ԿարևորՔաղաքական

Պրահան նոր ձևաչափի հիմք է դնում, բայց Սանկտ-Պետերբուրգը սպասում է Փաշինյանին

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակում արդեն տեղի են ունեցել և դեռ շարունակվում են Հայաստանի համար առանցքային հանդիպումները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպումներ ունի  երեք երկրների ղեկավարների հետ։ Պրահայում են Ֆրանսիայի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները և ԵՄ խորհրդի նախագահը։ Հանդիպումների նախաձեռնությունը  Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնինն է։ Հայաստանի վարչապետը Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ։

ԵԱՀԿ ՄԽ-ից անցում նոր ձևաչափի․ 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահան նոր գործընթացի սկիզբ է դնում։ Միջազգային փաստաթղթերում դեռևս հստակ ձևակերպում չկա, բայց այն, ինչ տեղի է ունենում հենց դրա վկայությունն է։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է հաստատում․

«Այո, ճիշտ եք հասկանում։ Ֆրանսիայի նախագահը ԵՄ նախագահը և երկու երկրների ղեկավարները։ Սա լիովին նոր ձևաչափ է, որից մենք շատ ավելի մեծ սպասումներ ունենք , եթե, օրինակ, խոսում ենք ՄԽ համանախագահների, ՄԽ գործունեության մասին, այսօր ես կարող եմ արձանագրել, որ այսօր մենք թերևս ունենք ավելի բարձր ֆորմատի վիճակ։ Եթե այն ժամանակ համանախագահների մակարդակով էին, այսօր Ռուսաստանը նախագահի մակարդակով ներգրավված է այս պրոցեսի մեջ, Ֆրանսիան նախագահի մակարդակով ներգրավված է, ԱՄՆ-ն պետքարտուղարի մակարդակով է ներառված։

Մանդատ չունեն։

Եթե բանակցությունները և այդ ֆորմատները տեղի են ունենում, այնուամենայնիվ, կողմերը համաձայն են։ Եթե դա կբերի ինչ-որ փաստաթղթի, դա նշանակում է, որ այնուամենայնիվ, ավելի բարձր մակարդակի մանդատ է»։ 

Նոր ձևաչափի խմորումները, ըստ Ալեն Սիմոնյանի, դեռևս թույլ չեն տալիս, որ Պրահայում ստորագրման ենթակա ինչ-որ փաստաթուղթ քննարկվի։ Իսկ այն, որ Ադրբեջանը Հայաստանին նոր առաջարկներ է ներկայացրել, հաստատվեց նախօրեին խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ փաստաթուղթը դեռ ուսումնասիրվում է, կան ընդունելի և անընդունելի կետեր, իսկ առաջարկները չեն արտացոլում ամբողջական օրակարգը։ Վերջնական պատասխան պաշտոնական Երևանը դեռ չունի, բայց կան «կարմիր գծեր», որոնք բանակցություններում չեն խախտվի՝ վստահեցնում է ԱԺ-ի նախագահը։

«Մշտապես քննարկվում է, որ Ադրբեջանն ինչ-որ զիջումների դիմաց է համաձայնել Հայաստանի հետ պայմանագիր կնքել։ Տարբեր փաստաթղթեր են վկայակոչվում, տաբեր սկզբունքներ են վկայակոչվում։ Իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, վարչապետը, բոլորը ասում են հետևյալը՝ ՀՀ 29 800 քառակուսին և ինքնիշխանությունը անքննելի են։ Դա մեզ համար «կարմիր գիծ» է։ Ինչպես օրինակ այն ճանապարհների մասին խոսակցությունը, որը փորձում էր ներկայացվել որպես «միջանցք», նույնպես մեզ համար անքննելի «կարմիր գիծ» է։ ՀՀ-ի համար կարևոր պայման է, որ մինչև դա («Խաղաղության պայմանագրի» կնքումը-խմբ․) ՀՀ տարածքից դուրս գան այն զորքերը, որ հայտնվել են»։

Պրահայից առաջ վերջին 10 օրվա ընթացքում ակտիվ հանդիպումներ էին՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ և Միրզոյան-Բայրամով երկկողմ ձևաչափով, նաև ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպեց Հայաստանի ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հետ, Բլինքեն-Բայրամով-Միրզոյան եռակողմ հեռախոսազանգը նախորդեց Պրահայի հանդիպմանը: Սա դիվանագիտական նոր հնարավորություններ է տվել Հայաստանին՝  Պրահա մեկնելուց ժամեր առաջ ԱԺ-ում ասաց վարչապետ Փաշինյանը.

