Վերնատուն

Հայաստանյան թատրոնի երեք տասնամյակը՝ լեհական գիտական հանդեսում․ «Վերնատուն»

«Արդի հայ թատրոնի նոր միտումներ և հիմնախնդիրներ» խորագրով երկօրյա միջազգային թատերագիտական գիտաժողովն անդրադառնում էր անկախության շրջանի հայ թատրոնի խնդիրներին։

Գիտաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Վարշավայի համալսարանի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատերագիտություն» եռալեզու գիտական հանդեսի շնորհանդեսը, որն ամբողջովին նվիրված էր հայ ժամանակակից թատրոնին։ Հանդեսի հայկական մասի պատասխանատուն և գիտաժողովի համակարգողը՝ գրող թատերագետ Անուշ Ասլիբեկյանը, խոսում է գիտաժողովի առանձնահատկություններից, հանդեսի բովանդակությունից և կարևորությունից։

«Պարզում ենք, որ մենք երեք տասնամյակ թատրոնի մասին գիտական շերտով չենք խոսել։ Գուցե ուշացրել ենք հայ ժամանակակից թատրոնի մասին խոսք ասելը», – ասում է թատերագետը։ Լեհ թատերագետ, «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատերագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինի հետ առաջին անգամ չէ , որ համագործակցում են։ Այս անգամ Անդրեյ Մոսկվինն առաջարկեց հանդեսի համարներից մեկը նվիրել հայ թատրոնին։ «Սա ես ընդունեցի որպես լեհ ժողովրդի սատարումը մեզ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների մենք ապրում և ստեղծագործում ենք և որ գիտական միտքը Հայաստանում զարգանում է»,– ասում է Անուշ Ասլիբեկյանը։

«10- ից ավելի գիտական, ճանաչողական տեքստեր հավաքվեցին։ Եթե ուզենան հայ թատրոնի մասին խոսք, սա, ըստ էության, առաջին գիտական փորձն է, որի միջոցով կարող են ճանաչել, թե այսօր հայ թատրոնում ինչ է կատարվում», – նշում է թատերագետը։

Մոսկվինն իր «Արդի հայ դրամատուրգիայի հերոսը» զեկույցում բարձր է գնահատել ժողովածուն և նշել, որ այն վստահաբար կարելի է թարգմանել աշխարհի տարբեր լեզուներով։

Խոսելով ժամանակակից թատրոնի ներկա վիճակի մասին՝ Անուշ Ասլիբեկյանն ասում է, որ ընտրելու հնարավություն կա, քանի որ վերջին շրջանում նոր տեսակի թատերական մտածողություն ու թատերական հարթակներ են ձևավորվել, և վստահաբար կարելի է ասել, որ հայ թատրոնն այսօր մրցունակ է։

Back to top button