Մոռացված ֆիլմերի ստվերները

Ցանկություն,որ իրականացավ մեկ երեկոյի ընթացքում. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

«Վահրամ Փափազյան» փաստավավերագրական ֆիլմը նկարահանվեց կինոլրագրող Ռոբերտ Մաթոսյանի ջանքերով։ Դրանից տարիներ անց մոռացության մատնված ֆիլմը ոչնչացումից փրկվեց ռեժիսոր Գուրգեն Գադաչիկի շնորհիվ, բայց մեկ է, այն այդպես էլ անծանոթ մնաց կինոսեր հանդիսատեսին։

«Վահրամ Փափազյան» փաստավավերագրական ֆիլմը նկարահանվեց անցյալ դարի 80-ականների առաջին կեսին, սակայն այսօր ֆիլմի գոյության մասին գիտեն միայն մասնագիտական շրջանակում:

Իսկ ամեն ինչ սկսվեց շատ պատահական: 1966 թվականին կինոլրագորղ Ռոբերտ Մաթոսյանը դասերի ազատ ժամերին աշխատում էր Երևանի պետական համալսարանի կինո-ֆոտո լաբորատորիայում: Այդ տարիներին լաբորատորիան  ղեկավարում էր հեռուստատեսության կինոօպերատոր Գալուստ Հալաջյանը։ Նրա նախաձեռնությամբ համալսարանի Սև շենքում նախատեսված էր հանդիպում Վահրամ Փափազյանի հետ: Գալուստ Հալաջյանի 16 միլիմետրանոց «Կոդակ» տեսախցիկով նկարահանված այդ հանդիպման սցենարը վստահվել էր այսօր արդեն փորձառու լրագրող, «Կինո+» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանին: Տարիներ են անցել, բայց այդ անմոռանալի հանդիպումից  Ռոբերտ Մաթոսյանը ոչինչ չի մոռացել, ամեն բան հիշում է դետալ առ դետալ։

Ռոբերտ Մաթոսյան

«Միշտ մտածել եմ Վահրամ Փափազյանի մասին ֆիլմ նկարահանել, բայց համարձակությունս չէր հերիքում։ Այդ երեկոն և իմ նկարահանումն ինձ կարծես ուժ տվեցին: Երեկոյի ավարտին մոտեցա վարպետին և ասացի, որ ուզում եմ իր մասին ֆիլմ նակարահանել, նա զարմացած նայեց ու հարցրեց, թե կարող եմ։ Երիտասարդ էի, համարձակությունս տեղն էր և վարպետի հարցին ես դրական պատասխան տվեցի»,- ասում է Ռոբերտ Մաթոսյանը։

Փափազյանի մասին պատմող վավերագրական ֆիլմի կինոսցենարի մասին Ռոբերտ Մաթոսյանը մտորում էր մի քանի տարի: Համալսարանի Սև շենքում հանդիպումից գրեթե երկու տասնամյակ անց Ռոբերտ Մաթոսյանը հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիային ներկայացրեց կինոսցենար՝ գրված Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» գրքի հիման վրա:

«Այդ տասնամյակների ընթացքում ես չէի համարձակվում անդրադառնալ իր կերպարին, որովհետև այնպիսի փափազյանագետներ կային, ինչպիսիք էին Ռուբեն Զարյանը, Գևորգ Աբաջյանը, Գառնիկ Ստեփանյանը, Լևոն Ներսիսյանը  և այլք։ Բայց ես երկար մտածելուց հետո ի վերջո որոշեցի օգտվել Վահրամ Փափազյանի երկու հատորանոց «Հետադարձ հայացք» գրքից և ստեղծել այնպիսի տպավորություն, որ ոչ թե ես եմ սցենարը գրում, այլ ինքը՝ Փափազյանը»,- Ռոբերտ Մաթոսյանը տարիներ անց, իրեն բնորոշ համեստությամբ, այսպես է հիշում ֆիլմի ստեղծման պատմությունը։ 

1983 թվականի գարնանը նկարահանող խումբը կինոօպերոտոր, ռեժիսոր Կարեն Մեսյանի հետ մեկնեց Մոսկվա։ Գործուղման ծրագրում էր նկարահանել Մոսկվայի հայտնի թատրոնների ներկայացումներում Վահրամ Փափազյանի տարբեր տարիների խաղընկերներին: Առաջին նկարահանումը նախատեսված էր Մոսկվայի Փոքր թատրոնում շեքսպիրյան անկրկնելի Դեզդեմոնայի՝ Ելենա Գոգոլևայի հետ: Փափազյան-Օթելլո, Դեզդեմոնա-Գոգոլևա դերասանական այդ զույգը վարպետ խաղով բազմաթիվ անգամ գերել ու հուզել էր երկրպագուներին: Տարիներ անց Ելենա Գոգոլևան այսպես է վերհիշում Վահրամ Փափազյան-Օթելլոյի անզուգական խաղը:

Ելենա Գոգոլևա

«Սիրել այնպես, ինչպես Փափազյան-Օթելլոն էր սիրում ինձ՝ իր Դեզդեմոնային, հավատացեք ոչ մի խաղընկեր այլևս չի սիրել։ Երբ առաջին գործողության ժամանակ նա ինձ ծածկում էր իր թիկնոցով և սենատին ուղղված իր մենախոսությունն արտասանում, նրա ամեն մի շարժման մեջ ես անսահման սեր էի զգում իմ կերտած կերպարի հանդեպ։ Ես կասեի անսովոր զգացմունքային, նուրբ զգացմունքային էր նա»,- նշում է Ելենա Գոգոլևան:

1984 թվականի աշնանը «Վահրամ Փափազյան» փաստավավերագրական ֆիլմը պատրաստ էր։ Թատերական գործիչների տան դահլիճը հավաքել էր իր հանդիսատեսին: Ռոբերտ Մաթոսյանը շատ լավ հիշում է այդ երեկոն: Ֆիլմի պրեմիերայից հետո այն մի քանի անգամ ցուցադրվեց հայկական հեռուստատեսությամբ, այնուհետև Մոսկվայի կենտրոնականի եթերում, որին հաջորդեց երկար լռությունը։

«Վահրամ Փափազյան» փաստավավերագրական ֆիլմը նկարահանվել է Մոսկվայի Կենտրոնական հեռուստատեսության պատվերով։ Իսկ դա նշանակում էր, որ էկրան բարձրանալուց հետո այն պետք է ցուցադրվեր ամբողջ Խորհրդային Միության տարածքում: Եվ այդպես էլ եղավ: Կինոնկարը ունեցավ մեծ արձագանք և՛ մամուլում, և՛ հասարակության շրջանում: Ես համողված եմ, որ եթե այն այսօր էլ ցուցադրվի, ապա կարժանանա նույն արձագանքին»,- ասում է Ռոբերտ Մաթոսյանը։

Վահրամ Փափազյանը մի հսկա ժայռ էր, որ ապրեց, ստեղծագործեց և այնպիսի հրաշալի դերակատարումներ, գրականություն և հիշողություններ թողեց, որոնք ապահովում են նրա պատվավոր տեղը հայ և համաշխարհային մշակույթի պատմության մեջ:

Նրա մասին պատմող «Վահրամ Փափազյան» փաստավավերագրական ֆիլմը Երևան ստուդիայի լուծարումից հետո պահպանվում է Հանրային հեռուստատեսության արխիվում՝  հույսով, որ անպայման կվերադառնա կապույտ էկրան։

Back to top button