Գերդաստաններ

«Ամեն անգամ խաղա այնպես, ինչպես վերջին անգամ»․ Մսրյանի հորդորը թոռներին․ «Գերդաստաններ»

Անմոռանալի, հմայիչ, խորհրդավոր հայացք, ձգողական ուժ, էներգիայի հսկայական պաշար․ այսպես են բնորոշում Երևանի դրամատիկական թատրոնի դերասաններն իրենց ընկերոջը, տաղանդավոր դերասան` Համլետին, Հերոստրատին, Հուլիոս Կեսարին մարմնավորած Վլադիմիր Մսրյանին։

Հյուսիսային Կովկասում՝ Թերեք գետի ափին գտնվող Օրջոնիկիձե՝ այժմ Վլադիկավկազ քաղաքում հայերը, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանից, սկսեցին հաստատվել 19-րդ դարի սկզբին։ Դրանց մեջ էին նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի նախնիները, որոնք Կարսից էին։ Տարիներ անց նրանք տեղափոխվում են Հայաստան ու ապրում Ալավերդիում։


Այստեղ դերասանի ծնողները՝ վաստակավոր դերասաններ Հովհաննես և Արաքս Մսրյանները հիմնում են թատրոն, որտեղ երբեմն փոքրիկ դերեր էին ստանձնում նաև դպրոցական Վլադիմիրը և քույրը՝ Ժասմենը։

Ասում են՝ Վլադիմիր Մսրյանը չէր հիշում, թե որ ներկայացման մեջ էր առաջին անգամ խաղացել, բայց հիշում էր, որ այդ ներկայացման մեջ փարվում էր մի կնոջ ու «մամա» կանչում։
Այս դրվագը հետագայում ճակատագրական է դառնում, քանի որ այն դերասանուհին, որի խաղընկերն էր Վլադիմիր Մսրյանը, ականավոր թատերական գործիչ Արմեն Արմենյանի դուստրն էր՝ Անահիտ Արմենյանը, որը հետագայում դառնում է Վլադիմիրի զոքանչը։

Դպրոցն ավարտելուց հետո Վլադիմիրը փնտրտուքի մեջ էր։ Սկզբում որոշում է ընդունվել Մոսկվայի ավիացիոն տեխնիկական ինստիտուտ, քանի որ լավ էր սովորում մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները, սակայն, ինչպես շատերի կյանքում, այստեղ էլ գեներն ասես ուղղորդում են ու տանում նրան խորհրդավոր աշխարհ։

Վլադիմիրը դիմում է Շչեպկինի թատերական ուսումնարան, որտեղ փայլուն է հանձնում քննությունները, սակայն հանձնաժողովի անդամները նրա խոսքում հայկական հնչերանգ են տեսնում։ Հետագայում քննություններ է հանձնում Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և ապագա դերասանը, որը պիտի խաղար Համլետ, հայոց լեզվի գրավոր քննությունից ստանում է մեկ՝ ամենացածր նիշը։ Բայց սա չի խանգարում, որ նրա համար սկսվի դերասանական մեծ արվեստի ճանապարհը։
Վլադիմիր Մսրյանի կինը՝ Անահիտը, օպերային երգչուհի է և հանդես է եկել Հայաստանի պետական երգչախմբում։

Դերասանուհի Մարի Մսրյանը, որ Երևանի դրամատիկական թատրոնում և ֆիլմերում խաղացել է բազմաթիվ դերեր, այսօր ընտանիքի հետ ապրում է ԱՄՆ-ում։ Նա ռեժիսոր է և ամուսնու հետ աշխատում է նոր ներկայացումների վրա։ Ամուսիններով ստեղծագործելիս միշտ Վլադիմիր Մսրյանի կերպարի հետ են զրուցում, մտքում նրա կարծիքն են քննարկում՝ նա ինչ կասեր և ինչպես կասեր։ Նրա ամուսինը հանրապետության վաստակավոր դերասան Հովհաննես Բաբախանյանն է։

ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհին եղբոր հետ նույն ռուսական դպրոցն է հաճախել, ավարտել գեղարվեստաթատերական ինստիտուտը, դարձել Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանուհի և Նատոյի, Անուշի, Եփեմիայի, Իշխանուհու փայլուն դերակատարումներով հանդես եկել։

Հանրահայտ դերասանի թոռները՝ Վլադիմիրն ու Անահիտը, ևս դերասաններ են։ Նրանք սիրով են հիշում պապիկի հորդորները, ամենաշատը՝ դրանցից մեկը. «Ամեն անգամ խաղա այնպես, իբրև վերջին անգամն ես խաղում»։

Back to top button