ԿարևորՔաղաքական

Ստեփանակերտը երբեք չի խուսափել Բաքվի հետ երկխոսությունից․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերին հանրային քննարկումների կենտրոնում է հայտնվել այն թեզը, որ ղարաբաղյան հարցի կագավորման ու Արցախի հետագա կարգավիճակի շուրջ բանակցային սեղանին պետք է նստեն Ստեփանակերտն ու Բաքուն։  Այս քննարկումները ակտիվացան հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից հետո։

Որքանո՞վ է Ստեփանակերտի համար ընդունելի և, առավելևս՝ իրագործելի Բաքվի հետ ուղիղ բանակցելու ձևաչափը ։ Այս հարցերի վերաբերյալ իմ գործընկեր Կարեն Ղազարյանը մեկնաբանություն է խնդրել Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանից։

Արցախի հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է վերջերս լայն քննարկման առարկա դարձած այն տեսակետին, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ու Արցախի հետագա ճագատագիրը որոշելու հարցում բանակցությունների սեղանին պետք է նստեն Ստեփանակերտն ու Բաքուն։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Բաբայանը նախ հիշեցրել է, որ Ադրբեջանը նախկինում մշտապես խուսափել է Արցախի հետ ուղիղ երկխոսությունից։ Նա նաև շեշտել է, որ ի տարբերություն Բաքվի, Ստեփանակերտը միշտ կողմ է եղել երկխոսությունը։

«Դժվար թե շատ շուտ իր դիրքորոշումը փոխի, հատկապես, եթե այդ երկխոսությունը պետք է լինի հավասարը հավասարի հետ՝ հասկանալի է։ Այսինքն՝ երբ մենք անդրադառնում ենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը և այն, որ դա  քննարկվում է արդեն տարբեր հարթակներում, այստեղ կան և դրական միտումներ, և կա մի շարք հարցեր ճշտելու անհրաժեշտություն»։

Որո՞նք են այդ հարցերը։ Դավիթ Բաբայանը նախևառաջ կարևորում է արցախյան հակամարտության կարգավորման առաջին տարիներին միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ կողմից հաստատված բանակցային ձևաչափը։

«Նախեւառաջ՝ Ստեփանակերտը երբեք չի խուսափել Բաքվի հետ երկխոսությունից, բայց մենք կարևորել ենք հետևյալը՝ պետք է առաջին հերթին վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը, իսկ այդ ձեւաչափն ընդունել է ԵԱՀԿ-ի կողմից՝ 1994 թվականի Լիսաբոնյան հիմնադիր գագաթնաժողովի ժամանակ, և հարակից մի շարք փաստաթղթեր՝ 1995-96 թթ-ին ընդունված։ Այսինքն, ըստ այդ տրամաբանության եւ ԵԱՀԿ-ի ընթացակարգի՝ սա միջազգայնացված մոտեցում է՝ Արցախը հանդիսանում է և՛ հակամարտության կողմ, և՛ բանակցությունների կողմ»։

Բաբայանը կարծում է, որ միանգամայն հնարավոր է հակամարտության կարգավորման տարբեր ձևաչափերը փոխլրացնել միմյանցով և վերականգնել բանակցային գործընթացը։

«Եթե կա այդ ձեւաչափը, պետք է այն վերականգնել և այդ գործընթացի ներքո բանակցությունները շարունակել։ Իհարկե, կլինեն դրանք ուղիղ Ստեփանակերտ-Բաքու, կամ ՝ ցանկալի է նաեւ այլ մասնակիցների ներգրավմամբ՝ Հայաստանի Հանրապետություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, դա ցույց կտա ժամանակը։ Բայց այդ ամենը ցանկալի է, որ լինի հենց միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափի հիման վրա»։

Հիշեցնենք, որ Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության թեման քաղաքական օրակարգ մտավ հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից հետո։ Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի մասին, Հայաստանի վաչապետն ընդգծել էր, որ արցախյան հարցը դրանում ներառված չի լինելու և այն պետք է առանձնացնել։

Վարչապետի այս հայտարարությունից հետո Արցախի քաղաքական շրջանակների արձագանքը երկար սպասեցնել չտվեց։

Նախ՝ Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններից հետո ԱԽ նիստ  հրավիրեց։ Քննարելով Արցախի շուրջ վերջին զարգացումներն ու գոյություն ունեցող մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անվտանգության խորհուրդը երկրի ապագայի վերաբերյալ ծավալուն հայտարարություն ընդունեց։ Մեջբերում հայտարարությունից․

«Արցախի Հանրապետության դիրքորոշումը միշտ հստակ է եղել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: 

Համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով:

Անհերքելի է, որ Արցախի ապագայի շահառուն ողջ  հայ ժողովուրդն  է, և Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ»։

Արցախում քաղաքական ակտիվությունը չսահմանափակվեց միայն խորհրդարանական ուժերի ու Անվտանգության խորհրդի հայտարարություններով ու քննարկումներով։

Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խնդիրները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Ստեփանակերտում մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երկիրն օրհասական դրությունից դուրս բերելու հարցում կարևոր է գնալ իրավական ճանապարհով․

«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Դրան մենք պետք է առաջին հերթին հասնենք իրավական ճանապարհով, որովհետև Արցախն ունեցել է իր անկախության հռչակման բոլոր իրավունքները՝ օրենքներով ու պատմական փաստերով: Սովետական Միությունից դուրս ենք եկել, հանրաքվեի միջոցով, հռչակել ենք անկախ պետություն, բայց դրանից հետո որևէ քայլ չենք կատարել՝  այն իրացնելու  իրավական դաշտում: Որևիցե ժամանակ Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի մաս և  չի կարող լինել: Մենք պետք է մտնենք միջազգային դատարան, և կարողանանք մեր անկախության իրավունքը ամրագրել»։

Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների շարքում, թերևս առանձնացավ

նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը  Ռուբեն Վարդանյանին՝ ստանձնել  պետական նախարարի պաշտոնը։ Իր այս առաջարկի մասին Արցախի նախագահը հանրությանը տեղեկացել էր ֆեյսբուքյան գրառումով, նշելով, որ պատրաստ է Վարդանյանին  որոշումներ կայացնելու և գործելու լիազորություններ տրամադրել։

«Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»։

Արցախի նախագահի այս առաջարկը հանրային տարբեր արձագանք ստացավ, այդ թվում՝  որ Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոն է տրամադրվում  նրան Բաքվի հետ բանակցող դարձնելու նպատակով։

Մեկնաբանելով շրջանառվող այդ վակածը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում կածիք հայտնեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում անհատները կարող են ունենալ որոշ դերակատարություն, բայց արցախյան կարգավորումը նախևառաջ  աշխարհաքաղաքական խնդիր է։ 

Back to top button