ԿարևորՀասարակություն

«Հանուն Հանրապետության»–ից  մեկ քվեն՝ վճռորոշ Սիսիանի քաղաքապետի ընտրության համար

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում տեղի ունեցած  տեղական ինքնակառավարման  մարմինների ընտրություններից հետո խնդրահարույց  իրավիճակ է ձևավորվել Սիսիան համայնքում։  Ավագանիում ներկայացված 5 ուժերից որևէ մեկը չի ստացել  քվեների 51 տոկոսը, ուստի որևէ խմբակցություն միայնակ  համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն չունի։ Իրավիճակը անակնկալ հանգուցալուծում է ստացել  նորընտիր ավագանու անդրանիկ նիստում ։  

Նիստի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության  հարցն էր։ Ավագանու անդամների 21 մանդատները բաշխվել են  5 ուժերի միջև․ «Քաղաքացիական պայմանագիր»–ը ստացել է  8 մանդատ, «Աշխատանք և Արդարություն» դաշինքը՝ 5, «Ապրելու երկիր»–ը՝ 4, «Հանուն Հանրապետության» և «Մեկ Հայաստան» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ Սա նշանակում է, որ ուժերից ոչ մեկն ավագանիում բացարձակ մեծամասնություն չունի և միայնակ համայնքի ղեկավար ընտրել չի կարող։

«Ապրելու երկիր» խմբակցության 4 անդամները բոյկոտել էին ավագանու առաջին  նիստը։ Առաջին փուլում առաջադրվեց երեք թեկնածու՝ կառավարող ուժից Արմեն Հակոբջանյանը, «Հանուն Հանրապետության»–ից՝ Սևակ Մուսաթյանը, «Աշխատանք և Արդարություն» դաշինքից՝ Հայկ Առաքելյանը։ Առավելագույն ձայները ստացան Արմեն Հակոբջանյանն ու Հայկ Առաքելյանը։ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Սևակ Մուսաթյանին հետաքրքրում էին Հայկ Առաքելյանի ներկա ու նախկին  կապերը։ Նա շեշտեց, որ սա իր կյանքի երկրորդ կարևոր ընտրությունն է ամուսնությունից հետո։

 «Ես ուզում եմ իմանալ, դուք կապ ունեք Ռոբերտ Քոչարյանի, Վահե Հակոբյանի հետ։ Խնդրում եմ հայտարարել, որ կապ չունեք նախկիների հետ ու պատրաստ եք աշխատել ներկա իշխանությունների հետ։ Ինձ համար մութ է էդ հարցը»։

Առաքելյանը վստահեցրեց ոչ մի ուժի հետ կապ չունի և չի ուզում  ունենալ։

«Կապ չեմ ունեցել ու չունեմ։ Ես հայտարարեցի, որ կապ չունեմ էդ մարդկանց հետ։ Առանձին դաշինք ենք, անկուսակցական ենք»։

Պատասխանը  բավարարեց Սևակ Մուսաթյանին, բայց նրա  կուսակիցը՝ նիստը վարող, տարիքով ամենաավագ Նախշուն Յազովյանը քվեարկեց կառավարող ուժի ներկայացուցչի օգտին։ Այս պարագայում Սևակ Մուսաթյանը նախընտրեց չմասնակցել քվեարկությանը։ Արդյունքում՝ 9–7 ձայների  հարաբերակցությամբ Սիսիանի համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը։ Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ՔՊ–ի 8 անդամները և Նախշուն Յազովյանը՝ «Հանուն հանրապետության»–ից։ Հենց վերջինի ձայնն էլ վճռորոշ դարձավ քաղաքապետի ընտրության հարցում։ Նա, ի դեպ, նախընտրեց չմեկնաբանել իր որոշումը։

Արմեն Հակոբջանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում անկեղծացավ՝ չէր պատկերացնում նման հանգուցալուծում, որովհետև ոչ մի ուժի հետ չէր բանակցել։ Հակոբջանյանը մեկ տարի եղել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

«Խոստանում եմ, որ ինչ տեմպով այս մեկ տարում աշխատել եմ, ավելի եռանդուն մեր թիմի հետ աշխատել։

Համայնքի ղեկավարի երդման արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 15-ին։ Բայց ավագանու նիստում այս հարցը չդրվեց քվեարկության, քանի որ «Աշխատանք և Արդարություն» դաշինքի անդամների՝ նիստերի դահլիճը լքելուց հետո քվորում հնարավոր չեղավ ապահովել։  

Back to top button