողներին հնարավորություն է տալիս կատարել ընտրություն։ Առաջարկում է սովորել հարևան երկրների ժողովուրդների լեզուները, հնարավորություն ունենալ հաղորդակցվել»,–ասում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն»–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

Նարա Վերանյան

«Մինչ այս ծրագրի հաստատվելը, մենք մեկնարկը տվեցինք «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանում, որտեղ թուրքերենը դասավանդվեց մոտ 1.5 տարի։ Ի սկզբանե մեզ մոտ պահանջված էր,որ ռազմական վարժարանի կուրսանտները պետք է տիրապետեն թուրքերեն լեզվին, մեր պոտենցիալ թշնամու լեզվին՝ մեդիա դաշտում ճիշտ դրսևորվելու, ապատեղեկատվությանը չտրվելու և անվտանգության համար։ Ծրագրի վրա աշխատելու ընթացքում գտանք, որ անվտանգությունից բացի, կարելի է նաև որպես ուսումնասիրվող օտար լեզու դիտարկել և տարածաշրջանի հարևանի լեզուն ավելի լավ սովորել։ Ես դասավանդում եմ նաև հանրակրթական դպրոցում և նկատում եմ, որ սովորողներին հիմնականում հետաքրքրում է այն բառամթերքը, որն օգտագործվում է պատերազմի ժամանակ», – ասում է «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի թուրքերքն լեզվի ուսուցչուհի, տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրի թուրքերեն բաժնի հեղինակ Նարա Վերանյանը։

Back to top button