ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի լայնամասշտաբ հանցագործությունների մասին փաստերը պետք է դրվեն բանակցային սեղանին․ Հայաստանի ՄԻՊ

Հայաստանի ՄԻՊ գրասենյակը առանձնազրույցներ է ունեցել հոկտեմբերի 4-ի երեկոյան Ադրբեջանից հայրենիք վերադարձած հայ զինծառայողների հետ։ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն արձանագրում է՝ Ադրբեջանից վերադարձած բոլոր զինծառայողներն անխտիր պատմել են իրենց նկատմամբ խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին, այդ թվում՝ բուժաշխատողների կողմից։ Պաշտպանը տեղեկացնում է, որ հայրենիք վերադարձած տղաներն այս պահին  հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական բուժում են ստանում։

«Տղաների մի մասը հենց զինվորական հոսպիտալից էլ վերադարձել են հայրենիք, այսինքն՝ բուժօգնություն են ստացել այնտեղ։ Անգամ զինվորական հոսպիտալում գտնվելու ժամանակ ռազմագերիների նկատմամբ շատ վատ վերաբերմունք է եղել, օրինակ՝ առանց ցավազրկման միջամտություններ կատարելը այն դեպքում, երբ բժշկական պրոտոկոլով պարտադիր է նման դեպքերում ցավազրկումը։ Բացի դրանից նաև հոգեբանական ճնշումների դեպքեր են եղել»,– մանրամասնում է Քրիստինե Գրիգորյանը։

Օմբուդսմենի գրասենյակը զինծառայողների հետ զրույցների արդյունքները կամփոփի առանձին զեկույցով։ Զինծառայողներին և նրանց հարազատներին կրկնակի թիրախավորման չենթարկելու համար զեկույցը փակ կլինի։ Քրիստինե Գրիգորյանը նշում է, որ Ադրբեջանում պահվող մյուս հայ ռազմագերիների վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար նույնիսկ Ադրբեջանի ՄԻՊ–ին է դիմել, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմել է նաև Հարավային Կովկասի գծով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Վերջինս օրեր առաջ թվիթերում գրել էր, որ ադրբեջանական կողմը իրեն է ուղարկել հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի զինվորականների նկատմամբ բռնություն պատկերող տեսանյութեր։

«Ես ուղղակի դիմել եմ պարոն Կլաարին և խնդրել ինձ, որպես Մարդու իրավունքների պաշտպանի, տրամադրել այն տեսանյութերը, որոնք, իր կարծիքով, կարող են առերևույթ խոսել հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական զինվորների կամ նրանց մարմինների խոշտանգումների վերաբերյալ և նաև իմ հանձնառությունն եմ հայտնել դրանք ուսումնասիրելու։ Պարոն Կլաարը ինձ պատասխանել է, որ անպայման կուղարկի, բայց մինչ այսօր ես այդ պատասխանը չեմ ստացել»,– ասում է մարդու իրավունքների պաշտպանը։  

Ադրբեջանցի զինծառայողների կողմից մարդու իրավունքների խախտումները պաշտպանի գրասենյակը ամփոփել ու ներկայացրել է 2 զեկույցում։ Դրանք ունեն ինչպես հրապարակման ենթակա, այնպես էլ փակ հատված, որում մանրամասն ներկայացվում են մարդու իրավունքների խախտումները, խոշտանգումների ու անդամահատումների դեպքերը։ Զեկույցում առանձին, մանրամասն ներկայացվում են նաև քաղաքացիական բնակչության թիրախավորման և իրավունքների խախտումների դեպքերը։

«Թե՛ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, թե՛ հետագա բոլոր հայտարարությունների ժամանակ ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենք սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ թիրախավորել են ռազմական ենթակառուցվածքները։ Նախ՝ այն մասշտաբայնությունը, որով թիրախավորվում էին քաղաքացիական ենթակառուցվածքները, համայնքները, սրան հակասում է, և բացի այդ, եթե մի պահ ենթադրենք, որ իրոք թիրախավորվել են ռազմական օբեկտները, ստացվում է, որ Ադրբեջանն ընդունում է, որ ինքը հարված է իրականացրել այլ պետության տարածքում գտնվող ռազմական օբեկտի նկատմամբ։ Իսկ սա ինչ է, եթե ոչ տարածքային ամբողջականության խախտում և ինչ է, եթե ոչ ագրեսիվ պատերազմ»։

ՄԻՊ–ն արձանագրում է, որ սեպտեմբերի 13-ից հետո գրասենյակը 4 տասնյակից ավելի դիմում է ստացել անհետ կորած զինծառայողների վերաբերյալ։ Քրիստինե Գրիգորյանը հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը հաստատել է միայն 17 զինծառայողի՝ իրենց մոտ գտնվելու փաստը։ Ասում է, որ անհետ կորածների մասին թվային տվյալները ամբողջական չեն, քանի դեռ չի ավարտվել ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը։

«Մեր փակ զեկույցում մենք անդրադարձել ենք մի քանի դեպքի, երբ մենք արձանագրել ենք, որ մեր զինծառայողը վիրավորում է ստացել և այդ վիրավորումը մահացու չէր, իսկ ադրբեջանական կողմը ցույց էր տալիս, որ իրենց բուժգնություն են ցույց տալիս այդ տղային, բայց երբ մենք ստացանք այդ նույն զինծառայողի մարմինը, դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ զինծառայողը մահացել է ներքին արնահոսությունից։ Այս դեպքը ևս խոշտանգման տեսակ է, երբ ռազմագերուն պատշաճ բժշկական օգնություն չի տրամադրվում»։

Քրիստինե Գրիգորյանը վստահեցնում է, որ ադրբեջանցիների ձեռագիրը 2020թ 44–օրյա պատերազմից հետո չի փոփոխվել։ Նույնն են նաև տեղեկատվական պատերազմի «զենքերը»։

«Հենց ամսի 13-ին ռազմական հարձակման օրը ադրբեջանական խորհրդարանի իշխանական պատգամավորներից մեկը կոնկրետ հայկական պետությունը վերացնելու, հայատյացության վերաբերյալ հրապարակային կոչեր էր անում։ Այս ամենը ևս տեղ է գտել մեր զեկույցում»,– ամփոփում է օմբուդսմենը։

Քրիստինե Գրիգորյանը գտնում է, որ Ադրբեջանի իրագործած բարբարոսությունները և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները փաստեր են, որոնք պետք է դրվեն խաղաղության շուրջ ընթացող բանակցությունների սեղանին։  

Back to top button