Մտքի ուժը

Դետեկտորների նախագծում, պատրաստում և կիրառում. ինչո՞ւ է ստեղծվել ֆիզիկայի ինստիտուտի նոր լաբորատոր սենյակը․ «Մտքի ուժը»

Միկրոսկոպ, սպեկտրոչափ ու ոչ միայն. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի սենյակներից մեկը վերջին շրջանում դարձել է դետեկտորների նորաբաց լաբորատոր-սենյակ։ Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի ավագ գիտաշխատող  Արթուր Մկրտչյանը թվարկում է եղած սարք-սարքավորումները, որոնք ձեռք են բերել դրամաշնորհների ու հովանավորների օգնությամբ․

«Միկրոսկոպի միջոցով ուսումնասիրելու ենք  բյուրեղների մակերեսային կառուցվածքը։ Ցանկացած հաշվիչ, որը սարքում ենք, կարևոր է հետազոտել նրանում օգտագործվող նյութի որակը։ Օրինակ՝ բյուրեղներ ուսուսմնասիրելիս կարևոր է , որ քերծվածքներ, խոռոչներ, քարային մեծ կուտակումներ և վնասվածքներ չունենա, որպեսզի լույսը չկլանվի։

Հաջորդ սարքը՝ սպեկտրոչափն է, որը հետևյալ կերպ է աշխատում. լամպի միջոցով որպես հաղորդիչ տարբեր ալիքային երկարությունների լույս է արձակում։ Մյուս կողմից էլ, որպես հատուկ ընդունիչ գրանցում է բյուրեղով անցնող լույսի քանակը։ Ընկնող և բյուրեղով անցնող լույսի ինտենսիվության հարաբերությամբ որոշվում է նրա օպտիկական թափանցելիությունը: Իդելական դեպքում թափանցելիությունը մոտ 100 տոկոս է կազմում, սակայն իրականում բյուրեղներն այդպիսին չեն, իրենք ունեն որոշակի կլանում։ Մենք իր դիմաց ինչ-որ բյուրեղ ենք դնում ու տեսնում ենք տարբեր ալիքային երկարությունների դեպքում ինչ քանակի կլանում է լինում»։ Այս տվյալները շատ կարևոր են ինչպես նախնական հաշվարկների, այնպես էլ սարքի վերջնական բնութագրերի գնահատման համար:

Այստեղ փորձում են զարգացնել տարբեր դետեկտորների ստեղծման ու մեթոդի ուսումնասիրությունների ուղղությունները։ Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի վարիչ Հրաչյա Մարուքյանը լաբորատոր-սենյակն անվանում է դետեկտորների ժամանակակից տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոն։

Նպատակն ըստ պրոֆեսորի՝ տարբեր տիպի դետեկտորների նախագծման, փորձարկելու ու կիրառելու համար հիմք ստեղծելն է, ասում է Մարուքյանը։ Դրանց կիրառության ոլորտը ոչ միայն Հայաստանն է, այլ միջազգային հայտնի կենտրոններ, որոնց հետ այժմ էլ համագործակցում են։

Արդյո՞ք Հայաստանի համար 5-10 տարին երկար ժամանակ չէ՝ վերջնարդյունք ստանալու համար։ Պրոֆեսոր Մարուքյանն արձագանքում է՝ այդ ընթացքում տարբեր գիտափորձեր էլ են կատարում, արդյունքներ ստանում, տպագրվում բարձր ազդեցություն ունեցող ամսագրերում։ ԱՄՆ Ջեֆերսոնի լաբորատորիայում կատարված փորձը ցանկանում են այստեղ ներդնել՝ հենց դետեկտորների լաբորատոր սենյակի օգնությամբ։

Համլետ Մկրտչյան

62 տարի Համլետ Մկրտչյանի աշխատանքային հասցեն նույնն է՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա։ Միայն թե նախկինում այն ֆիզիկայի ինստիտուտ էր կոչվում։ Ուսանողական տարիներից է գիտնականը ծանոթ այստեղի գիտական անցուդարձին։ Հիշում է՝ Խորհրդային Միության տարիներին՝ 60-ականներին կառուցվող միակ էլեկտրոնային արագացուցիչն իրենց մոտ էր։ Բացառիկ աշխատանքներ հասցրեցին կատարել։ Բայց ամեն ինչ փոխվեց Խորհրդային Միության փլուզումից հետո։

«Ինչպես բոլոր սարքերը՝ հատկապես բարձր էներգիայի ֆիզիկայի ոլորտում, արագ են հնանում։ Դրանք պետք է թարմացնել և կատարելագործել ստեղծման օրվանից։ Նման վիճակում հայտնվեց նաև մեր էլեկտրոնային արագացուցիչը։ 80-ականներին մենք ստեղծեցինք արագացուցչի զարգացման, հետագա շահագործման երկու հատորանոց մոտ 700 էջից բաղկացած ծրագիր։ Բայց  մեր երազանքները փլվեցին ԽՍՀՄ փլուզման հետ»։ 

Ալբերտ Շահինյան

Իսկ արագացուցիչն այս կենտրոնի փորձարարական մասնագետների աշխատանքային, այսպես ասած, կարևորագույն գործիքն է։ Ալբերտ Շահինյանն առաջատար գիտաշխատող է, 1977 թվականից էլ նրա աշխատանքային հասցեն է անփոփոխ։ Խնդիրների մասին խոսելիս էլ կարևորում է արագացուցչի գործարկման համար ֆինանսական միջոցների տրամադրումը:

«Առանց մեծ արագացուցչի մեր աշխատանքը դառնում է անհնարին։ Իհարկե մենք ունենք մեկ փոքր գծային արագացուցիչ, որի վրա ճառագայթումներ կատարում ենք»։

Երիտասարդների՝ գիտական աշխարհ բերելու հարցում, դժվարություններ կան։ Ոչ միայն երիտասարդների քանակն է քչացել, այլև կրթական աստիճանն է նվազել։  Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի վարիչ Հրաչյա Մարուքյանը հիշում է՝ իրենց համար էլ են բարդ ժամանակներ եղել՝ հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո, աշխատելու, փորձեր անելու համար ստիպված էին արտերկիր մեկնել։ Այս ընթացքում էր, որ գործընկեր գիտնականներից շատերը մնացին արտերկրում։

Ճիշտ է քիչ, բայց, մե’կ է, երիտասարդները գալիս են գիտություն: Նրանցից մեկը Անուշ Պետրոսյանն է։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատողները վստահ են՝ եթե ավելի լուրջ աջակցություն ունենան, արդյունքներն ավելին կլինեն։

Back to top button