«Այդ խոսակցությունները պարզ և հեշտ խոսակցություններ չեն, բայց պետք է ասեմ, որ մեր վերլուծությամբ և իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումները և դիվանագիտական աշխատանքը առաջ գնալու որոշակի տարածք է բացել»։

Փաշինյանը երկու շեշտադրում է անում․ կարծում է՝ կա հնարավորություն, որ խոսակցություն սկսվի ԼՂ-ի և Ադրբեջանի միջև։ Երկրորդ ուղղությունը՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման հնարավորությունն է։

Մինչդեռ 20 օր առաջ՝ Հայաստանի տարածքներ ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո, նույն ԱԺ-ում ելույթի ժամանակ, Փաշինյանը քիչ հավանական էր համարում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքումը։ Ինչ փոխվեց մի քանի օրում, որ փոխվեցին նաև պաշտոնյաների ուղերձները։  Ուղիղ պատասխան այս առնչությամբ Ալեն Սիմոնյանը չի տալիս։

«Հաշվի առնելով, թե ով է հակառակ կողմը «խաղաղության պայմանագրի», մինչև այդ խաղաղության պայմանագիրը չկնքվի, ես անձամբ որևէ հույս չեմ ունենալու, որովհետև շատ փոքր վստահություն ունեմ մեր հարևանների նկատմամբ, ու դա նորմալ է, որովհետև իրենց գործողությունները ինձ մոտ վստահության բացակայություն են ձևավորել։ Տեսնում ենք ճանապարհ, որով մենք կարող ենք գնալ, բայց կստացվի, թե չի ստացվի՝ չգիտեն։ Նաև տեսնում եք, որ ներգրավված են միջազգային գործընկերները»։

Պրահայում շփումները սկսվեցին երկկողմ հանդիպումներից։ Դատելով տեղից հրապարակվող լուսանկարներից՝ մինչև պաշտոնական հանդիպումները տեղի են ունեցել նաև ոչ պաշտոնական շփումներ։ Լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես են Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման մասնակիցները  շփվում ճեմասրահում. մեկ սեղանի շուրջ նստած զրուցում են Հայաստանի վարչապետը, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ու արտգործնախարարները։ Այս կազմից նման պայմաններում առաջին անգամ են  դեմ առ դեմ հանդիպում Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը։ Դրան նախորդել էին Հայաստանի և Թուրքիայի բանագնացների 4 հանդիպումներն  ու մեկ հեռախոսազանգը՝ փոխադարձ շնորհավորանքներով Քուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ։  

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը առարկայական փուլ մտավ անցած տարեվերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին: Սակայն թե Թուրքիայում, թե Հայաստանում չեն շտապում խոսել որևէ  առաջընթացի մասին։ Փոխարենը՝ շրջանառվում է Թուրքիայի ցանկությունը՝ երկկողմ հանդիպումները երրորդ երկրներից Երևան և Ստամբուլ տեղափոխելու մասին։ Այս առաջարկին Հայաստանից արդեն արձագանքնել են՝ արտգործնախարարությունն ու հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Թուրքիայի կողմից հնչեցված առաջարկը ենթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը տեսնում են կամ ուզում են տեսնել որպես իրապես երկկողմ գործընթաց։ Բայց այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Գործընթացը դեռ շոշափելի արդյունք չի տվել, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող տալ, չի էլ նշանակում, որ հաստատ տալու է»։

Պրահայում սկիզբ դրվող նոր զարգացումներից դուրս մնացող Մոսկվայից նույնպես արձագանք արդեն կա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: Համապարփակ առաջարկները փոխանցել են Երևանին ու Բաքվին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը տարածաշրջան այցեր է կատարել՝ այս հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։  

Զախարովան հավելել է, որ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել Ռուսաստանի դերակատարումը կամ խոսում են Մոսկվայի անգործության մասին, ցանկալին ներկայացնում են որպես իրականություն: Ռուսաստանի աշխատանքը դիվանագետը համարել է պրակտիկ, իսկ մնացածներինը՝ գովազդ։

Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի խիստ զգայուն լինելը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նպատակահարմար չի համարել հրապարակել ընթացող բանակցային գործընթացի մանրամասները։

Back to top button