Երաժշտական եռանկյունի

Փիթեր Փահլևանյան՝ Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության հիմնադիր․ «Երաժշտական եռանկյունի»

1998 թ. 25 տարեկան երիտասարդ Փիթեր Փահլևանյանը որոշում է նախաձեռնել հայկական երաժշտության մրցանակաբաշխություն Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում:

Մի նախաձեռնություն, որն այդ տարիներին ամենևին միանշանակ չընկալվեց հայ համայնքում՝ նախ կազմակերպչի երիտասարդ տարիքը, երկրորդը՝ նման նախաձեռնությունների բացակայությունը և փորձի պակասը:

«Չնայած ես շատ երիտասարդ էի, բայց արդեն շարունակում էի հայրիկիս բիզնեսը՝ «ՊԵԿՈ» ձայնագրման և արտադրության ստուդիայի գործը, որը մինչ օրս շարունակվում է: Ընդհանուր առմամբ մենք հանդիսացել ենք 450 ալբոմների պրոդյուսերներ, և սրան գումարած իմ համառությունը և հավատը համոզեցին ո՜չ միայն ինձ, այլ նաև շատ և շատ երաժիշտների՝ միանալ իմ նախաձեռնությանը և կայացնել Ամերիկայի հայկական երաժշտական մրցանակաբաշխության երևույթը: Պատկերացրեք, 2023 թ. մենք նշելու ենք մեր մրցանակաբաշխության 25-ամյակը Երևանում՝ շատ հանդիսավոր կերպով»:

Տարիների ընթացքում մրցանակաբաշխությանը մասնակցել են և՜ հայտնի, և՜ անհայտ երաժիշտներ, որոնց անուններն այսօր քաջ հայտնի են ո՜չ միայն Հայաստանում և Սփյուռքում, այլ նաև աշխարհում: Մրցանակաբաշխությանը մասնակցել են Սերժ Թանկյանը, Արտո Թունջ-Բոյաջյանը, թմբկահար Ջակո Բառմենը, Հայաստանից ջազ, ռոք, ֆոլկ և էստրադային ոլորտների գրեթե բոլոր հայտնի անունները՝ Տաթևիկ Հովհաննիսյանից մինչև Վահան Արծրունի:

Մրցանակաբաշխությունը այնպիսի համբավ է ձեռք բերել 2000-ականներին, որ համերգային ծրագրին իրենց մասնակցությունն էին բերում նաև ամերիկյան երաժիշտները: Այդպիսով ստեղծվում էր մի հարթակ, որը միավորում էր Հայաստանի, Սփյուռքի և Միացյալ նահանգների երաժիշտներին: Այդ առումով բացառիկ երևույթ էր մնացած բոլոր նմանատիպ միջոցառումների շարքում:

Փիթեր Փահլևանյանը շարունակում է իր պրոդյուսերական գործունեությունը ֆիլմարտադրության ոլորտում, նկարահանում է Արցախյան թեմաներով վավերագրական ֆիլմաշար, որը միայն վերջին մեկուկես տարվա ընթացքում մասնակցել է 130-ից ավել միջազգային մրցույթ-փառատոների և մեծ ճանաչում բերել ոչ միայն իր ստեղծագործական կազմին, այլ նաև հնչեցրել է արցախահայության խնդիրները այդ բոլոր կինոհարթակներում:

Մեր զրույցի ընթացքում հնչում են մրցանակաբաշխության տարբեր տարիների մասնակից երաժիշտների կատարումները՝ Տաթևիկ Հովհաննիսյան և Վահագն Հայրապետյան, Մայլքլ Բրուքս, Արտո Թունջ- Բոյաջյան, Ջակոփ Արմեն, դուդուկահարուհի Արմինե Սիմոնյան և Վահան Արծրունի:

Back to top button