ԿարևորՀասարակություն

Նոր զինատեսակներ, այդ թվում՝ արգելված․ Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կասետային զինամթերք է կիրառել

Որքանով են ավելացել Հայաստանի ականապատ տարածքները 2022 թվականի սեպտեմբերի 13-ին  Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո՝ դեռ պարզ չէ։ Այսպես ասենք, գույքագրման համար ժամանակ է պետք։ Բայց հստակ է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դրանց  թիվը մի քանի անգամ ավելացել է։ Եթե 2012-2013 թվականներին  ականապատ տարածքները կազմում էին 42 մլն քառակուսի մետր, ապա 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո այդ թիվը կազմում է 18 մլն  310 հազար քառակուսի մետր։ Փոխվել է նաև աղտոտվածության պատկերը՝ զինատեսակները։

Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք․․․ Չպայթած ականների հանդիպելու ամենամեծ հավանականությունը հենց այս չորս մարզերում է։ Բայց սա չի նշանակում, որ  մյուս մարզերում չպայթած զենք-զինամթերք ու ականներ չեն կարող լինել։ Ընդորում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ականապատ տարածքների թիվը մի քանի անգամ է ավելացել։ Փոխվել  է նաև աղտոտված տարածքների մակարդակը՝ մինչև 2020 թվականը տարածքները աղտոտված էին խորհրդային միության զինամթերքներով, մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո սրանց ավելացան նաև այլ երկրների արտադրության զինատեսակները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյան․

«Մինչ այդ  (2020 թվականի սեպտեմբերի 27-ը)  ընդամենը մեկ տարածք ունեինք, որը վարակված  էր կասետային զինամթերքով, իսկ այսօրվա դրությամբ ունենք շատ տարածքներ, որոնք աղտոտված են կասետային զինամթերքով, այն շատ վտանգավոր է։ Միջազգայնորեն արգելված է դրա օգտագործումը բնակավայրերի ուղղությամբ»։  

Նոր ականային տեսակներն ու տարածքները պարզելու համար 2022 թ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ոչ տեխնիկական հետազոտություն է իրականացրել Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում։ Փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը հետազոտության մանամասներն է ներկայացնում․

«Արդյունքում այսօր կարող ենք փաստել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմից հետո չորս մարզերում՝ Գեղարքունիք, Սյունքիք, Վայոց Ձոր և Տավուշ, աղտոտվածություն ունենք 18 մլն 310 հազար քառակուսի մետր տարածքներում ։ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո մենք իհարկե աշխատում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ուսումնասիրվում են նյութերը։ Դրանց հիման վրա կրկնակի հետազոտություններ կիրականացվեն»։

Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո Սյունիքից ու Գեղարքունիքից արդեն չպայթած զենք–զինամթերքի առկայության մասին  ահազանգեր ստացել են։ Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 2-ին ական է պայթել, տուժել է 31-ամյա տղամարդ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։  Մասնագետները զգուշացնում են, որ  հատկապես սահմանամերձ բնակավայրերում ու հատկապես երեխաները պետք է ուշադիր լինեն։ Միջազգային փորձը հուշում է, որ նման  պատահարների 30 տոկոսում ներգրավված են հենց երեխաները։  

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը գործողություններ իրականացնում է զինվորականների հսկողության տակ չգտնվող տարածքներում՝ այսինքն՝ բնակավայրերում, դրանց հարակից հատվածներում, գյուղատնտեսական նշանակության տարածքներում․

«Կենտրոնն այս տարի իրականացրել է մաքրման աշխատանքներ։ Պլանավորած  50 հազար քառակուսի մետր տարածքի փոխարեն գերակատարել ենք պլանը մաքրելով 135 հազար 256 քառակուսի մետր տարածք։ Այն գտնվում է  Սյունիքի մարզի Դավիթ  Բեկ համայնքում։ Առաջիկայում կհանձնենք ՏԻՄ-ին՝ շահագործման»։

Մինչև նոր տարածքների  մաքրման աշխատանքների մեկնարկը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից հորդորում են   անծանոթ կամ կասկածելի իրերի հանդիպելիս ոչ մի դեպքում ձեռք չտալ դրանց, խուճապի չմատնվել, կանգ առնել, զանգահարել մասնագետների։ 08 009 000․ սա հումանիտար ականազերծման փորձագիտական կենտրոնի անվճար թեժ գծի հեռախոսահամարն է։ Կարելի է զանգահարել  նաև ԱԻՆ՝ 9․11 և ոստիկանություն՝ 1․02։   

Back to top button