ԿարևորՔաղաքական

ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ՄԱԿ անդամ երկրներին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, ասված է Արցախի Հանրապետության ԱԺ տարածած հայտարարության մեջ։

Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արցախի Հանրապետության ԱԺ տարածած հայտարարությունը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի ՌԴ-ին վերամիավորման մասին։

Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն  ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում:

Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները»,- ասված է հայտարարության մեջ:

Back to top button