Դպրություն

Որտե՞ղ է Հայաստանը կրթական քարտեզի վրա․ «Դպրություն»

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն:
Սահմանվել են երեք ռազմավարական ուղղությունները՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում և կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացում և արտահանում։ Կրթության զարգացման պետական ռազմավարական ծրագիրը պահանջված փաստաթուղթ է:

«Այն ինչ առաջարկվում է որպես ռազմավարական թիրախներ, նպատակներ և այլն, ինձ համար դարձյալ նույն ձևով է շարադրված, նույն տրանաբանության մեջ է։ Ավելին՝ ես շատ լուրջ խնդիր ունեմ դրացից մեկի հետ, որտեղ գրված է, որ Հայաստանը պետք է արտահանի կրթական ծառայություններ։

Սերոբ Խաչատրյան

Ես ակնկալում էի, որ խորհրդարանում կլինեն հանրային լսումներ, համենայնդեպս խոստացվել էր, բայց տեղեկացանք, որ արդեն հանձնաժողովով անցավ, մտավ օրակարգ։ Գուցե, քաղաքական այս լարված իրավիճակով պայմանավորված, որոշվեց ուղղակի ավելորդ լարումներ չառաջացնել։ Բայց դա էլ է սխալ։ Ազգային ժողովում հանրային քննարկում կազմակերպելը շատ կարևոր էր։ Ես կուզենայի, քանի դեռ ուշ չէ, հանվեր այդ միտքը, քանի որ ոչ պրոֆեսիոնալ է այդպիսի բան գրելը։ Մասնագիտական շրջանակներում ընդունված է, ինչ որ մի երկրի կրթության արտահանումը մեկ այլ երկիր, բայց սա շատ հարաբերական է։ Ամեն երկիր ունի իր մշակույթը, իր մոտեցումները», – ասում է կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։

«Ուրախալի էր, որ այս ռազմավարության ծրագրում կառավարության կողմից ընդունվեց այն իրավիճակը, որն այսօր ունենք կրթական համակարգում՝ շատ տխուր իրավիճակ։ Ունեցած խնդիրները ինչ որ մի բանի հետևանք են։ Սակայն, ցավոք, ռազմավարության մեջ չի նշվում պատճառները, թե ինչպես ենք հասել այս իրավիճակին ու փաստորեն մենք հիմա պետք է գործ ունենանք հետևանքների հետ։ Փորձագիտական համայնքը ռազմավարության ներկայացումից անմիջապես հետո մեծ ցանկություն է արտահայտել տեսնել գործողությունների այն ծրագիրը, որոնք պետք է կցված լինեին ռազմավարությանը և որոնք, ըստ էության, պետք է ցույց տային այն ճանապարհը, որով մենք պետք է հասնեինք օրինակ նրան, որ մեր 4 բուհեր պետք է մտնեն աշխարհի 500 լավագույն բուհերի ցանկի մեջ կամ այն նպատակները, որոնք նշվել էին։ Մենք մինչ այսօր գործողությունների ծրագիրը չենք տեսել։ Մեկ մեկ տպավորություն է ստեղծվում, որ նպատակները որոնք սահմանված են՝ դրանք ավելի շատ դառնում են տեխնիկական ճանապարհով լուծվող նպատակներ։ Իսկ դրական կողմերից մեկը նա էր, որ ռազմավարությունը սոցիալական արդարությունը տեսնում է որպես կարևոր ուղղություն։ Մեր ռազմավարությունը չունի այն մեծ փիլիսոփայությունը, որը պետք է լինի առաջիկա 15–20 տարիների կրթության գաղափարախոսությունը։

Դավիթ Ամիրյան

Անկեղծ ասած, փաստաթղթի վերջին ներկայացումը Ազգային ժողովում, ինձ տխրեցրեց։ Ես տեսա քաղաքական պոպուլիզմի ներկայացում։ Այն տպավորությունն էր, որ մենք ունենք շատ վատ կրթական համակարգ և 2030 թվականին կարթնանանք ու կտեսնենք, որ բոլոր խնդիրները լուծված են։ Բայց, կրթության հետ կապված մեր այսօրվա իրավիճակում, մի քիչ ուրիշ մոտեցում էր պետք ցուցաբերել։ Սա կդառնա հերթական ռազմավարությունը, որը որևիցե փոփոխություն այսօրվա շատ ճակատագրական պահին մեր պետության համար, չի ունենալու», – կարծում է կրթության ոլորտի փորձագետ, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։

Back to top button