ԿարևորՔաղաքական

Բանակցային 5 ժամվա արդյունքը՝ ըստ միջազգային փաստաթղթերի

Մեկ ընդմիջումով 5 ժամ տևած քառակողմ հանդիպումը Պրահայում իրականում տվեց մեկ նորություն և միջազգային փաստաթղթերի հիման վրա մի քանի ամրագրում։ Այժմ շատերը փորձում են վերլուծել և հասկանալ՝ ով ինչ է զիջել կամ շահել այդ հանդիպումից։

Հանդիպման  ձեռքբերումներից կարելի է համարել ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայման մասին պայմանավորվածությունը, որին Հայաստանը հստակ համաձայնել է իսկ  Ադրբեջանը դեմ չի եղել։ Մնացած ամրագրումների պատասխանները կարելի է գտնել միջազգային փաստաթղթերում, քանի որ հղում է արվել արդեն գոյություն ունեցող փաստաթղթերի դրույթներին։

Տարածքային ամբողջականություն, տարածաշրջանի ապաշրջափակում և խաղաղության պայմանագիր․ վերջինը բխելու է նախորդ երկու դրույթներից։ Սրանք այն ուղղություններն են, որոնց հիմքում միջազգային համաձայնագրերն են։

Ըստ հրապարակված հայտարարության՝ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը և իրենց ինքնիշխանությունը»։

Պաշտոնական լեզվի բառապաշարը իր գրառման մեջ ավելի մատչելի է ներկայացրել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը․  

«Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»։

Հայաստանում չեն շտապում խոսել Պրահայի հանդիպման արդյունքների մասին և գնահատել դրանք։ Բայց Աժ–ի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հաստատել է Հայաստանի պահանջը․

«Մեր պահանջն է, որ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս բերվեն»։

Իսկ ինչ են իրենցից ներկայացնում Ալմա-Աթայի հռչակագիրն ու տարածքային ամբողջականությունը։ Համաձայնագրի 5-րդ հոդվածում ամրագրված է.

«Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց  տարածքային ամբողջականությունը և համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը»:

Այստեղ ուշագրավ է,  որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին՝ նույն վերնագրով սահմանադրական ակտը: Երկու փաստաթղթով էլ Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված ու մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:

Իսկ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում Արցախը երբեք չի եղել: Սա այն թեզն է, որը մշտապես պնդել է հայկական կողմը։

Մինչդեռ հանդիպումից հետո Պրահայից Ալիևը սպառնացել է Արցախի հայերին, որ եթե որևէ մեկը չի ուզում ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, ապա ապրելու այլ վայր պետք է ընտրի։ Նա ասել է, որ ոչ պաշտոնական շփումներ ունի Արցախի հայերի ներկայացուցիչների հետ, և այդ շփումները շարունակվելու են։

Արցախից պատասխանը հստակ է․որևէ մեկն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ բացի Ադրբեջանից և Թուրքիայից։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայան․

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի հետ որևէ կապ չունի։ Մենք ունենք մեկ «կարմիր գիծ», որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այն, որ խոսվում է Ստեփանակերտ–Բաքու երկխոսության մասին ուղղակիորեն և անուղղակիորեն ընդգծում է Արցախի սուբյեկտայնությունը, որ գոյություն ունի այսպիսի սուբյեկտ։ Սա շատ լավ է ինքնին։ Բայց կան մի շարք հարցեր, որոնք պետք է ճշգրտում ստանան։ Պետք է առաջին հերթին վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը։ Արցախը հանդիսանում է և՛ հակամարտության կողմ, և՛ բանակցությունների կողմ։ Այսիքն, պետք է վերականգնվի այս ձևաչափը։ Այդ երկխոսությունը պետք է լինի հավասարը հավասարնի հետ»։  

Պրահայում Ադրբեջանը դրական պատասխան չի տվել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման Հայաստանի առաջարկին։ Այս մասին գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո։

Դրանում նա կրկին հաստատել է իր առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ առաջարկը առաջին անգամ հնչեցվեց ի պատասխան այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջի և դրա շուրջ շահարկումներին։ Հայաստանի վարչապետը միանգամից մի քանի ուղղություն առանձնացրեց, որով հնարավոր է կազմակերպել երթևեկություն, բայց Պրահայում Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել։ 

Այն, որ անհամաձայնությունը հենց «Զանգեզուրի միջանցք» կոչվածի շուրջ է, անուղղակիորեն  հաստատվում է՝ թվիթերի միկրոբլոգում հենց վարչապետի գրառման միջոցով։ Փաշինյանը գրել է․  

«Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը»։  

Պրահայի հանդիպումից հետո Չեխիայի մայրաքաղաքից անգամ ժամկետներ են արդեն հնչել։ Ճիշտ է, դրա մասին շտապել է խոսել Ադրբեջանի նախագահը։ Նա չի բացառել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2022 թվականի ավարտը։

Ըստ Պրահայի հանդիպման արդյունքի՝ մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն։ Ադրբեջանական կողմը առաջարկել է, որ դրանից հետո աշխատանքային խմբերը նախապատրաստեն խաղաղության պայմանագրի տեքստը։ 

Այս հարցում պաշտոնական Երևանը դեռ լռում է։ Ռուսաստանյա՞ն, թե բրյուսելյա՞ն հարթակը Հարավային Կովկասին կբերի խաղաղություն՝ առայժմ հարց է։ Մոսկվան այս դեպքում հայտնվել է կողքից դիտողի կարգավիճակում, բայց գնահատական այնտեղից Պրահայում հանդիպումների առիթով արդեն հնչել են։ 

«ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրենք հասկանում են, որ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խուսանավելու որոշակի տարրեր։ Բայց Մոսկվայից հստակ ասում են՝ դեմ են աշխարհաքաղաքական «խաղերին», որոնք տանում են, ըստ իրենց՝ իրավիճակի վտանգավոր ձախողման։ Ռուսական կողմը, ըստ դիվանագետի՝ պատրաստ է աջակցել այն քայլերին, որոնք կհանգեցնենք շոշափելի արդյունքի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Արևմուտքի մոտեցումները Զախարովայի ընկալումներով՝ հավասարակշռված չեն»։

Թերևս բանակցայի հարթակների հավասարակշռությունը պահելու համար, Պրահայի հանդիպումներից հետո Փաշինյանն ու Ալիևը ուղևորվել են Սանկտ Պետերբուրգ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նրանք մասնակցելու են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Back to top button